Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԿՈՒՆՔԸ»՝ ԱՂԱՎՆԱՏԱՆԸ



Ուսուցչի օրվա առթիվ «Ակունք» ազգագրական համույթը ելույթ ունեցավ Աղավնատուն համայնքում

Մեր ժողովրդի համար մշակույթը, հատկապես երգն ու պարը միշտ էլ ունեն կարևոր դեր: Այս առումով հաճելի է, որ հաճախ տարբեր երաժշտական խմբեր, անհատ կատարողներ համերգով հանդես են եկել Բերձորում, Կովսականում: Սակայն այլ է, երբ ճանաչված երգիչներ և համույթներ իրենց արվեստը հրամցնում են հեռավոր, այսպես ասած աշխարհից կտրված գյուղերում: Հոկտեմբերի 6-ին Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի բնակչությանը մոտ մեկ ժամ հաճելի անակնկալ մատուցեց մեր ժողովրդի լավագույն երգի ու պարի ազգագրական համույթներից «ԱԿՈՒՆՔ»-ը: «Ակունք»-ը ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և Մկրտիչ Մկրտչյանի հետ Մարտակերտում իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Երևան վերադառնալիս «Ակունք»-ի երգիչները, չնայած անձրևային եղանակին և ճանապարհի դժվարությանը, համաձայնեցին հասնել Աղավնատուն:

Ճանապարհին զրուցում եմ համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ: Համույթն ստեղծվել է հայ ժողովրդական ու ազգագրական երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի ջանքերով 37 տարի առաջ: Արցախում առաջին անգամ հանդես է եկել 1988 թվականին, այնուհետև համերգներ են տվել զորամասերում՝ 1993, 1998, 1999 թվականներին: Համույթի հիմնադիրներից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Բաղդասարյանը պատմեց, թե ինչպես 1975 թվականից սկսած՝ 3-4 տարիների ընթացքում ինչ ջանքերով ու դժվարությամբ է կայացել խումբը Երևանի Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Այս հարցում իրենց մեծ օգնությունն են ցուցաբերել Հայրիկ Մուրադյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, արվեստի ու մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Այսօր էլ «Ակունք»-ի կատարմամբ շատ բեմերից հնչում են մեր ժողովրդի գոհարները: Աղավնատուն համայնքը գտնվում է Բերձորից 35 կմ հարավ՝ Հակարի գետի ձախափնյա լանջերին: Կազմված է 3 բնակավայրերից՝ Աղավնատուն, Հարար և Խաչգետիկ: Համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համայնքում կա 38 ընտանիք՝ 137 բնակչով, որից 50-ը երեխաներ են: Դպրոցում կա 24 աշակերտ և 9 ուսուցիչ՝ 6 լրակազմ դասարաններով: Առաջին դասարանում սովորում են 2 աշակերտ, 12-րդում՝ 1: Դպրոցում էլ կայացավ համերգը, որին ներկա էր համայնքի գրեթե ողջ բնակչությունը: Ելույթից առաջ Սարգիս Բաղդասարյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ այստեղ համերգ տալը մեծ պատիվ է իրենց համար, քանի որ եկել են ուրախացնելու արյունով ազատագրված հայոց պատմական հողը շենացնողներին՝ նորօրյա հերոսներին:

-Նայում եմ ձեր աչքերին, և հուզմունքը խեղդում է ինձ. այն լուսավոր կետն եք, որ 3 գյուղեր համախմբվել եք այս փոքր դպրոցում, որը, սակայն, մեզ համար ամենամեծ դահլիճն է, այս հատակը՝ ամենամեծ բեմը: Հավատում եմ, որ կգա օրը, և կմեծանա համայնքը, յուրաքանչյուր բնակավայր կունենա իր մեծ դպրոցը: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք. հաղթանակը կլինի կատարյալ, եթե ազատագրված հողում հայը բնակվի, բնակավայրը շենանա, -եզրափակեց խոսքը ճանաչված երգիչը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր-Աղավնատուն

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Բանակ և հասարակություն


17/10/2013