Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ԵՂԲՈՐ ԵՐԱԶԱՆՔԸ



Ինչպես լուսանկարում, այդպես էլ կյանքում հայացքը խոհուն է, բնավորությունը` մեղմ, մտքերը` ծանրակշիռ, հաստատուն: Բառը ծնվում է հոգու խորքից, թվում է` խաղաղված, սակայն իր հետ բերում է նաև անցած օրերի պատերազմական փոթորկուն շունչը: Ծնվում է ազատամարտում զոհված եղբոր հուշերով…

Զրույցը փոխգնդապետի հետ սկսվեց այս լուսանկարի պատմությունից: Աջ կողմում զոհված Ռուբիկ եղբոր որդին է` Գրիգորը, ձախում իր որդիները` Մյասնիկն ու Վիգենը: Եղբոր որդիները` Գրիգորն ու Անդրանիկը, ծառայել են հայոց բանակում` պատվով ու հպարտությամբ: Իր որդիներից Մյասնիկը նույնպես ավարտել է ծառայությունը, իսկ Վիգենը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն ավարտելուց հետո ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այժմ սահմանամերձ զորամասերից մեկում դասակի հրամանատար է` ավագ լեյտենանտի ուսադիրներով:

Գառնիկ և Արև Բաղդասարյանները 7 զավակ են լույս աշխարհ բերել: Վեց եղբայր են, մեկ քույր: Բոլորին էլ իրենց արդար վաստակով պահել-մեծացրել են, տնավորել: Եղբայրներից Ռուբիկն ու Էդիկը դուրս եկան ազատագրական պայքարի, Ռուբիկի զոհվելուց հետո եղբայրը շարունակեց նրա գործը, մարտնչեց հայրենի սահմաններին, հետո ծառայության անցավ նորաստեղծ հայոց բանակում:

Փոխգնդապետ Էդիկ Գառնիկի Բաղդասարյանը ծնվել է 1962 թ., Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո պրոֆտեխուսումնարանում ձեռք է բերել ավտովարորդ-մեքենավարի մասնագիտություն: 1980-82թթ. ծառայել է խորհրդային բանակում: Այնուհետև վերադարձել, անցել է աշխատանքի, ամուսնացել: Ունի Սյուզաննա, Մյասնիկ, Վիգեն անուններով երեխաներ, մեկ թոռնիկ` Լիլիթ: Մինչ Արցախյան ազատագրական շարժումը բացել էր կոոպերատիվ արտադրամաս և, բացի իր ընտանիքից, օգնում էր նաև հարազատներին, նեղության մեջ գտնվող հայրենակիցներին:

Ռուբիկ և Էդիկ եղբայրները Ազատության հրապարակում էին` ամբողջ ժողովրդի հետ: Հետո, երբ սահմաններում սկսվեցին ընդհարումներն ադրբեջանցիների հետ, էլի երկու եղբայր այնտեղ էին: Առաջինը Ռուբիկն էր, որը միշտ փորձում էր արգելել եղբորը, սակայն սահման հասնելուց մեկ օր անց, երբ տեսնում էր եղբայրն իր կողքին է, էլ ոչինչ չէր ասում. բացի կենսաբանական երկվորյակներից, կան նաև հոգով երկվորյակներ: Միայն տուն գալուց հետո «բողոքում էր» ծնողներին, հորդորում, որ արգելեն Էդիկին ռազմադաշտ գալ:

Անդամագրվել էին Երևանի «Նաիրի» ջոկատին, մասնակցել Իջևանի, Երասխի, Վարդենիսի, Նոյեմբերյանի մարտերին:

– 1991 թվականի դեկտեմբերի 21-ին եղբայրս` Ռուբիկը, վիրավորվեց, – վերհիշում է Էդիկը, – դեռ վերքը լրիվ չապաքինված` պատրաստվում էր նորից ռազմադաշտ մեկնել: Երբ «Վիլիսը» շարժվում էր, ես էլ հասցրի տեղավորվել: Մեքենան տեղից չշարժվեց: Ռուբիկն ինձ ասաց, որ իջնեմ, ես չհամաձայնեցի: Տնից դուրս էին եկել ու մեքենային էին մոտենում ծնողներս` Գառնիկ հայրս ու Արև մայրիկս: Նրանք զգացին, որ եղբայրներով էլի համաձայնության չենք գալիս, փորձեցին հետ պահել դեռ վերքը չապաքինված Ռուբիկին: Հայրս դուռը բացելով ինքն էլ նստեց. «Գնացինք, տղե՛րք ջան, ես ձեզնից ինչո՞վ եմ պակաս, ես էլ եմ մշեցու զարմ»: Եվ էստեղ Ռուբիկը ինձ ասաց, որ իջնեմ, տեղ տամ, որ հայրիկն ու ինքը իջնեն: Երբ մենք իջանք, մեքենան շարժվեց: Եղբայրս զոհվեց 1992 թ.-ի հունիսի 12-ին Խաչենի հովտում: Ուղղաթիռի գնդացրորդն էր, ոչնչացրեց թշնամու մի քանի կրակակետ, իսկ հետո, հերթական պտույտի ժամանակ, ուղղաթիռը բոցավառվեց և ընկավ Խաչեն գետի հովտում…

Այժմ Զովունու միջնակարգ դպրոցը կրում է Ռուբիկ Բաղդասարյանի անունը: Ռուբիկի երկու որդիներն էլ` Գրիգորն ու Անդրանիկը, այդ դպրոցում են սովորել ու իրենց որդիներին անվանակոչել Ռուբեն ու Ռուբիկ:

Եղբոր զոհվելուց հետո Էդիկն անդամագրվեց «Հատուկ ջոկատին» և զբաղեցրեց եղբոր տեղը:

1994թ.-ի փետրվարի 2-ից Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրավերով ծառայության անցավ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչությունում` որպես անհայտ կորածների և ռազմագերիների բաժնի աշխատակից:

2006 թվականի ապրիլից նշանակվել է գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ: Սովորել-ավարտել է հայ-ռուսական համալսարանի միջազգային անկախ էկոլոգիայի բաժինը: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Արցախի մայրության երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով, ԵԿՄ հուշամեդալներով: Անձամբ Վ. Սարգսյանից ստացել է «Մարտական գործողությունների մասնակցի (1992-94)» կրծքանշանը:

-Զինվորական դառնալու որոշումը ես չեմ կայացրել, դա եղավ ինքնաբերաբար` Ռուբիկի զոհվելուց հետո… Եվ քանի քանիսը զոհվեցին մեր մարտական ընկերներից: Նրանք ինչ գուրգուրանքով էին վերաբերվում հայոց բանակի առաջին զինվորներին, որքան էին կարևորում բանակի դերն ու նշանակությունը մեր նորանկախ պետության գործում, և ուզում ես ինչ-որ կերպ նրանց երազանքը իրականության վերափոխել:

Երբ զինվորը ծանոթ է լինում իր անցյալին, իր պատմությանը, նրա մեջ արթնանում է դարերով ննջող ոգին, հավատը, որը սնում, ուժ է տալիս. գիտուն զինվորը ամուր պարիսպ է, որի թիկունքին կանգնած են անցյալի ու ներկայի հերոսները: Հերոսամարտի մասնակիցների պատմություններից, ՀՊՊ-ի պարապմունքներից հետո զգում ես, որ փոխվում են, ոգևորվում, իսկ հոգով ամուր զինվորն արդեն ինքն է կարևորում մարտական պատրաստությունը:

Ամեն նոր երդման ու զորացրման ժամանակ փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանն իր խոսքն այսպես է սկսում.

-Պատմությունը ձեզ բացառիկ բախտ ու ճակատագիր է շնորհել: Ձեր երակներում Անդրանիկի, Նժդեհի, Սպարապետի, հայոց նորօրյա հերոսների արյունն է հոսում: Ձեր սերնդին է վերապահված այն առաքելությունը, որը պետք է իրագործվեր մեր այն տղաների միտք ու գաղափարով, ովքեր այսօր մեզ հետ չեն կամ էլ վիրավոր են, հաշմանդամ: Հիշեք` Դուք զինվոր եք ողջ կյանքի համար…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ճակատագրեր


17/10/2013