Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐՎԵԺ



(գտնվում է Կոտայքի շրջանում)

Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած՝ չորանում են։ Երկու գյուղերի ծերերը խորհուրդ են անում մի ճար գտնելու համար։ Որոշում են լայնացնել մոտակա առվի հունը։ Մի երկու օրում հունը բավականին լայնացնում են։ Ջուրը թեեւ ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Երկու գյուղի բնակիչներն սկսում են վիճել, թե ով առաջ պետք է ջրի։ Ծերերից մեկն առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի մոտ։ Երկու գյուղից էլ երիտասարդները վազում են դեպի իրենց նախիրները։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով է լինելու առաջինը։ Հանկարծ երեւում է հարեւան գյուղից մի երիտասարդ՝ ոչխարն ուսին։ Ջրվեժցիների սիրտն ահ է ընկնում։ Նրանք սկսում են մտածել, որ երաշտը պիտի տանի իրենց արտերը, գյուղը սովահար դառնա։ Այդ միջոցին հանկարծ ջրվեժցի մի երիտասարդ գրպանից հանում է դանակը եւ մորթում է ինքն իրեն։ Վեճը լուծվում է ջրվեժցիների օգտին, ջրի հերթը, ըստ պայմանի, նրանց է հասնում։ Այն տեղում, ուր ընկնում է անձնազոհ երիտասարդը, խաչարձան են կանգնեցնում, որին երաշտ ժամանակ ուխտի են գնում։ Գյուղի անունն էլ դնում են Ջրվեճ, որը բերնից բերան անցնելով դառնում է Ջրվեժ։

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Պատմության էջերից


17/10/2013