ՁՅՈՒՆԱՊԱՏ-ԾԱՂԿԱԾ ՏԱՆՁԵՆԻՆ
Մանկությանս լուսավոր ու տաքուկ սենյակների շարքում մի սենյակ կար, որ հաճախ է այցելում ինձ իմ երազներում և հիշողություններում: Այդ սենյակը ներկված չէր մեր տան մյուս սենյակների պես, ոչ էլ Աստծո պարգևած լույսն էր մտնում այնտեղ շռայլորեն: Այդ սենյակի պատերին փակցված էին խորհրդային տարիների թերթեր, իսկ հատակին վազվզում էին մկները:
Այդ օրը մկներն անհանգիստ էին: Արդեն սովորական դարձած կրակոցները վաղ սկսվեցին: Մենք ապաստարանում էինք: Թերթերով պատված սենյակը մեր ապաստարանն էր: Պապս ասում էր, որ այստեղ ապահով է: Մի քանի ամիս է, ինչ մենք թողել ենք մեր լուսավոր տունը՝գունավոր սենյակներով և տաքուկ անկողիններով և ապաստանել ենք այստեղ: Աստծո առավոտն ապաստարանում բացվում էր տատիս աղոթքներով և հին ռադիոընդունիչի խզված ձայնով… Եթերում Ամերիկայի ձայնն է: Լուսամուտ չունեցող կացարանի մթությունից հնարավոր չէր գուշակել՝ լուսաբա՞ց է արդեն, թե՞ տագնապալի գիշերն է թագավորում: Կրակոցները գնալով սաստկանում էին: Տատս անհանգիստ էր պապիս բացակայությունից. «Ժամանակ գտա՞վ անասունների մոտ գնալու, ու՞ր է տեսնես հիմա, ինչու՞ չի գալիս»: Այս մտորումների մեջ էր տատս, երբ ուժգին մի ձայն խլացրեց ամեն ինչ: Նկուղի դուռը ուժգին բացվեց: Ներսը լցվեց հողով, վառոդի հոտով, և նկուղը պատվեց մշուշով: Հասկացանք, որ արկը մեր տան առաջ է պայթել: Քիչ անց պապս սարսափած ներս մտավ: Նրա դեմքին արյան բծեր կային: Մեզ բոլորիս ողջ և առողջ տեսնելով՝ ասաց, որ շուտ դուրս գանք և վազենք շենքի ետևի կողմը: Երբ ամեն ինչ հանդարտվեց, բոլորս անհամբեր էինք՝ իմանալու, թե ինչ էր կատարվել: Բարձրացանք տան երկրորդ հարկը, որտեղ տիրում էր քաոսային վիճակ: Արկի բեկորները մխրճված էին պատերի մեջ, հատակին ջարդված ապակիներ էին, որոնց մեջ ես առաջինը նկատեցի իմ մանկության լուսավոր իրերից մեկը՝ առաստաղի մանկական լամպը, որը փշրված-ընկած էր հատակին: Ասես նույն պահին փշրվեց իմ մանկությունը: Լուսամփոփի վրայի արևը ինձ այլևս չէր ժպտում… Քիչ հետո լսեցինք գյուղում զոհված մարդկանց անունները: Նրանք բոլորը ծանոթ էին: Հաջորդ օրերին կրկնվող ռմբակոծություններն ու մահերն արդեն սովորական էին դառնում:
Ես ծանոթանում էի պատերազմին: Կյանքը կանգ էր առել գյուղում: Բայց մենք գտնում էինք լուսավոր կետեր և ուրախանում դրանցով: Այդ օրերի ամենամեծ լույսը մեր այգում բացվեց. արկը պայթել էր ուղիղ տանձենու արմատների վրա, եւ արկի տաքությունից ձյունապատ տանձենին ծաղկել էր ձմեռվա կեսին: Ծառն ամբողջովին ճերմակել էր՝ մի կողմը ծաղիկ, մյուս կողմը՝ ձյուն: Ամեն օր մարդիկ էին գալիս՝ դիտելու այդ հրաշքը…
-Պատերազմն այլևս ետևում է: Լեռնալանջին ծվարած Խնձորեսկը խաղաղվել է: Բայց նրա սրտի ամենաթաքուն անկյուններում մի վախ կա բնավորված: Այդ վախը հաղթահարվում է միայն այն ժամանակ, երբ գյուղ են այցելում զինվորական համազգեստ հագած մարդիկ: Զինվորական համազգեստը վստահություն և ապահովություն է ներշնչում պատերազմ տեսած մարդկանց:
Իմ մանկությունը վաղուց դարձել է հուշ: Սակայն պատերազմի տարիները ես հաճախ եմ հիշում: Զինվորական համազգեստն այսօր էլ ինձ համար վստահություն և վախը հաղթահարելու միջոց է: Ապաստարանի մութ ու խոնավ անկյուններում կուչ եկած՝ երբեք չէի մտածել, որ մի օր զինվորական համազգեստ եմ կրելու:
Համազգեստը վստահություն ներշնչելուց բացի նաեւ Հաղթանակի նշան է: Հաղթանակ, որ հեշտությամբ չտրվեց մեզ: Հաղթանակ, որն ամուր պահելը բոլորիս պարտքն է:
ՆԱՐԻՆԵ ԹՐՎԱՆՑ
շարքային