Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶՈՐԱՄԱՍ ՄՏՆԵԼ»



Սերժանտ Արեն Մելիքյանը պատրաստվում է «Հայ ասպետ» համաբանակային մրցույթին

Սերժանտ Արեն Մելիքյանը շուտով կզորացրվի: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Սահակյանը գովեստով է խոսում նրա մասին: Խոսում է նրա ներկայությամբ և վստահ է, որ սերժանտը չի մեծամտանա: Երբ փոխգնդապետը հիշեցրեց Պ. Սևակի` որդուն նվիրված բանաստեղծության տողերը`

«Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ,

Դատարկ մարդն է գոռոզանում,

Հայրդ հիմար և խելոքին`

Դրանով է զանազանում»,

Արենը ժպտաց:

Զորակոչվել է Վանաձորից, երբ արդեն փոխադրվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս: Վեց ամիս ուսումնական կենտրոնում ծառայելուց հետո ծառայության է անցել գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող սահմանային այս զորամասում: Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, զորամասի սերժանտական խորհրդի քարտուղարն է, ինչպես նաև զորամասի «Հայ ասպետ» ակումբի կազմակերպիչ-անդամը:

-Արե՛ն, պատմի՛ր ձեր ընտանիքից, ովքե՞ր են տանը քեզ սպասում:

-Ծնողներս մասնագիտությամբ մանկավարժներ են: Եղբորս` Արամի հետ մեծացել ենք Ռուսաստանում: Երբ մոտեցավ իմ բանակ զորակոչվելու օրը, վերադարձանք Վանաձոր: Հայրս այստեղ մահացավ: Եղբայրս 15 տարեկան է: Սովորում է ավագ դպրոցում: Այնպես որ՝ տանն ինձ սպասում են Լորետա մայրս և եղբայրս:

-Արտերկրում կարոտո՞ւմ էիր Վանաձորը, ի՞նչ կպատմես ծննդավայրիդ մասին:

-Իհարկե կարոտում էի: Երևի պետք է հեռու լինես ծննդավայրից, որ զգաս կարոտ բառի չթարգմանվող իմաստը: Վանաձորի մեր դպրոցում սովորելու տարիներին մասնակցեցի «Հայ ասպետ» մրցույթին: Շատ էինք ուզում հաղթել, հաղթողները մեկնելու էին Արևմտյան Հայաստան՝ շրջագայության, ափսոս, գրավեցինք երրորդ տեղը:

– «Հայ ասպետ» խաղն այսուհետ կազմակերպվելու է նաև բանակում, և դու այդ խմբակի անդամներից ես:

-Արդեն երկու ամիս է, ինչ «Հայ ասպետի» խմբակը գործում է զորամասում: Յոթ հոգով ենք: Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ գրականությունը: Ունենք որոշակի հաջողություններ. վերջերս զորամիավորումում անցկացված մրցույթի ընթացքում գրավեցինք առաջին տեղը: Պատրաստվում ենք նոր մրցույթի, որն ավելի պատասխանատու և դժվար է լինելու, որովհետև հաղթողը տարվա վերջին կմասնակցի «Հայ ասպետ» համաբանակային մրցույթին: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Սահակյանը ամեն ինչով օժանդակում է մեզ: Ունենք մեր առանձին սենյակը, որտեղ անցկացնում ենք պարապմունքները: Տպագրում ենք «Հայ ասպետ» վերնագրով պատի թերթ, որի խորագրերն են` Հայը, Ազգային գաղափարախոսություն, Զինվորի առօրյան, Հերոսապատում…

– Արե՛ն, ի՞նչ գիտես այն հերոսների մասին, ովքեր Արցախյան պատերազմում պաշտպանել են այն նույն բնագիծը, որը դու ես պաշտպանում:

-Այս տարածքում հայտնի է եղել Սարոյի ջոկատը: Այն կոչվել է Սարիբեկ Օհանյանի անունով, որը, ցավոք, զոհվել է: Ի դեպ, մեր զորամիավորման հրամանատարը նույնպես կռվել է այս հողի համար:

– Ինչո՞վ է զբաղվում սերժանտական խորհուրդը:

– Ամեն մի ստորաբաժանումից 2-3 սերժանտ ընդգրկված են խորհրդում: Նրանք արծարծում են այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են իրենց ստորաբաժանումներում: Լինում են հարցեր՝ կապված զինվորի ընտանիքի, սիրած աղջկա, առողջության հետ և այլն, որոնք լուծվում են մեր միջոցով` հարկ եղած դեպքում ստանալով հրամանատարի աջակցությունը:

-Ի՞նչ տվեց բանակը քեզ, ի՞նչ ես մտադիր անել ծառայությունից հետո:

-Առաջին հերթին շարունակել ուսումը: Ուզում եմ ընտանիք պահելու ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա վերցնել: Կարծում եմ կարող եմ. բանակը շատ բան է փոխում մարդու կյանքում: Առաջին հերթին դարձնում է սկզբունքային: Եթե ավելի լավ բնորոշեմ, թե ինձ ինչ տվեց բանակը` կասեմ` հայրենիքի զգացողություն և հրաշալի ընկերներ: Իսկ առայժմ չի ավարտվել իմ ծառայությունը, և ես մտածում եմ միայն մի բանի մասին` հաղթել «Հայ ասպետում», որովհետև չեմ ուզում ամաչելով մտնել զորամաս:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ազգային բանակ


17/10/2013