Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐԱՑՈՂ ՇԵՆԵՐ, ԿԱՅԱՑՈՂ ՍԵՐՈՒՆԴ



Ազատագրումից ի վեր Քարվաճառի բնակիչները առաջին հերթին երազել են բարեկարգ ճանապարհ ունենալու մասին, առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ եթե ճանապարհ կա, ուրեմն կյանք կա, իսկ եթե ճանապարհներ են կառուցվում, կյանքն էլ կլավանա, ապրուստն էլ։ Իմ զրուցակիցներից մեկը, որն այստեղի հնաբնակներից է, շատ դիպուկ նկատեց. եթե ճանապարհ կա, ուրեմն գնալ-գալ կլինի, փոխադարձ շփումներով կյանքը կլավանա, մարդիկ կզարգանան, բնակչության կենսամակարդակն էլ կբարձրանա։

Ազատագրված շրջաններում այսօր իրականացվում է Վարդենիս- Քարվաճառ- Մարտակերտ ճանապարհի նախագիծը, որին բնակիչներն արդեն կյանքի ճանապարհ անունն են տվել։ Հողային աշխատանքները արդեն մոտենում են ավարտին, և ամենայն հավանականությամբ 2014թ. այս ծրագիրը հաջողությամբ կհասցվի իր հանգրվանին։ Բոլորն էլ ուրախացած և ոգևորված էին այս ճանապարհի կառուցմամբ, քանզի այն մարդկանց ապրելու և արարելու հույս և հավատ կներշնչի։

Երկրորդը, որ ինձ շատ ուրախացրեց` կրթական ոլորտում առկա առաջընթացն է։ Քարվաճառում վերջին անգամ երկու տարի առաջ էի եղել։ Հերթական գործուղման ժամանակ այցելեցինք Շահումյանի շրջան, եղանք Եղեգնուտ և Նոր Խարխափուտ համայնքների դպրոցներում։

Եղեգնուտ համայնքի դպրոցը, որը կրում է Արցախի հերոս, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի անունը տիպային է և հիմնադրվել է 1999թ-ին։ 2003 թվականից դպրոցի կառավարման ղեկը վստահվել է հայրենասեր մի մարդու` Ժորիկ Սարգսյանին` ծնունդով Մարտակերտի շրջանի Չափար գյուղից։

Դպրոցը մինչև վերջերս չի ունեցել աշխարհագրության և ֆիզիկայի ուսուցիչ։ Պարոն Սարգսյանի հավաստմամբ՝ այս տարի ամենայն հավանականությամբ իրենք կունենան ֆիզիկայի ուսուցիչ։

– Լենդրուշ Ավագյանը լավ մասնագետ է, մանկավարժական տասը տարվա ստաժը լրացել է, և նա իրավունք է ստացել մասնակցելու մանկավարժների մասնագիտական մրցույթին, և մենք հուսով ենք, որ կհաղթահարի մրցույթի արգելքները,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը։ – Հուսով եմ, որ եկող տարի էլ մի հայրենասեր աշխարհագրագետ կգա մեր դպրոց։

Ի դեպ, այս դպրոցում մաթեմատիկա դասավանդող ուսուցիչներից մեկը ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնի չորրորդ կուրսի ուսանող Գրիգոր Սարգսյանն է։ Ահա քեզ հայրենասիրության վառ օրինակ։

Օրերս դպրոցն ստացավ մարզագույք, և մեր այցի պահին փոքրիկ մարզադահլիճում դրանց տեղադրման աշխատանքներն էին կատարվում։ Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ջանքերով դպրոցն այսօր ունի բարվոք մարզահրապարակ: Ներկա եղանք վեցերորդցիների հետ բացօթյա պարապմունքին, որն անցկացնում էր ուսուցչուհի Նունե Օսիպյանը։

Փոքրիկ ու լուսավոր դասասենյակները զարդարված էին աշակերտների ձեռքի աշխատանքներով, ամենուր դիդակտիկ նյութեր և ուսուցողական պաստառներ էին փակցված։ Դպրոցն ունի կաթսայատուն և ջեռուցվում է փայտով: Ձմռան վառելիքն արդեն պաշարված է:

-Աշուն է, անձրև, ձմեռն էլ յոթ սարի հետևում չէ, ինչպե՞ս եք վառելու թաց փայտը,-մտահոգվեցի ես։

-Այսքան գործ որ արել ենք, դա էլ կանենք, այդ էլ կլինի- վստահեցրեց տնօրենը։

Երբ հրաժեշտ էինք տալիս դպրոցի կոլեկտիվին, երեխաները մեզ ճանապարհեցին երգով և դպրոցի նշանաբանով.

Եղեգնուտ գյուղի մանուկներն ենք մենք,

Մեր մատաղ սրտում մի երազ ունենք,

Մեր Պետոյին նմանվենք,

Նրա պես քաջարի լինենք,

Արցախը մեր հայրենի,

Ծաղկուն ու կանաչ դարձնենք։

Մեր նշանաբանն է`

Հետնորդներն ենք մենք մեր քաջ Պետոյի:

Ի դեպ, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանի հավաստմամբ՝ իրենց զորամասը սերտորեն համագործակցում է շրջանի կրթօջախների հետ, որտեղ սովորում են նաև զորամասի սպաների երեխաները, կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, զորամասի հրամկազմը դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքներ է անցկացնում, համատեղ ուժերով նշում են պետական բոլոր տոները։

Դպրոցի տնօրեն Ժորիկ Սարգսյանի հավաստմամբ՝ իրենց շատ է օգնում այստեղ տեղակայված զորամասի հրամկազմը։
– Մենք ամեն օր զգում ենք զորամասի հրամանատարության, սահմանաբերանին նենգ թշնամու դեմ կանգնած քաջ ու կորովի հայ զինվորի աջակցությունն ու զորակցությունը։ Մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք ու կանենք, որ նրանք էլ իրենց թիկունքում զգան մեր աջակցությունն ու զորակցությունը։ Հավատացնում եմ` ազատագրված տարածքներում բնակչության վերաբնակեցման գործի ճիշտ կազմակերպումը, կրթության խթանումն ու զարգացումը այն առանցքային և կարևորագույն գործոններն են, որոնք էապես նպաստում են ոչ միայն ազգաբնակչության կյանքի պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, այլև հայկական զինուժի հզորացմանը,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը։

♦♦♦

ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ համայնքի դպրոցը հիմնադրվել է 2007-2008 ուսումնական տարում, և հիմնադրման օրվանից այն ղեկավարելու պատվաբեր գործը վստահվել է Ալվարդ Վարդանյանին։ Երկու ժամվա մեր ծանոթությունը, որի ընթացքում ծավալվեց անկեղծ ու անմիջական զրույց, բավական էր, որ ես ինձ համար բացահայտեի նրա` որպես հայրենասեր կնոջ, շնորհալի մանկավարժի հոգատար ու սրտացավ, ուժեղ կամքի տեր ու խստապահանջ ղեկավարի կերպարը։ Անտեսելով անշուք և անհարմար շենքային պայմաններն ու ամեն տեսակ մեծ ու փոքր դժվարությունները, Նոր Խարխափուտի դպրոցի մանկավարժները սիրով ու նվիրվածությամբ են կատարում իրենց առաքելությունը։

– Թեև շենքային պայմանները կրթօջախին հարիր չեն, բայց մենք ունենք հրաշալի ուսուցչական կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ երեխային կրթելու գործում ամենամեծ դերն ու պատասխանատվությունը իրենն է` ուսուցչինը,- ասաց տիկին Վարդանյանը:

Նոր Խարխափուտ համայնքի դպրոցը հիմնական է, ունի տասներկու դասարան, որից վեցը` համակազմ։

– Ես համոզված եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են, և շատ մոտ ապագայում մեր համայնքն էլ կունենա տիպային շենք,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Վարդանյանը։

Նոր Խարխափուտի դպրոցում են սովորում միակ առաջին դասարանցի Անի Վարդանյանը, Մանուկյան եղբայրներ՝ յոթամյա և տասնչորսամյա Արթուրն ու Գոռը, որոնց ավագ եղբայրներ Քաջիկն ու Մնացականը նույնպես այս դպրոցի շրջանավարտներ են (Մնացականը համալրել է հայոց բանակի շարքերն ու ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում), Դավիթ և Հայկ Սուրենի Գրիգորյանները, Քրիստինե, Ժորա և Քնարիկ Գրիգորյանները, Նոնա և Լիլիթ Մելքոնյանները, իններորդցի Նոյ Արզումանյանը, տասնմեկերորդցի Ռուզաննա Առաքելյանը և տասներկուերորդցի Իուդիֆ Արզումանյանը, որոնցից յուրաքանչյուրն էլ իր ապագա մասնագիտության և գործի մասին իր երազանքն ունի։ Նրանց դասավանդող մանկավարժներն էլ ձգտում են այնպես անել, որ իրենց սաները ապագայում հայրենասեր, իրենց երկրին օգտակար, մի խոսքով՝ լավ մարդ դառնան։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/10/2013