Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾՆ Է



Ամեն տարի հոկտեմբերի 19-ին ազգային բանակում հանդիսավորությամբ նշվում է հրթիռահրետանային զորքերի օրը։ Հրետանավորների օրը նաեւ մյուս զորատեսակները ներկայացնող զինծառայողների համար սիրված եւ սպասված տոներից է։ Քանի որ այն նշվում է ուսումնական տարվա գրեթե վերջնամասում, ուստի զորամասերի հրետանավորների համար լավ առիթ է վերլուծելու տեւական ուսումնական գործընթացի ժամանակ կատարված աշխատանքները, գնահատելու ձեռքբերումները, նախանշելու բացթողումները։

Գաղտնիք չէ, որ առաջինը ռազմաարդյունաբերությունն է ձգտում ուսումնասիրել, հնարավորության դեպքում՝ օգտագործել գիտության բացահայտումները, որի շնորհիվ բանակների զինանոցում մշտապես ի հայտ են գալիս նորանոր զենքեր, ռազմական գործողություններն ավելի արդյունավետ դարձնող սարքավորումներ։ Սակայն անցնող ժամանակի, ռազմական միջոցների առատության մեջ հրետանին չի կորցնում իր նշանակությունը։ Այն եղել ու մնում է ճակատամարտերի վճռորոշ գործոն ու դեռ պահպանում է պատերազմի աստծո տիտղոսը։ Հայոց ազգային բանակի հրթիռահրետանային զորքերի ավելի քան քսանամյա փառավոր պատմության մեջ հայ ժողովուրդը, հատկապես Արցախյան պատերազմի սերունդը, սիրով ու երախտագիտությամբ է հիշում նոր-նոր կազմավորվող բանակի բարձրակարգ հրետանավորներին՝ «Գրադ Ժորային», «Գրադ Ալիկին», «Գրադ Գարունին», հրանոթից հրանոթ խփող Յուրի Խաչատուրովին, Միքայել Գրիգորյանին, հմուտ կազմակերպիչ Վլադիմիր Հայրապետյանին, շատերին, նրանց, ովքեր ոչ միայն վիթխարի ներդրում ունեցան Արցախի ազատագրության գործում, այլեւ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին կրտսեր զինակիցներին՝ ստեղծելով նախապայմաններ զորատեսակի հաստատուն զարգացման համար։

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ազգային բանակ


17/10/2013