Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԱՆՇԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ



Այս տարվա հունիսի վերջին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, կարող է փոխել պետական խորհրդանշանները (այդ թվում ազգային օրհներգն ու դրոշը), որպեսզի երկրի արաբ բնակչությունը նույնպես կարողանա դրանք համարել իրենը: Իսկապես. իսրայելցի որևէ արաբ չի կարող երբևէ ոգեշնչվել, օրինակ՝ Իսրայելի օրհներգով, որում ասվում է. «Քանի կրծքում դեռ արթուն է հոգին հրեայի// Եվ դեպի Արևելք ու առաջ, Սիոնին է ուղղված իր հայացքը,// Ուրեմն՝ դեռ վառ է այն հույսը,// Որ երկու հազար տարեկան է`// Ազատ ժողովուրդ լինել իր հողում, // Սիոնի, Երուսաղեմի երկրում»:

Բանն այն է, որ արաբները կազմում են Իսրայելի բնակչության 20%-ը, և հրեական իշխանությունների խնդիրն է ապահովել նրանց լոյալությունը (համակրանքը) պետության նկատմամբ: Արդյոք դա հնարավո՞ր է: Խորհելով այս հարցի շուրջ, սիոնիզմի հայտնի ջատագով, Ստենֆորդի համալսարանի (ԱՄՆ) Գուվերի ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող Դանիել Փայփսը 2012 թ. մարտի 22-ին «The Washington Times»-ում գրել է. «Ես կանխատեսում եմ, որ Իսրայելի մահմեդականները շարունակելու են բազմանալ, դառնալու են ավելի հմուտ մասնագետներ և ինքնավստահ քաղաքացիներ, ավելի են ինտեգրվելու երկրի կյանքին ու միաժամանակ ավելի հավակնոտ են լինելու հրեական ինքնիշխանությունը կործանելու իրենց ջանքերում: Դա վկայում է, որ Իսրայելի կողմից արտաքին սպառնալիքների հաղթահարմանը զուգընթաց իսրայելցի արաբներն ավելի մեծ անհանգստության պատճառ են դառնալու: Ես հանձն եմ առնում պնդել նույնիսկ, որ նրանք հիմնական խոչընդոտն են Թեոդոր Հերցլի և լորդ Բալֆուրի կանխատեսած հրեական պետության ստեղծման ճանապարհին»:

Հետևաբար` կարելի է ենթադրել, որ հրեական պետականաշինության նոր փուլի գլխավոր խնդիրն Իսրայելի նկատմամբ արաբների լոյալությունն ապահովելն է: Ընդ որում, ոչ միայն իսրայելցի արաբների, այլև առհասարակ մահմեդականների: Հակառակ դեպքում Իսրայելի օրհներգում նշված նպատակը` դեպի արևելք ընդարձակվելը, լուրջ խոչընդոտների կհանդիպի: (Ի դեպ, հետաքրքիր հարց է, թե հրեաներն Արևելքում որտե՞ղ են մտադիր կանգ առնել: Դրան կանդրադառնանք մեր առաջիկա հոդվածներից մեկում):

Երեք ամիս առաջ արված կանխատեսումը կարծես իրականություն է դառնում` Իսրայելի խորհրդարանը մտադիր է փոխել հրեական պետության կարևորագույն խորհրդանիշներից մեկը` խորհրդարանի լոգոտիպը, որը ներկայումս պետության զինանշանն է: Օրերս հայտարարվել է լավագույն լոգոտիպի մրցույթ, որին կարող է մասնակցել դիզայնի ցանկացած մասնագետ:

Քանի որ Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է, և Կնեսետը իշխանության գերագույն մարմինն է, ապա խորհրդարանի խորհրդանշանի (զինանշանի) փոփոխությունը համարժեք է պետականության հիմքում ընկած գաղափարի կամ սկզբունքի փոփոխության: Ամենայն հավանականությամբ, փոփոխությունը թելադրված է արաբների լոյալությունն ապահովելու խնդրով, որը ծառացած է հրեական պետականաշինության առաջ:

Իսկապես. խորհրդանշան փոխելու որոշումն ինչ-որ առումով տարօրինակ է, որովհետև Իսրայելի ներկայիս զինանշանից ավելի ազգային, ավելի ավանդական և հրեական արժեքներն ավելի ամբողջական արտահայտող խորհրդանշան (սիմվոլ) դժվար է պատկերացնել: Իսրայելի ներկայիս զինանշանի (ընդունվել է 1948 թ.) վրա պատկերված է մենորա` յոթ մոմանոց ոսկյա աշտանակ (մոմակալ), որը բազմանշանակ սիմվոլ է: Մասնավորապես, խորհրդանշում է` ա) հուդայական կրոնը (ինչպես խաչը` քրիստոնեությունը), բ) հրեական ավանդույթների ժառանգականությունը Մովսեսից մինչև մեր օրերը, գ) հրեա ժողովրդի կենսունակությունը, դ) հրեա ժողովրդի վերածնունդը երկար տարիների հալածանքներից ու զրկանքներից հետո, ե) աշխարհում աստվածային գիտելիք տարածելու` հրեաների առաքելությունը, զ) Սողոմոնի տաճարը, է) հավատը մեսիայի գալստյան հանդեպ: Ըստ Աստվածաշնչի` Աստված Մովսեսին Սինա լեռան վրա պատվիրում և սովորեցնում է ոսկուց աշտանակ պատրաստել (Ելք, 25:31-39): Հրեական ավանդույթի համաձայն` Մովսեսը չի կարողանում գործը գլուխ բերել, ուստի Աստված անձամբ է արարում մենորան ու հանձնում Մովսեսին: (Աստծո ձեռքով արարված մենորայի տեղն այսօր հայտնի չէ): Ըստ հրեական կաբբալայի (մովսիսականությունից հեռացած էզոթերիկ, այսինքն` գաղտնի ուսմունք, որի գործնական մասը մոգությունն է)` մենորան նաև հալածում է դևերին:

Մենորայից` որպես խորհրդանշանից հրաժարվելը կարող է արդարացված լինել այն բանով, որ երկար տարիների հալածանքներից ու զրկանքներից հետո հրեա ժողովրդի վերածնման փուլն արդեն ավարտվել է, և հրեական պետականաշինությունը թևակոխում է նոր դարաշրջան: Ինչպես վերը նշեցինք, վերջինիս բնորոշ առանձնահատկությունը պետք է լինի մահմեդականների (արաբների) ինտեգրումը հրեական պետությանը: Պատահական չէ, որ Կնեսետը պահանջում է, որ նոր լոգոտիպում Իսրայելի խորհրդարանը ներկայացված լինի որպես ժողովրդավարության սիմվոլ և ժողովրդի օջախ, շեշտված լինի պատգամավորների օրենսդրական աշխատանքը: Սա անհնար է, եթե Իսրայելում ոտնահարված են լինելու ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է Կնեսետի լոգոտիպը փոխվում հենց հիմա, ապա այն կարող է ունենալ միստիկական բացատրություն` կապված այն բանի հետ, որ լրանում է հրեական պետության գոյության 66-ամյակը (1947 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի թիվ 181 բանաձևով առաջարկվեց Պաղեստինի բաժանման պլանը, ըստ որի` այդ տարածքում պետք է ստեղծվեր երկու պետություն` հրեական և արաբական: Իսրայելում այդ տարեթիվը նշվում է որպես պետականության համար պայքարի կարևոր շրջափուլ: Հրեական անկախ պետությունը հռչակվել է 1948 թ. մայիսի 14-ին): Հրեական կաբբալայի համաձայն` 66 թվի խորհրդաբանությունը ներառում է նաև «մոգական սոցիալական հարմարվողականություն», այսինքն` այդ թվի մոգական ազդեցությամբ սկսում է գործել հետևյալ սկզբունքը. պետությունը ծառայում է մարդուն, իսկ մարդը` պետությանը: Համաձայնեք, որ եթե արաբները ենթարկվեն այդ թվի «ներգործությանը», ապա Իսրայելը կծաղկի (մանավանդ, որ 66 թվի նկատմամբ պատկառանք են տածում նաև մահմեդականները` դրանում գաղտնագրված տեսնելով Ալլահի անուններից մեկը):

Այսպիսով, ըստ մեր վարկածի` Իսրայելի խորհրդարանի լոգոտիպի փոփոխությունը նշանավորում է նոր փուլ` մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոխակերպումներում: Վերջինս պետք է իրագործվի սիոնիստների հետևյալ նշանաբանի համաձայն` սանձահարել, սոցիալապես ադապտացնել և ինտեգրել մահմեդականներին, տարածել մահմեդական սիոնիզմի գաղափարախոսությունը` զուգահեռաբար պառակտելով 20-րդ դարում սոցիալական և ինտելեկտուալ ծաղկում ապրած Մերձավոր ու Միջին Արևելքի մահմեդական պետությունները:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Ռազմաքաղաքական


24/10/2013