ԿՅԱՆՔԸ` ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Լրացավ գնդապետ Իվան Ղուկասի Ղուկասովի ծննդյան 80-ամյակը
Գնդապետ Իվան Ղուկասի Ղուկասովը ծնվել է 1933 թ. օգոստոսի 18-ին, Բաքու քաղաքում: Նրա ծնողներն արմատներով Գորիսի Հարջիս (Յարջի) գյուղից են: 1924 թ. հայրը` Ղուկասը, աշխատանք փնտրելով մեկնել է Բաքու, որտեղ անցել է աշխատանքի՝ որպես նավթահորի վերանորոգման բանվոր, այնուհետև` վարպետ: Մայրը` Փառանձեմը, եղել է ընտանեկան օջախի ջերմության պահողը, ծնել, մեծացրել ու դաստիարակել է երեք տղայի (Արկադիա, Անուշավան, Իվան) և մեկ աղջկա (Նուրվարդ): 1952 թ. Իվանը ավարտել է Բաքվի 166-րդ միջն. դպրոցը և ընդունվել Խարկովի հրամանատարատանկային գվարդիական ուսումնարանը: Ավարտել է 1935թ. և իր իսկ ընտրությամբ (որպես բարձր առաջադիմությամբ շրջանավարտ) նշանակվել է սպայական ծառայության Անդրկովկասյան զինօկրուգի 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տանկային գնդում (Նախիջևանում)` զբաղեցնելով դասակի հրամանատարի պաշտոնը: Գործող պահանջների համաձայն` լավագույն արդյունքների հասնելու շնորհիվ, 1958 թ.-ին ընդունվել է Զրահատանկային զորքերի ակադեմիա, որն ավարտել է 1963 թ. և նշանակվել տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Բելոռուսական զինօկրուգում, ք. Բորիսով:
Ի. Ղուկասովը չէր բավարարվում ուսման և ծառայության բնագավառներում ձեռք բերած հաջողություններով, նա ձգտում էր նվաճել նոր բարձունքներ, ուստի 1964 թ. հաջողությամբ ընդունվում է Ռազմադիվանագիտական ակադեմիա, ավարտում1966 թ. և նշանակվում Անդրկովկասյան ռազմական օկրուգի օպերատիվ վարչության պետի օգնական, իսկ հետագայում ամբողջ ծառայությունն անցնում է այդ բնագավառում. մինչև ԽՍՀՄ-ի ԶՈՒ-ից 1988թ. զորացրումը օպերատիվ վարչությունում կատարել է ռազմական դիվանագիտությանն առնչվող պարտականություններ, եղել է զորամասի հրամանատար, ներկայացրել նորարարական առաջարկություններ հավանական հակառակորդին դիմակայելու վերաբերյալ: 1981-1984 թթ. ծառայել է Աֆղանստանում, որից հետո որպես բաժնի վարիչ ծառայել է Հարավային ուղղության զորքերում (դրանց կազմում էին երեք զինօկրուգների (Թուրքմենստանի, Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի) և Կասպյան նավատորմի զորքերը): Նրա ծառայության մեծ մասն անցել է զորամասերում, նա զբաղվել է հավանական հակառակորդ պետությունների ԶՈՒ մասին տեղեկություններ հավաքելով, վերլուծելով և համապատասխան առաջարկություններ ներկայացնելով:
ԽՍՀՄ-ի ԶՈՒ-ից զորացրվելուց հետո Իվան Ղուկասովը 1988-1991 թթ. աշխատել է գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական և նյութական օգնություն է ցույց տվել Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին և ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական ջոկատներին, մասնակցել Արցախյան շարժմանը, եղել Հայաստանի անկախության ջատագով: Երբ ՀՀ կառավարությունը 1991 թ. մայիսի 4-ին ընդունեց թիվ 325 որոշումը` Պաշտպանության կոմիտեի ստեղծման մասին, նա առաջիններից մեկն էր, որ կամավոր մտավ նրա կազմի մեջ, նշանակվեց գլխավոր շտաբի 2-րդ` հետախուզության բաժնի, այնուհետև վարչության պետ: Այդ բնագավառում ևս նա հասել է զգալի հաջողությունների, հեղինակ դարձել կազմակերպչական մի շարք նորարարությունների: ՀՀ կառավարության 13.12.1993թ. թիվ 625 որոշման համաձայն` աշխատանքը ՊԿ-ում համարվում է զինծառայություն բոլոր նրանց համար, որոնք ծառայությունը շարունակել են ՀՀ նորաստեղծ ԶՈՒ-ում:
Իվան Ղուկասովը եղել է ՊՆ-ի խորհրդական, մինչև 2000 թ. մարտ կատարել հատուկ հանձնարարություններ: Պաշտոնաթող լինելուց և պահեստազորում ընդգրկվելուց հետո նա մասնակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Վերջերս նա Վետերանների միավորման հանձնաժողովի կազմում մասնակցեց ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի Շահումյան բնակավայրում ԽՍՀՄ ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի հուշարձանի բացման արարողությանը և պարգևատրվեց ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվան մեդալով:
Ի.Ղ. Ղուկասովը 1977 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Կարմիր աստղ», 1984 թ. «Հայրենիքի ծառայության համար» շքանշաններով, Աֆղանստանի «Աստղ» շքանշանով և «Երախտապարտ Աֆղանստանի ժողովուրդ» մեդալով ու շատ ուրիշ մեդալներով և պատվոգրերով:
Ի.Ղ.Ղուկասովի 80-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կազմակերպել է ընդունելություն և նրան պարգևատրել «Ծովակալ Իսակով» մեդալով:
Ի.Ղ.Ղուկասովի ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է Հայաստանի բարգավաճմանն ու խաղաղության ապահովմանը և հայրենասիրության լավագույն օրինակ է ՀՀ ԶՈՒ-ում ծառայողների, երիտասարդների և քաղաքացիների համար:
Օգտվելով առիթից` «Հայ զինվոր» թերթի ընթերցողների անունից աստվածապարգև առողջություն, հաջողություն, երկար կյանք եմ մաղթում Ի.Ղուկասովին, նրա դուստրերին` Գոհարին ու Սոֆիային, թոռնիկներին` Մարինային, Սեդային, Աննային: Թող ձեր կյանքը երջանիկ պահերով լցված լինի:
ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
Պատերազմի և ԶՈՒ վետերանների կոմիտեի անդամ,
Զորացրված սպաների միջազգային խորհրդակցական կոմիտեի անդամ,
գնդապետ