Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՑ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ»



Հոկտեմբերի 18-ին լրացավ ՀՀ ԶՈՒ Կապի և ԱԿՀ վարչության նախկին պետ, գնդապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԵՏՐՈՍԻ ԲԱԼԲԱԲՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը: Այդ առթիվ նրա հետ զրուցել է զինակից ընկերը` պահեստազորի գնդապետ Ռուբեն Բախշյանը:

– Ալեքսանդր Պետրոսի, խնդրում եմ 80-ամյա կենսագրության բարձունքից վերհիշեք Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունները:

– Ծնվել եմ Ադրբեջանի Խանլար քաղաքում, 7-ամյա հայկական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Կիրովաբադի մանկավարժական ուսումնարանը, 1953 թ. այն ավարտել գերազանց գնահատականներով և նշանակվել Դաշքեսանի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ընտրվել կոմերիտական կազմակերպության քարտուղար: Դպրոցի տնօրեն Պապյանը, բարձր գնահատելով իմ կազմակերպչական ունակությունները, ինձ խորհուրդ տվեց ուսումս շարունակել զինվորական ուսումնարանում: 1954 թ. ես ներկայացա Դաշքեսանի զինկոմիսարիատ և ցանկություն հայտնեցի սովորելու ինժեներական ռազմական ուսումնարանում, բայց թափուր տեղ չլինելու պատճառով ինձ առաջարկեցին ընդունվել ՈՒլյանովսկի մարզի Մուրոնսկ քաղաքի կապի ուսումնարան: Նույն տարի ընդունվեցի և 1957 թ. ավարտեցի ուսումնարանը: Այդ ժամանակ լրջորեն զբաղվում էի նաև սպորտով. բասկետբոլի գծով սպորտի վարպետ էի, 1-ին և 2-րդ կարգի մարմնամարզիկ:

– Ես Ձեզ ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ դեռ ծառայում էիք Անդրկովկասի զինօկրուգի 4-րդ բանակի կապի գնդում, որտեղ մեծ հեղինակություն ունեիք, հարգանք ու պատիվ էիք վայելում: Ասացեք, հրամանատարի համար ի՞նչն է ամենագլխավորը:

– Ինձ համար, բացի մասնագիտությունիցս, ամենակարևորը եղել է արդարության պահպանումն ու ինձ ենթակա կոլեկտիվներում գլխավոր պրոբլեմի լուծումը, ինչի շնորհիվ բազմազգ զինկոլեկտիվներում հեղինակություն եմ ունեցել և արժանացել խրախուսանքների: 8 տարի շարունակ իմ գունդը «գերազանց» գնահատական է ստացել, իսկ իմ նկարը փակցված էր 4-րդ բանակի, զինօկրուգի և ցամաքային զորքերի պատվո հուշատախտակներին:

– Ալեքսանդր Պետրոսի, գիտեմ, որ Ձեր ղեկավարությունը մտադիր էր Ձեզ նշանակել կապի բարձրագույն ռազմական ուսումնարանի պետ, որը նախատեսվում էր կառուցել Երևանում, բայց ծրագիրը չիրականացավ: Ի՞նչն էր պատճառը:

– Իրոք, ծրագրված էր Երևանում ստեղծել նման ուսումնարան, Դավիթաշենում շինարարական աշխատանքներ էին տարվում: Հայաստանի ԴՈՍԱԱՖ-ից, որտեղ 1979-1983 թթ. եղել եմ նախագահի` ռազմամարզական մասնագիտությունների (ավիացիայի, ավտոմոբիլային, ռադիոտեխնիկայի, ծովային և այլն) գծով տեղակալ, ինձ գործուղել են Տոմսկ` տեղի կապի բարձրագույն ռազմական ուսումնարանում պրակտիկա ձեռք բերելու: Այդ ուսումնարանի պետի առաջին տեղակալի պաշտոնում ծառայել եմ 1983-1986 թթ.: Այդ ընթացքում մի քանի անգամ գործուղվել եմ Երևան, ծանոթացել կապի ուսումնարանի ստեղծման աշխատանքներին, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով ծրագիրն անկատար մնաց:

– Սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ ԽՍՀՄ ԶՈՒ-ից զորացրվելուց հետո Դուք աշխատել եք Խորհրդային Հայաստանի կապի նախարարությունում: Այդ տարիներին ռազմաքաղաքական իրավիճակի (Արցախյան շարժման) թելադրանքով ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե: Ի՞նչ առնչություն եք ունեցել դրա հետ:

– Կապի նախարարությունում ես ստանձնել եմ պետռեզերվի հաշվառման և զարգացման գործերի ղեկավարի պաշտոնը, միաժամանակ զբաղվել եմ քաղպաշտպանությանն առնչվող հարցերով: Իմ ունեցած հնարավորությունները Պաշտկոմին ի սպաս դնելով` պլանավորել եմ կապի հանգույցների ստեղծման և համալրման աշխատանքները, զբաղվել երկրապահ կամավորական ջոկատների հետ սահմանամերձ շրջաններում կապի ապահովման, կապի կայանների ձեռք բերման և այլ հարցերով, որովհետև այդ միջոցները խորհրդային 7-րդ բանակը դուրս էր բերել Հայաստանից: Օրինակ՝ Եղեգնաձորի Խաչիկ գյուղի օդային կապը շարքից դուրս էր եկել, անհրաժեշտ էր ստորգետնյա մալուխ անցկացնել կամ ստեղծել կապի այլ միջոցներ: Պաշտկոմի հանձնաժողովի կազմում եղել եմ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ շրջաններում, տեղում կարգավորել ծառացած խնդիրները:

– Որո՞նք են եղել Ձեր հիմնական քայլերը ՊՆ կապի վարչության ստեղծման գործում:

– Նախ, միջնորդել եմ, որ փոխգնդապետ Վլադիմիր Մկրտչյանի նման արհեստավարժ կապավորը նշանակվի Պաշտկոմի կապի բաժնի պետ: Այնուհետև իմ ղեկավարությամբ կապի հանգույցներ են ստեղծվել պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում, դրանք ապահովվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Վանաձորի և Արտաշատի կապի գումարտակների միջոցներով ստեղծվել են ռադիոռելեային, տրոպոսֆերային կայաններ: Հայաստանի շրջափակման պայմաններում, ՌԴ ցամաքային զորքերի կապի վարչության պետ Է.Օստրովսկու աջակցությամբ, Վրաստանի տարածքով վերականգնվել է Ռուսաստանի հետ կապը:

– Երկու խոսքով պատմեք Ձեր ընտանիքի մասին:

– 2009թ. ես ու կինս` Էմման, նշեցինք մեր ոսկե հարսանիքը: Մեր շատ սիրելի որդին` Արմենը, գնդապետ է: Մեծ եղբայրս` Շահենը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարտերով հասել է Բուդապեշտ, ավագ լեյտենանտի կոչում ունի, ապրում է Աբովյանում, իսկ մյուս եղբայրս` Արամը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվել է և հուղարկավորված է Կալինինգրադում, ավագ լեյտենանտ էր: Ինչպես տեսնում եք, մեր ընտանիքը «ոտքից գլուխ» զինվորական է: Հարսս` Անահիտը, Արմենի հետ միասին մեզ երկու թոռ է պարգևել` Սաշային և Էմմային, որոնց շատ ենք սիրում, իրենք էլ՝ մեզ:

– Կա՞ մի բան, որի համար ափսոսում եք:

– Ինձ ճանաչողները երբեմն հարցնում են` «Ինչո՞ւ Ձեզ` կապի զորքերի հրամանատարին ու վարչության պետին, գեներալի կոչում չշնորհեցին»: Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև տույժեր չեմ ունեցել, եղել եմ լավագույնների շարքում: Ինչևէ, ես շնորհակալ եմ Աստծուց, որ կամ, առողջ եմ և աշխատում եմ, ունեմ լավ ընտանիք և շրջապատ:

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Ճակատագրեր


24/10/2013