«ԴԱԳԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԶՈՀԵՐԸ
Սեպտեմբերի 30-ին Իրանում հրազենով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբեռանվտանգության ստորաբաժանման շտաբի պետ Մոջտաբ Ահմադին: Ըստ նախնական տվյալների` հանցագործները եղել են մոտոցիկլետներով: Դա հիմք է տալիս կասկածելու, որ Իրանում գործող ահաբեկչական կազմակերպություններից մեկի` Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության (ԻԺՄԿ) մատը խառն է:
ԻԺՄԿ-ն 1965 թ. հիմնել են Թեհրանի համալսարանի` շահի վարչակարգից դժգոհ ուսանողները: Նրանց նպատակը Իրանում անդասակարգ հասարակության հիման վրա սոցիալիստական հանրապետություն ստեղծելն էր: 1978 թ. ԻԺՄԿ-ի (ինքնանվանումը` Մոջահեդդին-է-Խալկ) շարքերում կար շուրջ 100 հազար մարդ: ԻԺՄԿ-ն սկզբում ողջունում է 1979 թ. իսլամական հեղափոխությունը, սակայն նոր իշխանության կողմից ենթարկվելով հալածանքի` դառնում ընդդիմություն և որդեգրում զինված պայքարի (ահաբեկչության) գործելաոճը: 1981 թ. օգոստոսի 30-ին ԻԺՄԿ-ի կազմակերպած ահաբեկչության հետևանքով սպանվում են Իրանի նախագահն ու վարչապետը: 1980-ականներին կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվում է նախ Ֆրանսիա, ապա` Իրաք, որտեղից կազմակերպության մարտիկները արտագրոհներ են ձեռնարկում Իրանի դեմ: 1988 թ. Իրանի զորքերը ջախջախում են ԻԺՄԿ ուժերին: 1992 թ. Մոջահեդդին-է-Խալկի մարտիկները աշխարհի 13 երկրներում հարձակվում են Իրանի դեսպանատների վրա:
2007 թ.-ից ԻԺՄԿ-ն իսրայելական արտաքին հետախուզության` «Մոսադի» ղեկավարությամբ հետևողականորեն վերացնում է Իրանի միջուկային ծրագրի, հրթիռային և այլ բարձրտեխնոլոգիական նախագծերի առանցքային դեմքերին: Այդ գործելակերպը հայտնի է որպես «Դագանի ռազմավարություն» (Մեիր Դագանը 2002-2010 թթ. եղել է «Մոսադի» ղեկավարը): Ըստ դրա` Իսրայելը բավարար չի համարում Իրանի միջուկային գործը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ փոխանցելը և նախատեսում է նաև Իրանի դեմ գաղտնի օպերացիաներ ու պատժամիջոցներ, ինչպես նաև ուժային ճնշում` Իրանի վարչակարգը փոխելու համար (Դագանի կարծիքով՝ այս հարցում պետք է ստանալ ուսանողական ժողովրդավարական շարժումների և ադրբեջանցիների, քրդերի ու բելուջների աջակցությունը):
2012 թ. հունվարի 13-ին «Foreign Policy» ամսագրում Մարկ Փերիի «Կեղծ դրոշ» հոդվածի հիման վրա (որում հեղինակը փաստում է, որ «Մոսադի» աշխատակիցներն Իրանի դեմ ահաբեկիչներ են հավաքագրում` ներկայանալով որպես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ) որոշ վերլուծաբաններ եզրակացնում են, որ Դագանի ռազմավարության զոհերն են նաև`
– գեներալ Ալի Ռեզա Ասգարին, որը 1997 թ. եղել է Իրանի պաշտպանության փոխնախարար, զբաղվել Սիրիայի և Իրանի համատեղ գաղտնի նախագծով` Սիրիայի տարածքում` Էլ-Քիբարում միջուկային ռեակտորի շինարարությամբ: 2006 թ. դեկտեմբերի 7-ին Ստամբուլում արդեն պաշտոնաթող եղած և գործարարությամբ զբաղվող գեներալը անհետանում է: Առավել հավանական վարկածի համաձայն` նրան առևանգում են «Մոսադի» աշխատակիցները: Դրա անուղղակի վկայությունն այն է, որ 2007 թ. սեպտեմբերի 6-ին իսրայելական «F-15» մարտավարական 8 կործանիչներ ներխուժում են Սիրիայի տարածք և 22 հրթիռներով ոչնչացնում վերոնշյալ միջուկային համալիրը: 2009 թ. մարտին Գերմանիայի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հանս Ռյուլեն ԶԼՄ-ներին հայտարարում է, որ ըստ իր տեղեկության` Սիրիայի միջուկային գաղտնի ծրագրի մասին պատմել է գեներալ Ասգարին: Ինքնակամ թե հարկադրված` հայտնի չէ:
– Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող և 2006 թ. փետրվարից մինչև 2007 թ. մարտն ընկած ժամանակահատվածում համանման հանգամանքներում կործանված 3 ինքնաթիռների ուղևորները, որոնց թվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ահմադ Կազեմին, նրա շտաբի 12 անդամներն ու Իրանի միջուկային ծրագրին առնչվող այլ անձինք:
– Բուշերի ատոմակայանում աշխատող 5 ռուս գիտնականները, որոնք զոհվեցին 2007 թ. հունիսի 20-ին «Տու-134» ինքնաթիռի հարկադրված վայրէջքի ժամանակ:
– իրանցի մասնագետ Արդեշիր Հուսեյնը, որը հանելուկային հանգամանքներում զոհվում է Սպահանի օբյեկտներից մեկում:
– իրանցի երիտասարդ ֆիզիկոս Շահրամ Ամիրին, որը 2009 թ. հունիսին Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության ընթացքում անհետանում է, իսկ մեկ տարի անց ներկայանում… Վաշինգտոնում Պակիստանի դեսպանություն և հայտարարում, որ այդ ամբողջ ընթացքում իրեն ձերբակալել էին ամերիկյան հատուկ ծառայությունները:
– նեյտրոնային ֆիզիկայի մասնագետ Մասուդ Ալի Մոհամմադին, որը 2010 թ. հունվարին զոհվում է ահաբեկչության հետևանքով:
– Իրանի արևմուտքում գտնվող Իմամ Ալի ռազմակայանի աշխատակիցները. 2010 թ. հոկտեմբերի 12-ին երեք պայթյունի հետևանքով ավերվում է այդ ռազմակայանը, որի ստորերկրյա պահեստարաններում «Շահաբ-3» իրանական հրթիռների արձակման կայանքներն էին:
– միջուկային ֆիզիկոս Մաջիդ Շահրիանին, որը 2010 թ. նոյեմբերին Թեհրանում ավտոմեքենայի մեջ մոտոցիկլիստների նետած ռումբի պայթյունից զոհվեց, իսկ նրա գործընկեր դոկտոր Ֆերեյդուն Դավանի-Աբբասին ու երկու գիտնականների կանայք վիրավորվեցին:
– գիտությունների դոկտոր, 46-ամյա ֆիզիկոս, միջուկային էներգիայի հանձնաժողովի անդամ և Թեհրանի համալսարանի դասախոս Դարիուշ Ռազային, որը 2011 թ. հուլիսի 23-ին սպանվեց իր տան շեմին (հանցագործները դարձյալ մոտոցիկլետով էին):
– «Իրանի հրթիռային ծրագրի հայր» անվանված գեներալ Հասան Մոկադամը և այլք, որոնք զոհվեցին 2011 թ. նոյեմբերի 12-ին Թեհրանից 20 կմ հեռու գտնվող բալիստիկ հրթիռների պահեստի պայթյունից:
– Նաթանզի ուրան հարստացնող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ, 32-ամյա գիտնական Մուստաֆա Ահմադի Ռովշանը, որը 2012 թ. հունվարի 12-ին Թեհրանում զոհվեց ահաբեկչության հետևանքով:
Եվ ահա այս ցուցակը համալրեց Մոջտաբ Ահմադին: Նրա անմիջական մասնակցությամբ էին Իրանի ԶՈՒ-ը 2011 թ. դեկտեմբերին որսացել Աֆղանստանի ռազմակայանից արձակված ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որն իջեցվեց Իրանի տարածքում: Նրա մասնակցությամբ էին այս տարվա սկզբում իրանցի հետախույզները բացահայտել Բելգիայում այլ անվան տակ գործող իսրայելական համակարգչային ընկերությունների ցանցը (նման ընկերությունների միջոցով Իսրայելը փորձում է Իրանին վաճառել «վիրուսակիր» համակարգիչներ): Այնպես որ՝ Իսրայելի հատուկ ծառայություններն Ահմադիին վերացնելու «անձնական դրդապատճառներ» էլ ունեին:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան