Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ



Հոսպիտալի բուժքույրերը՝ ժպտերես, բարի, գթասիրտ ու հոգատար… Նրանք ամբողջ օրը բժիշկների կողքին են ու զինվորների հետ, բուժողների եւ բուժվողների միջեւ… Հոսպիտալի առօրյան անհնար է պատկերացնել առանց նրանց։ Բուժքույրերի միջոցով են բժիշկներն իրականացնում բուժումը, իսկ հիվանդներն էլ առաջինը նրանց են հայտնում իրենց ցավը, գանգատը, խնդիրներն ու ապաքինման բարի լուրը։
Կենտրոնական հոսպիտալի բուժաշխատողները, ծառայողները, բուժվող զինծառայողներն ու քաղաքացիները գնահատում, հարազատ քրոջ պես սիրում են գլխավոր բուժքույր, ենթասպա Լիաննա Սառաջյանին, գինեկոլոգիայի, դիմածնոտային եւ ակնաբուժական բաժանմունքների ավագ բուժքույրեր, ենթասպաներ Արուսյակ Մանդալյանին, Նարինե Ադամյանին եւ Լիլիթ Եսայանին։
-Բուժքույրերի ծառայության, գործունեության ոլորտը բավական բարդ է։ Այստեղ չի կարելի սխալվել կամ էլ ձգձգել առաջադրանքների կատարումը։ Ես եւ բաժանմունքների ավագ քույրերն ամեն ինչ անում ենք, որ միշտ բարձր լինի ծառայողական կարգապահությունը, մեր աշխատանքից գոհ լինեն հոսպիտալում բուժվող հիվանդները, հետազոտվողները, բաժանմունքների ղեկավարներն ու բժիշկները,- ասում է գլխավոր բուժքույրը։ Ի դեպ, 2010թ. Մարտի 8-ին նա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է պատվոգրով։ Տիկին Լիաննան հպարտությամբ նշեց, որ իր դուստրը՝ Սուսաննան, նույնպես ազգային բանակում է եւ օտար լեզու է դասավանդում ՊՆ ռազմական կրթության եւ կադրերի վարչության լեզվի կենտրոնում։
Երկու որդիների մայր Արուսյակ Մանդալյանը արդեն տասնհինգ տարի հոսպիտալում է ծառայում։
-Ծանր վիրահատությունների ենթարկված մարդկանց հետ շատ եմ շփվել, խոստովանեմ, որ այդ աշխատանքն այնքան էլ հեշտ չէ, անընդհատ մտածում ես, թե ինչպես կընթանա վերականգնողական գործընթացը, իսկ դրսում վիրահատվածների հարազատներն են, որոնք միշտ լավ լուրերի են սպասում,- ասում է Արուսյակը։
Նարինեն ու Լիլիթը նույնպես հոսպիտալում նորեկներ չեն։ Ամբողջ եռանդը ծախսելով աշխատանքի մեջ՝ գեղեցկուհիները գրեթե ամբողջությամբ մոռացել են անձնական կյանքը.
-Մարտի ութից հետո նշանվելու ենք, այս գարնանն անպայման երկուսս էլ կամուսնանանք,- ժպտալով խոստացավ Նարինեն։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Ազգային բանակ, Թերթ


17/03/2011