Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ` ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ



Աֆղանստանից Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ԱԱՄՈՒ) զորախմբերի դուրսբերման ամենաակտիվ շրջանը (փորձագետների գնահատմամբ) արդեն սկսվել է (այս տարվա սեպտեմբերից) և շարունակվելու է մինչև 2014 թ. հոկտեմբերը: Որոշ վերլուծաբաններ այդ ռազմագործողությունն իրավացիորեն համարում են աննախադեպ` իր բարդությամբ և ծախսատարությամբ:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են նվազագույնի հասցնել օդային փոխադրումները, քանի որ դա ամենաթանկ տարբերակն է (5-7 անգամ ավելի թանկ, քան ծովով և 3-4 անգամ ավելի թանկ, քան երկաթուղով): Տնտեսումն օրախնդիր է, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դաշինքի անդամ մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամ է:

Միջազգային զորքերի դուրսբերման և մատակարարման երկու հիմնական ճանապարհ (երթուղի) կա` Հարավային և Հյուսիսային: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դաշինքի անդամ երկրները գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում` սկսած Լեհաստանից ու Էստոնիայից, վերջացրած Իսպանիայով ու ԱՄՆ-ով:

Հարավային երթուղին է` Հյուսիսային Ամերիկայից ու Եվրոպայից ծովով մինչև Պակիստանի Կարաչի նավահանգիստը, այնուհետև Պակիստանի տարածքով ավտոմոբիլային երթուղի (Փեշավար-Ջելալաբադ) Հայբերի լեռնանցքով մինչև Աֆղանստանի Չաման և Թորքխամ պահակակետերը:

Մինչև 2009 թ. Հարավային երթուղով տեղափոխվում էր ԱԱՄՈՒ-ին անհրաժեշտ պարենի, զենքի ու զինամթերքի ավելի քան 80%-ը (քանի որ Աֆղանստանում երկաթուղի չկա, նրա տարածքով տեղափոխումը կատարվում է բեռնատարներով): Հարավային երթուղին անցնում է Պակիստանի փուշտունաբնակ տարածքներով, որոնց բնակչությունը թշնամաբար է տրամադրված միջազգային ուժերի նկատմամբ: 2009 թ.-ից այդ երթուղին վտանգավոր է դարձել նաև ավազակախմբերի հաճախակի հարձակումների պատճառով:

Այս հանգամանքների թելադրանքով մշակվել է այլընտրանքային` Հյուսիսային երթուղին (որն անցնում է Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի տարածքներով), որը համարյա կրկնակի երկար ու ծախսատար է, քան Հարավայինը: Բացի այդ, դրանք ոչ մահաբեր բեռների համար են (ըստ պայմանավորվածության` զենք տեղափոխել չի կարելի):

Հյուսիսային երթուղին ներառում է երեք ճանապարհ.

ա) դաշինքի անդամ երկրներից ծովով մինչև Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակայանը, այնուհետև երկաթուղով, Վրաստանի Փոթի նավահանգստով, Թբիլիսիով մինչև Բաքու, Կասպից ծովն անցնելուց հետո` ավտոմոբիլային ճանապարհով` Ղազախստանով ու Ղրղըզստանով Աֆղանստան,

բ) Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայի` դաշինքի անդամ երկրներից ծովով մինչև Ռիգա (Լատվիա), Տալլին (Էստոնիա) և Կլայպեդա (Լիտվա), երկաթուղով` Մոսկվա, Ուլյանովսկ և Աստրախան (Ռուսաստան) – Ղազախստան – Տաշքենդ (Ուզբեկստան) – Թերմեզ-Հայրատոն սահմանային անցակետ, ապա ավտոմոբիլներով` Աֆղանստան,

գ) Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայի` դաշինքի անդամ երկրներից ծովով մինչև Ռիգա (Լատվիա), Տալլին (Էստոնիա) և Կլայպեդա (Լիտվա), երկաթուղով` Մոսկվա, Ուլյանովսկ և Աստրախան (Ռուսաստան) – Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստան – Աֆղանստան (ավտոմոբիլներով): ՆԱՏՕ-ի առաջին գնացքը 2010 թ. մայիսի 14-ին դուրս եկավ Ռիգայից և հունիսի 9-ին հասավ Աֆղանստան:

Հարավային երթուղին փակվելու վտանգի է ենթակա նաև ԱՄՆ-ի ու Պակիստանի հարաբերությունների սրման դեպքում: 2011 թ. նոյեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի մի քանի մարտական ուղղաթիռների հասցրած հարվածներից զոհվեցին պակիստանցի 24 զինվորական, ևս 14-ը վիրավորվեցին: Ի պատասխան` Պակիստանը 7 ամսով փակեց Հարավային երթուղին և պահանջեց, որ ԱՄՆ-ը իր անօդաչու թռչող սարքերը հանի Շամսիի ռազմակայանից: ԱՄՆ-ը մնաց կրկնակի թանկ Հյուսիսային երթուղու հույսին: Եվ միայն Պակիստանին 1.2 մլրդ դոլարի օգնության խոստումից հետո Պակիստանը բացեց իր տարածքով անցնող ճանապարհը, որը հիմնականն է զորքերի դուրսբերման համար:

Հյուսիսային երթուղու հետ կապված խնդիրներ նույնպես կան. Ուզբեկստանը չի ցանկանում, որ բեռները Աֆղանստանից փոխադրվեն հակառակ ուղղությամբ (դուրս), քանի որ վախենում է իր տարածքում թմրանյութերի և զենքի հայտնվելուց (Աֆղանստանից եկող բոլոր շարժակազմերը վերահսկել հնարավոր չէ): Բացի այդ, ուզբեկ պաշտոնյաները կամայականություններ են անում (օրինակ՝ կարող են անհիմն արգելել գնացքի տեղաշարժը), խոչընդոտում փոխադրումները, կաշառք պահանջում դրա դիմաց (միայն 2011-2012 թթ. Վաշինգտոնը փոխադրումների համար 500 մլն դոլար է փոխանցել կենտրոնասիական երկրներին): ԱՄՆ-ի համար անսպասելի էին նաև «Մանաս» ավիաբազայից իր օգտվելու ընթացքում Ղրղըզստանի (ենթադրաբար` Ռուսաստանի ճնշմամբ) հարուցած խոչընդոտները:

Այսպիսով, զորքերի դուրսբերման ապահով երթուղիներ գտնելը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար օրախնդիր է: Անշուշտ, կան իրական տարբերակներ, որոնցից մեկի համաձայն` ՆԱՏՕ-ի բեռները պետք է օդային ճանապարհով, այդ թվում ռուսական ինքնաթիռներով Աֆղանստանից հասցվեն Ռուսաստան` շրջանցելով Ուզբեկստանը (Ուլյանովսկից` գնացքներով Մերձբալթիկա): Սակայն անցյալ տասնամյակի փորձը ցույց տվեց, որ ճանապարհների հարցում ԱՄՆ-ը չունի մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ: Ուստի, հարց է ծագում` հնարավոր չէ արդյոք զորքերը դուրս բերել… Իրանի տարածքով: Չէ որ դա ամենակարճ ճանապարհն է դեպի ծով:

Հետաքրքիր է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները կտրուկ լավացել են: Քաղաքագետ Իգոր Մուրադյանը դա հրաշք է համարում. «Վաշինգտոնում պարզապես հրաշքներ են կատարվում, նման բան չէր եղել 34 տարի` Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր»,- գրում է քաղաքագետը և կանխատեսում. «ԱՄՆ եւ Իրանի գործընկերությունը կհանգեցնի աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխության Մաղրիբից Չինաստան ահռելի տարածությունում, ասենք, նաեւ ողջ աշխարհում: Անկասկած է, թե որքան դրական կարող են լինել իրանա-ամերիկյան հարաբերության կարգավորման հետևանքները»: Արդյո՞ք առաջին հետևանքը չի լինի հենց այն, որ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս կբերվեն իրանական երթուղով: Միգուցե ամերիկա-իրանական հարաբերությունների ջերմացման բուն պատճառը հենց դա՞ է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ռազմաքաղաքական


31/10/2013