Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ` «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻ՞Ք»



ԱՄՆ-ը և իր դաշնակիցները 2014 թ. Աֆղանստանից դուրս կբերեն իրենց զինված ուժերը: Այս առթիվ վերլուծաբանները փորձում են պատասխանել երկու հարցի. ա) ի՞նչ արդյունք տվեց 2001-2013 թթ. օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում, բ) այդ երկրում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ի՞նչ կկատարվի օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո: Ըստ առաջին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումների` վերլուծաբաններին կարելի է բաժանել լավատեսների և հոռետեսների:

ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

12 տարվա ընթացքում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ՀԱՋՈՂՎԵԼ Է`

– ոչնչացնել առնվազն 10 անգամ շատ թալիբի, քան դաշինքի զոհերի թիվն է: Վերջինս, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 3000-7000 մարդ, ևս 763 զոհ տվել են մասնավոր ռազմական ընկերությունները,

– ոչնչացնել Ուսամա բեն Լադենին,

– 10 անգամ նվազեցնել և տեղայնացնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները,

– կտրուկ նվազեցնել աշխարհի բոլոր երկրների, նախևառաջ` ԱՊՀ պետությունների դեմ ահաբեկչական սպառնալիքը,

– վերջին 12 տարիներին բացառել ահաբեկչական լայնամասշտաբ գրոհներն աշխարհում, կազմակերպական ու գաղափարախոսական առումով քայքայել ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների միջազգային ցանցը,

– ի ցույց դնել միջազգային ամբողջ հանրության համերաշխությունն ու փոխգործակցությունը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում,

– պահպանել Աֆղանստանի` որպես ՄԱԿ-ի անդամի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,

– միջազգային աջակցության բազմաթիվ ծրագրերում ընդգրկելու միջոցով զարգացման հնարավորություն ընձեռել Աֆղանստանին,

– վերացնել թալիբների` երկրում քաղաքական իշխանություն լինելու մենաշնորհը,

– նվազեցնել Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրներում թմրանյութերի տարածման վտանգը,

– նվազեցնել տարածաշրջանի և ԱՊՀ երկրներ ահաբեկիչներից կազմված ավազակախմբերի ներխուժման վտանգը,

– մեծ մասշտաբի մարդասիրական և խաղաղարար գործողությունների փորձ ձեռք բերել,

– որակապես նոր մարտական փորձ ձեռք բերել` կիրառելով ու փորձարկելով սպառազինության ժամանակակից տեսակներ, մշակելով յուրահատուկ պայմաններում պատերազմ վարելու ռազմավարություն ու մարտավարություն,

– ավելացնել ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը,

– վերաձևել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, այն դարձնել արևմտյան արժեքների համար ավելի բաց, և այդ գործընթացը դարձնել անհակադարձելի,

– աֆղան ժողովրդին ընձեռել իր ապագան ինքնուրույն կերտելու հնարավորություն,

– կանխել երրորդ աշխարհի երկրների և ԱՄՆ-ի դիմակայությունը:

ՀՈՌԵՏԵՍՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՄՆ-ԻՆ և ՆՐԱ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ`

– խաղաղություն հաստատել Աֆղանստանում, նվազեցնել Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի վտանգը,

– չեզոքացնել թալիբներին` որպես քաղաքական ուժի,

– ամրապնդել Քաբուլի դրածո վարչակարգը, ստեղծել մարտունակ աֆղանական բանակ, որն ի վիճակի լիներ պաշտպանելու կենտրոնական իշխանությունը,

– շահել աֆղան բնակչության համակրանքն ու աջակցությունը, բարելավել նրա կյանքի որակը (Աֆղանստանի տնտեսության մեջ ներդրումներ, սոցիալական ոլորտում` համակարգային փոփոխություններ չեն արվել),

– Աֆղանստանում ստեղծել արևմտամետ քաղաքական ուժեր,

– նվազեցնել երկրում տիրող անիշխանության ու բռնության մակարդակը (քաղաքացիական բնակչության մահացության դեպքերի 82%-ի պատճառը ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական գործունեությունն է),

– արմատախիլ անել միջազգային ահաբեկչությունը, ինչը 2001 թ. հայտարարվել էր որպես Աֆղանստան ներխուժելու նպատակ,

– վերահսկել ու նվազեցնել թմրանյութերի արտադրությունն Աֆղանստանում,

– դուրս չգալ ժամանակային սեղմ շրջանակներից,

– լուծել ռազմավարական խնդիրներ` տապալել Պակիստանի և Իրանի վարչակարգերը, արգելել Պակիստանի միջոցով Չինաստանի «ելքը» Պարսից ծով, ապակայունացնել իրավիճակը Կենտրոնական Ասիայում, իրականացնել տրանսպորտային-հաղորդակցական հանդուգն ծրագրեր, ինչպիսիք են «Նաբուկոն», «Տրասեկան», Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի, «Գվադար-Քուշկա» երկաթուղու շինարարությունը,

– խուսափել համաշխարհային հեգեմոնի կարգավիճակի կորստից,

– ձեռքբերումներին համարժեք գին վճարել տարածաշրջան մտնելու համար (այսինքն` Աֆղանստանում ԱՄՆ-ի մարդկային և նյութական կորուստներն ավելի մեծ են, քան ձեռքբերումները):

Ըստ այդմ, որոշ վերլուծաբաններ արդարացված չեն համարում Աֆղանստանում ԱՄՆ-ի և դաշնակիցների ներկայության 12 տարիների ընթացքում տված հազարավոր զոհերն ու նյութական ահռելի ծախսը:

Աֆղանստանի հարցում հոռետես վերլուծաբանները կարծես ավելի շատ են և ավելի հեղինակավոր: Ուստի առաջանում է աֆղանական ռազմարշավի անարդյունավետությունը բացատրելու անհրաժեշտություն: Դրա համար կարելի է առաջ քաշել երկու վարկած. ա) ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին «անկեղծորեն» տանուլ տվեց աֆղանական ռազմարշավը, բ) ԱՄՆ-ի ռազմավարների նպատակն ի սկզբանե այլ էր, և «(համարյա բոլոր) գործերն առաջ են գնում պլանի համաձայն»:

Առաջին վարկածի դեպքում, նախ, անհավանական է թվում, որ գերտերությունը կարող էր այդքան սխալվել իր հաշվարկներում (մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Աֆղանստան ներխուժելու առիթը` 2011 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նույնիսկ ԱՄՆ-ում շատերը համարում են հատուկ ծառայությունների մասնակցությամբ կամ թողտվությամբ կատարված գործողություն` արհեստականորեն ստեղծված «կազուս բելլի»` պատերազմի առիթ): Երկրորդ` հարց է ծագում` արդյո՞ք ԱՄՆ-ին աֆղանական ռազմարշավի մեջ ներքաշողներն ի սկզբանե նպատակ չէին հետապնդում գերտերությունը տնտեսապես թուլացնելու, այդ միջոցով համաշխարհային ճգնաժամ հրահրելու և ֆինանսական նրբին մանիպուլյացիաների շնորհիվ վիթխարի շահ ստանալու (պատմության մեջ նախադեպը կա): Սա քննարկման առանձին թեմա է:

Ինչ վերաբերում է «գործերն առաջ են գնում պլանի համաձայն» վարկածին, ապա այն հիմնավորելու համար վերլուծաբանները մատնանշում են Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերման հնարավոր աղետալի հետևանքներն ամբողջ տարածաշրջանի համար:

ԿԱ Ե՛Վ ՆՊԱՏԱԿ, Ե՛Վ ԼԾԱԿ

Վերլուծաբանները հավանական են համարում, որ միջազգային զորքերի դուրսբերումից հետո դարձյալ իշխանության կգան թալիբները: Եվ քանի որ այսօր նրանք ավելի թույլ են, քան 2001 թ., երբ միջազգային ուժերը ներխուժեցին Աֆղանստան, ապա պայքարը թալիբների և իշխանության մյուս տեղացի հավակնորդների միջև ավելի թեժ կարող է լինել: Դրա հետևանքով Աֆղանստանը կարող է մասնատվել կամ վերածվել կոնֆեդերացիայի. արևելքում և հարավում` թալիբներ, հյուսիսում և արևմուտքում` մոջահեդներ (դրան է միտված նաև Պակիստանի քաղաքականությունը): Բացի այդ, շատ հավանական է, որ թալիբները կփորձեն իրենց գաղափարախոսությունն ու օրենքները զինված պայքարի միջոցով պարտադրել հարևան պետությունների մահմեդականներին, ինչի հետևանքով ահաբեկչությունն ու պատերազմը «կտարածվեն» նաև Աֆղանստանի հարևան երկրներ: Դրանք են` Իրանը (արևմուտքում), Պակիստանը (հարավում և արևելքում), Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը (երեքն էլ հյուսիսում), Չինաստանը (արևելքում) և Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգը (հարավում), որի նկատմամբ հավակնություններ ունեն նաև Պակիստանն ու Չինաստանը: Նշված բոլոր երկրներում մահմեդական բնակչություն կա, ուստի բոլոր այդ երկրներն էլ վախենալու հիմք ունեն: Ընդ որում, միջինասիական պետություններում իրավիճակի ապակայունացումը լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի համար:

Աֆղանստանում թալիբները համարում են, որ թմրանյութերի արտադրությունն ու վաճառքը իրենց «միջուկային ռումբն» է Արևմուտքի դեմ (և ոչ միայն նրա. վերլուծաբանները կանխատեսում են, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Ռուսաստան մատակարարվող աֆղանական թմրանյութի ծավալը կեռապատկվի` հասնելով տարեկան 300 տոննայի): Հաշվի առնելով նաև սա` ակնհայտ է դառնում, որ Աֆղանստանը եվրասիական երկրների վրա ազդելու աշխարհաքաղաքական գործիք է: Այն օգտագործելու համար պետք է ունենալ ընդամենը նպատակ և գործիքը կառավարելու ունակություն: ԱՄՆ-ը այդ երկուսն էլ ունի:

Իսկապես. ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդները (Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը) վերոնշյալ ցուցակում են: Թալիբների և նրանց շարքերում կռվող բազմաթիվ վարձկանների միջոցով հրահրված անկայունությունը կարելի է օգտագործել, օրինակ՝ Չինաստանը, Հնդկաստանը ու Պակիստանը միմյանց դեմ պատերազմի մեջ ներքաշելու, Չինաստանի Սինծյան-Ույգուրական ինքնավար շրջանում իրավիճակն ապակայունացնելու, միջինասիական պետություններում հեղափոխություններ հրահրելու (մանավանդ, Ուզբեկստանում և Ղազախստանում իշխանափոխության ժամանակը մոտ է) և Եվրասիական միության նոր ստեղծվող հիմքերը խարխլելու, Իրանին նաև արևելքից հարվածելու և օղակի մեջ վերցնելու, ինչպես նաև Միջին Ասիայում ԱՄՆ-ի ազդեցությունը մեծացնելու նպատակներով:

Ինչ վերաբերում է «աշխարհաքաղաքական գործիքը» կառավարելու լծակներին, ապա համոզվելու համար, որ դրանք կան, բավական է նկատի առնել հետևյալը: Նախ, քաջ հայտնի է, որ թալիբների շարժման ակունքում կանգնած են Պակիստանի հատուկ ծառայություններն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (2001-2008 թթ. Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը նույնիսկ վախենում էր իր գաղտնի ծառայությունից` միջգերատեսչական հետախուզությունից, որն ավելի շատ ենթարկվում էր ամերիկյան հատուկ ծառայություններին, քան իրեն): Կարելի է չկասկածել, որ այդ շարժման մեջ ներքաշված են ԿՀՎ-ի բազմաթիվ գործակալներ: Վաղուց են տարածվում տեղեկություններ, որ ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ է վարում թալիբների հետ:

Երկրորդ` Աֆղանստան ներխուժելուն հաջորդած տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ին անկասկած հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանի թմրանյութերի բիզնեսի մի զգալի հատվածը` սկսած թմրանյութերի արտադրությունից, վերջացրած սպառումով: Հետևաբար` թալիբների վրա ազդելու ֆինանսական լծակներ նույնպես կան:

Երրորդ` վստահաբար վերահսկվում է նաև զենքի մատակարարումը թալիբներին: Համենայն դեպս, խոշոր մատակարարների մեջ անպայման կլինեն ԿՀՎ-ի ներկայացուցիչներ: Զենքի մատակարարումը նույնպես ազդեցության լծակ է:

Չորրորդ` Աֆղանստանի հասարակությունը ոտքից գլուխ կոռումպացված է, ինչին նպաստել են նաև ԱՄՆ-ի տրամադրած տասնյակ միլիոնավոր դոլարները: Փողն Աֆղանստանում հարց է լուծում: Լծա՞կ է` իհա՛րկե:

Հինգերորդ` նույնիսկ հիմնական զորախմբերի դուրսբերումից հետո Աֆղանստանում մնալու են ամերիկյան ստորաբաժանումներ, հրահանգիչներ, փոքր ռազմակայաններ, զենքի պահեստներ, զինվորական խորհրդատուներ, մասնավոր ռազմական ընկերություններ, այլ կերպ ասած` ռազմական ներկայություն լինելու է:

Վեցերորդ` սպառազինությունն ու ռազմական տեխնիկան դուրս բերելիս ԱՄՆ-ը ծրագրում է Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ստեղծել տարանցիկ փոխադրամիջոցային կենտրոններ: Ուստի զենքը կարելի է նվիրել որևէ երկրի կամ երկրների` փոխելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը (օրինակ՝ Ուզբեկստանը խնդրում է ամերիկյան զենքը): Նույնիսկ զենք նվիրելու սպառնալիքով կարելի է ինչ-որ մեկից ինչ-որ բան կորզել: Լծա՞կ է` անշո՛ւշտ:

Այսպիսով՝ միջազգային ուժերի հեռանալուց հետո Աֆղանստանը վերածվելու է ԱՄՆ-ի կողմից «վերահսկելի անկայունության» օջախի: Հետևաբար` ավելի փաստարկված է աֆղանական ռազմարշավի անարդյունավետությունը բացատրող այն վարկածը, ըստ որի` «գործերն առաջ են գնում պլանի համաձայն»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


31/10/2013