Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԼԻԿԸ



-Սահմանամերձ շեներում հիմա խաղաղ է, և մի պահ, երբ մտովի տեղափոխվում ես այն տարիները, երբ պատերազմ էր, մարդկային ճակատագրեր էին ընդհատվում արկի բեկորներից, գիշեր ու ցերեկ սուրացող գնդակներից, նորից ու նոր հպարտություն ես ապրում` տեսնելով այն տղաներին, ովքեր աներևակայելի հերոսությամբ պահեցին մեր տները, կարոտում ես այն տղաներին, ովքեր զոհվեցին զենքը ձեռքին, մայրերին, ովքեր զոհվեցին հացը թոնրի կողին խփելիս, այն երեխաներին, ովքեր գիրքը թևատակին տուն էին գալիս դպրոցից: Օլյան, որին Կոթի գյուղում բոլորը Օլիկ էին ասում, մահացավ պատերազմից հետո: Հիմա ննջում է գյուղի գերեզմանոցում` ծնողների` Ղազարի և Իսկուհու կողքին: Օլիկը, մեր Օլիկը, որը պատերազմի ամեն մի օր կարող էր զոհվել, ապրեց: Նրա ապրած կյանքին ծանոթ կոթեցիները հայրենասիրություն բառի իմաստը հասկանում են Օլիկի ապրած կյանքի օրինակով: Օլիկը մեր գյուղի ոգին էր, այն ծանր օրերին մեզ ոգեշնչողն ու հավատ տարածողը:

– Ուզում ենք, որ մեր Օլիկի մասին հիշողությունները միշտ վառ մնան, փոխանցվեն սերնդեսերունդ,- ասացին կոթեցի Թաթուլ և Սպարտակ Խաչիկյան եղբայրները:

Գյուղը հերթական անգամ ռմբակոծվում էր, և արկերը պայթում էին գյուղի տարբեր կողմերում: Օլյան, որին բոլորը Օլիկ էին ասում, նորից ապաստարանում չէր: Այնտեղ գտնվողների համար արդեն սովորական էր, գիտեին, որ նա շրջում է գյուղի փողոցներով, ջուրը շուռ է տալիս առաջին պատահած այգին, հետո ձեռքի տոպրակներով մտնում պատահած տուն: Թե ամառ էր լինում, մի տոպրակում հավաքած փայտի կտորները, հին կոշիկները, ռեզինի կտորները այրում, գցում էր թոնիր, եթե ձմեռ էր, վառում էր վառարանը ու այդպես անցնում տնից տուն: Այն տները, որոնք դատարկ էին, առանց տանտերերի նորից ջերմանում էին, ու ծուխը բարձրանում էր երկինք. «Թող թշամին տեսնի, որ գյուղը կա, որ գյուղում դատարկ տներ չկան», – ինքնիրեն խոսում էր Օլիկը ու քայլում փողոցներով: Ապաստարաններում գտնվողները տեսնում էին երդիկներից բարձրացող ծուխն ու ոգևորված ձայնում. «Օլիկն էլի վառեց շենի օջախները»:

Ձեռքի տոպրակներից մեկը միշտ լցվում-դատարկվում էր օջախները վառելիս, իսկ մի տոպրակը միշտ իրենից անբաժան էր: Երբ հասնում էին ապաստարան, մոտը միայն մի տոպրակն էր: Գյուղացիները չէին հարցնում պարունակության մասին: Գիտեին, որ մահացած ծնողների ու եղբոր մեծադիր լուսանկարներն են: Ռմբակոծությունների ժամանակ տնից միայն այդ էր վերցնում հետը. «Ով գիտի, մեկ էլ տեսար արկն ընկավ տան վրա, տունը այրվեց, ամեն ինչ նորից ձեռք կգա, իսկ ծնողներիցս ու եղբորիցս մնացել են միայն այս նկարները, – ասում էր Օլիկը»:

-Գյուղի փողոցներում Օլիկին իրենից անբաժան տոպրակի հետ հանդիպելիս միշտ հիշում էի Գ. Զոհրապի «Ճիտին պարտքը» ու մեկ էլ Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը, – պատմում է Սպարտակ Խաչիկյանը, – հիշու՞մ եք` «Ավելորդը» պատմվածքում, երբ գաղթի ժամանակ մեծահարուստ եղբայրը տան իրերը բարձում է սայլը ու տեղ չի մնում հաշմանդամ քրոջ համար, երբ նրան այդ մասին հիշեցնում են, ասում է. «Նա ավելորդ է»: Նայում էի Օլիկին ու մտածում, թե այդ ինչ սեր է, ինչ նվիրվածություն, հավատ ծնողի, եղբոր հանդեպ, այդ ինչ թակարդված կարոտ է բաբախում նրա սրտում:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Հոգևոր-մշակութային


31/10/2013