Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԼԻԵՎՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ԹԵ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ»



Ադրբեջանում հետընտրական զարգացումների եւ այդ պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ «Հայ զինվորի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, ք.գ.թ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ:

-Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ, Իլհամ Ալիեւը վերընտրվեց: Ինչո՞վ էին տարբերվում նախագահական այս ընտրությունները նախորդներից:

-Իլհամ Ալիեւի վերընտրումից հետո տեղի ունեցան մի շարք հետաքրքիր զարգացումներ: Նախագահական ընտրությունների արդյունքները ԿԸՀ կողմից հայտարարելուց երկու օր անց Սահմանադրական դատարանը հաստատեց այն, եւ նույն օրն էլ Ադրբեջանի խորհրդարանում տեղի ունեցավ Իլհամ Ալիեւի երդմնակալությունը: Նման հապճեպությունը բավականին զավեշտալի էր: Ադրբեջանի ԿԸՀ-ն եւ ՍԴ-ն չէին հետազոտել ընդդիմադիրների բողոքները, որոնք պարտավոր էին քննարկել 14 օրվա ընթացքում: Երդմնակալության արարողությունը անցկացվեց առանց որեւէ արտասահմանյան դեսպանի, դիվանագետի կամ հյուրի մասնակցության, անգամ հեռուստացույցով չհեռարձակվեց: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասըմովը այդ ամենը բացատրեց Ալիեւի համեստությամբ, ինչը այնքան էլ լուրջ փաստարկ չէ: Ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ իշխանությունը շփոթված էր, քանի որ ընտրությունների արդյունքները կեղծված էին, եւ այդպիսով փորձել են կանխել բանավեճերը, հասարակությանը կանգնեցնել փաստի առաջ: Ընտրության արդյունքների հապճեպ պաշտոնականացումն ու երդմնակալությունը փաստորեն ապացուցում են, որ իշխանությունը բռնազավթվել է:

-Ալիևն ընտրվեց երրորդ անգամ, սա ի սկզբանե դեմ է արևմտյան ժողովրդավարության սկզբունքներին: Արեւմուտքը չշնորհավորեց Իլհամ Ալիեւին եւ քննադատեց Ադրբեջանի նախագահական ընտրությունները, Ալիեւի վարչախումբը Արեւմուտքի հետ բանավեճում դրսեւորեց հարձակողական ոճ: Ինչպե՞ս բացատրել այս պահվածքը:

– Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները քննադատեց ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը` համարելով դրանք միջազգային չափանիշներից շատ հեռու: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք քննադատում են հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները: Այնուհետեւ ադրբեջանցի պաշտոնյաներն սկսեցին ապատեղեկատվություն տարածել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների անունից: Այդ գործին լծվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը եւ իր սկանդալային հայտարարությամբ մեղադրեց ԱՄՆ-ին ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ` նշելով, թե ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խորհուրդ էին տալիս Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ընտրողների ձայների 25%-ը և թողնել 75%-ը, իբր թե ձայների այդպիսի հարաբերակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության գնահատականը կլիներ հավասարակշռված: Մեհտիևի հայտարարությունը առաջացրեց պաշտոնական Վաշինգտոնի զայրույթը: Այդ հայտարարությունները հերքեցին Բաքվում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները, ապա կոշտ հայտարարություններ հնչեցին նաեւ Վաշինգտոնից: Մեհտիևը իր հերթին քննադատեց նաև ԵԱՀԿ դիտորդներին՝ նրանց մեղադրելով երկակի չափանիշների կիրառման մեջ` նշելով, որ ԵԱՀԿ դիտորդները երբեք Ադրբեջանում կայացած ընտրություններին նման կոշտ գնահատական չէին տվել, եւ որ նրանց նախնական զեկույցը հիմնված է ընդդիմության կողմից տարածված ստի և կեղծիքների վրա՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հերքեց նաեւ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ դեսպան Մորնինգսթարին վերագրված այն միտքը, թե իբր ընտրություններն արդեն անցյալում են, եւ հետընտրական գնահատականները չեն կարող փոխել արդյունքները: Սակայն Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունն սպառնացել է դեսպանին, թե կհրապարակեն Սաֆար Աբիեւի հետ առանձնազրույցի ձայնագրությունը եւ կապացուցեն, որ մեջբերումը բառացի է: Այս միջադեպերը լարվածություն ստեղծեցին երկկողմ հարաբերություններում: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ Բաքուն իր արտաքին քաղաքականությունում պատրաստվում է որոշ շտկումներ անել:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքուն կվերադառնա ռուսամետ քաղաքականության:

– Ռուսաստանի հետ հարաբերությունները կարծես փոքր-ինչ բարելավվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսյան այցից հետո: Չնայած բավականին հետաքրքիր էր, որ այցը պետք է երկօրյա լիներ, բայց այն տեւեց մեկ օր` Պուտինը նույն օրը մեկնեց Բաքվից, նաեւ` ՌԴ նախագահը Բաքու ժամանեց` Կասպյան նավակազմի մարտական նավերի ուղեկցությամբ: Փորձագետները սա որակեցին որպես Ալիեւին նվաստացնելու եւ սեփական հզորությունն ընդգծելու (թե Ռուսաստանը միակ իրական ուժն է Կասպից ծովում) միջոց: Անցավ երկու ամիս, եւ մի միջադեպի հետեւանքով (ադրբեջանցի Օրհան Զեյնալովը հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Հարավային Բիրյուլեւո շրջանում սպանեց 25-ամյա Եգոր Շերբակովին) Ռուսաստանում բավականին լուրջ հակաադրբեջանական հիստերիա բորբոքվեց: Մեկ օր անց ադրբեջանցի փորձագետներն ու լրագրողները բաց նամակներով դիմեցին Իլհամ Ալիեւին` շեշտելով, որ Ադրբեջանին եվրաինտեգրումը պետք չէ, եւ որ Մաքսային միությանն անդամակցելը ավելի հրատապ է: Դժվար թե սա պատահական զուգադիպություն լինի: Մոսկվան, իհարկե, նկատում է, որ իր հարավային սահմաններում ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ` Ադրբեջանի միջամտությամբ: Ռուսաստանը մեր տարածաշրջանը միշտ դիտարկել է որպես «իր» տարածք, սա դարերի քաղաքականություն է, եւ երբ տարածաշրջանում ակտիվանում են երրորդ ուժերը, նա օգտագործում է իր լծակները: Ադրբեջանական իշխող վերնախավի այն հայտարարությունները, թե իրենք վարում են կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եւ ոչ մեկից կախում չունեն, ճիշտ չէ: Ադրբեջանը այսօր խոցելի վիճակում է եւ կախում ունի նաեւ Իրանից ու Թուրքիայից:

-Հեյդար Ալիեւի հայտնի` «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւն այսօր հրատապ չէ՞:

-Այդ բանաձեւը կիրառելի է միայն այն դեպքում, երբ նրանք համախմբվում են հակահայկական որեւէ գործողություն իրականացնելու համար: Իրականում՝ խնդիրներ պարբերաբար առաջանում են, օրինակ՝ Ադրբեջանից ներկրվող գազի սակագնի կամ Ադրբեջանի՝ Թուրքիային ունեցած էլեկտրաէներգիայի պարտքերի շուրջ, անգամ մշակութային հարցերի շուրջ են անհամաձայնություններ լինում: Թուրքերն ադրբեջանցիներին համարում են «երկրորդ կարգի» մարդ, ադրբեջանցիներն էլ են սա լավ տեսնում ու հասկանում: Երկկողմ հարաբերություններում մյուս խնդիրը մահմեդական աղանդներն են, որ բավականին ակտիվորեն գործում են Ադրբեջանի տարածքում, դրանք սուննիական ուղղվածություն ունեն, իսկ Ադրբեջանի բնակչության գերակշիռ մասը շիաներ են: Այն ակտիվ քարոզը, որ տարվում է Ադրբեջանում, կրոնական դպրոցները, որ բացվում են, ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից: Քարոզիչները համարվում են Թուրքիայի լրտեսներ, նրանք ծայրահեղական մահմեդականներ են, որոնք ադրբեջանական վարչակարգի համար կարող են լուրջ խնդիրներ հարուցել: Նաեւ այս պատճառով է, որ Ադրբեջանը չի վերացնում վիզային ռեժիմը Թուրքիայի հետ (հակառակ ուղղությամբ վիզային ռեժիմը չի գործում), Ադրբեջանը այդպիսով որոշ չափով կանխում է միսիոներների եւ կրոնական ակտիվիստների ներթափանցումը իր երկրի տարածք, նաեւ՝ թուրքական տնտեսական էքսպանսիան:

– Ադրբեջան-Իրան հարաբերություններին էլ անդրադառնանք:

-Ադրբեջան-Իրան հարաբերությունները պարունակում են սառը պատերազմին բնորոշ տարրեր, նախեւառաջ Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության պատճառով: Հաճախ է խոսվում, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմակայաններ կան, որ ադրբեջանական հետախուզությունն ակտիվորեն աշխատում է Իրանի դեմ: Նաեւ` Ադրբեջանն սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը: Խնդրո առարկան իրանական Ատրպատականն է: Ադրբեջանը, հիմք ընդունելով այստեղի բնակչության թյուրքալեզու լինելը, փորձում է անջատողական գաղափարներ ներմուծել: Մշակութային առումով էլ են խնդիրներ ծագում: Արդբեջանը խեղաթյուրում է իրանական հարուստ մշակույթը: Օրինակ` այդ քաղաքականության հետևանք էր այն, որ Ադրբեջանում իրանցի պոետ Նիզամիի գերեզմանաքարի վրա պարսկերեն գրությունները ոչնչացվեցին:

-Ամփոփենք մեր զրույցը հետեւյալ հարցով. Իլհամ Ալիեւի առաջին կադրային նշանակման հետեւանքով պաշտպանության նախարարի պաշտոնում ազգությամբ լեզգի Սաֆար Աբիեւին փոխարինեց Զաքիր Հասանովը: Այս փոփոխությունը որակվեց որպես երկրում ազգային փոքրամասնությունների դիրքերը թուլացնելու փորձ:

– Այո՛, փոփոխությունը կարելի է դիտարկել նաեւ այդ տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ռազմական ակադեմիայի կուրսանտները պարբերաբար նամակներ են հրապարակում մամուլում, որոնք ուղղված են Իլհամ Ալիեւին: Նրանք նշում են, որ իրենց ղեկավարության եւ սպայական կազմի զգալի մասը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, հիմնականում լեզգիներ ու ավարներ, եւ այս փաստը որակվում է որպես Սաֆար Աբիեւի շովինիստական քաղաքականության դրսևորում, ընդգծվում էր, որ ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում պետականության ապագայի համար: Պաշտպանության նախարարի փոփոխության մյուս պատճառն այն է, որ այս ոլորտում իրավիճակը չի բարելավվում: Պաշտոնական տվյալների համաձայն` անցած տարի ադրբեջանական ԶՈՒ կորուստները հասել են 100-ի, դրանց 70%-ը` ոչ մարտական պայմաններում: Բանակում խնդիրները շատ են, օրինակ՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Նախիջեւանի շրջանում ծառայող երիտասարդներին ստիպում են Իրանի տարածքում աղբամաններից շիշ հավաքել, որպեսզի իրենց հրամանատարները գումար վաստակեն: Սակայն հարց է` կհաջողվի՞ արդյոք Զաքիր Հասանովին փոխել իրավիճակը: Նա մինչ այդ եղել է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը: Այս կառույցը թիկունքային է, սակայն անցած տարվա ընթացքում չորս զոհ է ունեցել, որից երկուսը ինքնասպանություն, այսինքն՝ այս մարդու կողմից վերահսկվող համակարգում էլ են խնդիրներ եղել: Զաքիր Հասանովը այդ կառույցն օգտագործել է երկրում անկարգություններն ու բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու գործընթացում, եւ դրա համար էլ պարգեւատրվել է նոր պաշտոնով ու գեներալ-գնդապետի կոչումով: Փաստորեն, այս նշանակման նպատակը ոչ թե բանակում բարեփոխումներ իրականացնելն է, այլ իշխանության ամրապնդումը: Ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Հասանովը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին եւ նշել, որ պատերազմի դեպքում ադրբեջանական բանակը հարձակվող է լինելու, ուստի ավելի շատ ուշադրություն է հատկացնելու բանակի մարտական պատրաստությանը: Նա ասել է, որ զորավարժությունների արդյունավետ անցկացման համար Բաքվից ոչ հեռու հատկացվել է մի տարածք, որի աշխարհագրական պայմանները շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի լեռնային լանդշաֆտին: Հասանովը պատերազմի տարիներին աշխատում էր Ալթայի մարզային զինկոմիսարիատում: Ըստ հրապարակված կենսագրության՝ նա Ադրբեջան է վերադարձել 1993 թվականին: Ադրբեջանական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին: Աբիեւն, իհարկե, ավելի վատ օրինակ է, նա այն հրամանատարներից էր, որոնք փախչում էին պատերազմի դաշտից, բայց Հասանովը, որը ժամանակին պատերազմի չի մասնակցել, այսօր որոշել է զինվորներին նախապատրաստել կռվելու: Սադրանքները, սպառնալիքները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության տապալումը ցույց են տալիս, որ նորանշանակ պաշտպանության նախարարը Սաֆար Աբիեւից ոչնչով չի տարբերվում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


31/10/2013