«ԲԱԼԻ ՊԱՊԻՍ ՍԽՐԱՆՔՆ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է»
Փառավորվում եմ, երբ նվիրում ու խանդավառություն եմ տեսնում զինվորականների երիտասարդ սերնդի մեջ: Երջանկանում եմ, երբ վաղվա հզոր բանակի, ասել է թե՝ պաշտպանված երկրի երաշխիքները կերտվում են այսօր, իմ աչքի առաջ:
Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 տարեկան է
-Պարոն Սարգսյան, տարին հոբելյանական էր Ձեզ համար, Դուք դարձաք 70 տարեկան: Շնորհավորում եմ «Հայ զինվորի» եւ մեր ընթերցողների անունից ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ երկարակեցություն, առողջություն, հաջողություն… Մաղթում եմ, որ շարունակեք ապրել ու աշխատել նույն եռանդով, երիտասարդական ավյունով: Ի դեպ, ես բոլորովին վերջերս եմ իմացել, որ Դուք բանաստեղծություններ եք գրում: Ու հիմա, խախտելով պաշտոնական հարցազրույցի ընդունված կարգը, եկեք մեր զրույցն սկսենք թերեւս Ձեր կյանքի ամենասրտառուչ իրողությամբ՝ առաջին սիրո պատմությամբ:
-Սեւակը կասեր՝ առաջին սերը, ինչպես որ հացը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում:
-Տխրեցի՞ք…
-Իմ առաջին սերը մերժեց ինձ: Նամակ էի գրել նրան, մի էնպիսի նամակ էի գրել, որ քարի գութը կշարժեր: Բայց, նա մերժեց: Ես մեծ ցավ ապրեցի: Դրանից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Գիտեք, ես հիմա էլ եմ շատ զգացմունքային, փխրուն…
-Լեգենդար Մուրազ Սարուխանիչը փխրո՞ւն…
-Դրանք տարբեր բաներ են… Հոգու խորքում ես շատ խոցելի եմ, զգայուն, հուզառատ:
-Գուցե երկրորդ սերը Ձեզ երջանկություն բերեց:
-Երկրորդ, երրորդ… չեմ հիշում: Հպանցիկ սերերն ու զվարճանքները հաջորդեցին իրար, բայց սիրտս մնաց փակ, անհաղորդ… մինչեւ ամուսնացա: Երբ ծառայությունից արձակուրդ եկա, մամաս երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ՝ թե պիտի ամուսնանաս: Հիշեց, որ պատանության տարիներին մի աղջկա էի հավանում՝ եղբորս հարեւանուհուն (անունը Վալյա): Ասաց՝ պիտի գնանք-ուզենք էդ աղջկան:
-Հետո՞…
-Ի՞նչ հետո… հո մանրամասն չեմ պատմելու, ամոթ է: Հանդիպումներ, խոստովանություն, հուզիչ պահեր «Ջամայկա» երգի հնչյունների տակ:
-Սիրում եմ այդ երգը:
– Ես էլ եմ սիրում, գեղեցիկ հիշողություններ է արթնացնում: Ամուսնացանք: Կարեւորը՝ մամաս շատ ուրախացավ, որ ընտանիք կազմեցի:
-Ո՞վ էր Ձեր մայրը:
-Մամաս աշխարհի ամենալավ կինն էր: Ասում են՝ էնքան սիրուն էր, որ նորահարս ժամանակ գյուղացիք հերթով գալիս էին, որ տեսնեն մորս: Նույնիսկ ամուսնու ու որդիների կորստից ծնված անամոք վիշտը, ուժից վեր տաժանակիր աշխատանքը, ճակատագրի՝ մեկը մյուսին հետեւող դաժան հարվածները չկարողացան խաթարել մորս գեղեցկությունը, չկարողացան մարել նրա հոգու պայծառ լույսը: Մայրս մնաց անսահման գթասիրտ, գլուխը բարձր, հպարտ, առաքինի, ազնիվ: Մամաս… աշխատանքից ճաքճքած ու կոշտացած մատներով, տաք-բարի աչքերով, անտրտունջ, ցավը ներսում… Մամաս… իմ Աստվածը, իմ խիղճը: Հուզվեցի՞ր… Դու էլ ինձ պես փխրուն սիրտ ունես:
-Ո՞րն էր Ձեր մանկության հեքիաթը:
-Ոչ թե որը, այլ՝ ով: Բալի պապս: Բալի պապս Ներքին Խոտանանի լեգենդներից էր: Դուք տեսե՞լ եք Խոտանանը:
-Չեմ տեսել:
-Խոտանանը հրաշք է: Սարալանջի վրա է, կողքին փոքրիկ անտառ կա, որտեղ հազար անգամ տանձ ու հոն եմ կերել, մոշ ու խնձոր, պնդուկ ու պոպոք… Հազար անգամ լողացել եմ Օխտար գետում, ձեռքերով կարմրախայտ եմ բռնել: Մեր գյուղում էնքան ծաղիկ կար՝ հոտավետ ու գույնզգույն: Օդը ծաղկի հոտ ուներ: Ամառը երկար էր ու արեւոտ, աշունը՝ գունավոր ու պտղաբեր, ձմեռը՝ կարճ ու ձյունառատ:
-Բալի պապը…
-Հա, Բալի պապս… Նա հաղթահասակ էր, քաջ, «մոսին ուսից կախ»՝ թուրքերի ահ ու սարսափն էր: Մեր գյուղի հնաբնակները մինչ օրս ասքեր են պատմում պապիս կյանքից: Մի օր Արջաձորից վերադառնալիս պապս նկատում է, թե ինչպես է թուրքը փորձում կտրել սպանված ջահել հայուհու մատը, որ հանի մատանին: Պապիս ճնշմամբ՝ թուրքը խոստովանում է, որ ինքն է սպանել աղջկան բռնաբարելուց հետո: Պապս հանում է սուրն ու մասնատում թուրքին: Թուրքերը վրիժառու են (թույլ մարդուն հատուկ է), հարյուր տարի էլ անցնի՝ ոխ կպահեն, միանգամից չեն պատասխանում, դեմ առ դեմ չեն կռվում, սպասում են հարմար պահի (պետք լինի՝ տարիներով կսպասեն): Որոշ ժամանակ անց ոհմակով վրա են տալիս պապիս: Կրակոցի ձայներ լսելով՝ ամբողջ գյուղը հավաքվում է եկեղեցում. պապս մնում է մենակ ոհմակի առաջ: Բայց չի հանձնվում: Միայնակ փոխհրաձգություն է սկսում թուրքերի հետ: Իններորդ զոհից հետո թուրքերը փախչում են:
-Թերեւս Բալի պապի արյունը Ձեզ բերեց զինվորական ասպարեզ:
-Եղբորս հարեւանը զինկոմիսարիատում էր աշխատում: Ասաց՝ դու արի, զինվորական դարձիր: Ամեն մարդ չի կարող զինվորական դառնալ, ու ամեն համազգեստ կրող չէ, որ զինվորական է: Բարձր տղամարդ պիտի լինի զինվորականը: Բուհում կարող են ռազմական գիտելիքներ տալ կուրսանտին, հղկել շարժուձեւը, բայց այն առաքինությունները, որ պիտի ունենա զինվորականը, թերեւս բնատուր է ու ամրապնդվում է ծնված օրվանից:
-Որո՞նք են այդ առաքինությունները:
-Առաջինը՝ պատվախնդրությունը: Քեզ ոչ ոք պատիվ չի նվիրի, դու պիտի մի ամբողջ կյանք նվիրես պատիվ վաստակելու բարեբախտությանը: Զինվորականը պիտի քաջ լինի: Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան քաջ տղամարդը:
-Չկա:
-Զինվորականը պիտի շիտակ լինի, ազնիվ լինի, գլուխը բարձր լինի:
-Մտավորակա՞ն է զինվորականը:
-Հա, մտավորական է, խելացի պիտի լինի, զարգացած, իրազեկ, կիրթ: …Կնոջ հետ վարվելու ձեւ պիտի իմանա, պիտի ճիշտ ապրի, ճիշտ ծառայի, ճիշտ սիրի:
-Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով հասնենք դրան, որ զինվորականը ճիշտ ապրի, ճիշտ ծառայի, ճիշտ սիրի:
-Պիտի սկսենք կրթել հասարակությանը, պիտի ճիշտ արժեհամակարգ, ճիշտ գաղափարախոսություն ներմուծենք մեր կյանք: Պիտի հասարակության մեջ հարգված լինեն ոչ թե շատ փող ունեցողները, այլ կրթված մարդիկ, երկրի համար գործ անող մարդիկ: Կիրթ մարդուն, մտավորական մարդուն, հայրենասեր մարդուն պիտի արժեք դարձնենք, հարգել իմանանք: …Պիտի այնպես անենք, որ նա արժանապատիվ ապրի:
-Դուք այն եզակի զինվորականներից եք, որ գեներալի կոչում եք ստացել խորհրդային տարիներին: Ես չեմ ուզում անդրադառնալ Ձեր զինվորական կենսագրությանը, միայն կասեմ, որ խորհրդային բանակում երեսունամյա փառահեղ վաստակից հետո եկաք հայրենիք ու մինչ օրս անձնվիրաբար ծառայում եք երկրի պաշտպանությանը: Ո՞րն է Ձեր ամենամեծ խորհուրդը հայ հրամանատարին:
-Երբեք չհավատաս, որ խստությունը, բռնությունը կամ պատիժները արդյունք կտան. ենթականերդ միշտ էլ դրանք շրջանցելու ձեւեր կգտնեն: Նախ ինքդ ծառայիր անմնացորդ, հոգուդ ամբողջ նվիրումով, որպեսզի ենթականերիդ սեր ու հավատ ներշնչես քո հանդեպ: Օգնիր նրանց, հավատա, վստահիր: Եթե ձախողվել են, ընկել են, թիկունք եղիր, որ բարձրանան: Խանդավառիր: Այնպես արա, որ ի հայտ բերես նրանց ներքին աշխարհի ամբողջ դրական ներուժը: Ես էնքան դժվար օրեր եմ տեսել: Մեր գյուղի բարքերին սովոր, միշտ ազնիվ, բարի, միամիտ մարդկանցով շրջապատված տղա՝ հանկարծ հայտնվեցի Թիֆլիսի հրետանային ուսումնարանում: Յուրաքանչյուր բացվող օրը մի նոր փորձություն էր բերում, ես բախվեցի կյանքին ու… չկոտրվեցի: Որովհետեւ ընտրեցի արդարության ու ազնվության ճանապարհը եւ մինչեւ վերջ հավատարիմ մնացի սկզբունքներիս:
-Պարոն գեներալ, ինչպե՞ս եք ապրում հիմա, ինչո՞վ եք ապրում, որո՞նք են Ձեր կյանքի մեծ ու փոքր ուրախությունները:
-Բանակով եմ ապրում, իմ օրը բացվում եւ մթնում է բանակի հետ: Ես շարունակում եմ զինվորական համազգեստ կրել, շարունակում եմ ծառայել երկրիս:
Իմ ընտանիքով եմ ապրում, որդիս զինվորական է, թոռնիկս՝ Իշխանը (Հայրենական պատերազմում զոհված եղբորս անունն եմ դրել) շարունակելու է հերթափոխը: Այսինքն՝ ես (իմ արյունը) դեռ երկար ժամանակ բանակի հետ եմ լինելու: Փառավորվում եմ, երբ նվիրում ու խանդավառություն եմ տեսնում զինվորականների երիտասարդ սերնդի մեջ: Երջանկանում եմ, երբ վաղվա հզոր բանակի, ասել է թե՝ պաշտպանված երկրի երաշխիքները կերտվում են այսօր, իմ աչքի առաջ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում