Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՈՉ ԹԵ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ



Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նկատի ունենալով` ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել բարձր աստիճանի մարտունակություն եւ ունակ լինել մշտապես գտնվելու բարձր մարտական պատրաստականության վիճակում: Ուստի սա է ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների գերակա նպատակը, որին կարելի է հասնել մարտական պատրաստության որակը բարձրացնելու եւ արդյունավետությունը մեծացնելու միջոցով:
Մարտական պատրաստության որակը կարելի է բարձրացնել պայմանագրային ծառայության եւ պայմանագրային սերժանտական ինստիտուտի ներդրման ճանապարհով: Ստորեւ կքննարկենք դրանց առանձնահատկությունները՝ օտարերկրյա ԶՈՒ փորձի հիման վրա:
Հետխորհրդային ռուսական ԶՈՒ ներքին ծառայության անտանելի վիճակը, որի նախադրյալները ստեղծվել էին դեռեւս խորհրդային ժամանակներում, հասարակական գիտակցության մեջ ձեւավորել էր այն համոզումը, որ «մասնագիտական /արհեստավարժ/ բանակը» նախապատվելի է զորահավաքի ճանապարհով համալրվող բանակից: Մասնագիտականը այն բանակն է, որը զբաղվում է բացառապես մարտական պատրաստությամբ, ինչը ընդհանրապես չի վերաբերում բանակի համալրմանը: Սակայն «մասնագիտական բանակ» ասելով երբեմն հասկանում են բացառապես պայմանագրային սկզբունքով համալրված բանակ: Դրա հետեւանքով առաջացել է հասկացությունների շփոթ՝ «վարձու բանակ» = «մասնագիտական բանակ» = «արհեստավարժ բանակ» = «պայմանագրային բանակ»:
Շատերն այն թյուր կարծիքին են, որ ԶՈՒ-ի զորահավաքային սկզբունքով համալրումը բնորոշ է ամբողջատիրական (տոտալիտար), իսկ վարձու սկզբունքով համալրումը` զարգացած դեմոկրատական պետություններին: Հավելենք նաեւ, որ «անցումը մասնագիտացված բանակին» դրույթը հասարակության մեջ սխալմամբ ընկալվել է որպես հոմանիշ «ռազմական բարեփոխում» հասկացությանը: Սակայն ինչպես պատմությունը, այնպես էլ օտարերկրյա ԶՈՒ փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ պայմանագրային հիմունքներով համալրված լինելը պատերազմի ժամանակ բանակին հաղթանակի երաշխիք չի տալիս:
Օրինակ՝ պայմանագրային բանակը ունակ չէ երկարատեւ մարտական գործողություններ վարելու:
Ղրիմի պատերազմի ժամանակ անգլիական վարձու բանակը, առաջին իսկ մարտերում կորցնելով իր անձնակազմի հիմնական մասը, չկարողացավ վերականգնել իր կորուստները (համալրվել) եւ կրեց փաստացի պարտություն:
Նույնը կատարվեց նաեւ 1897 թվականին` 250 000-անոց ֆրանսիական բանակի հետ, որը Սեդանի մոտ խայտառակ պարտություն կրեց Պրուսիայից: Չունենալով կադրային ունթեր-օֆիցերներ (ենթասպաներ)՝ ֆրանսիական նոր կազմավորված բանակը չկարողացավ արագորեն համապատասխան կադրերով համալրել գործող զորքն ու դիմադրել պրուսական բանակին:
Ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը, զինված ուժերի համալրման սկզբունքը պայմանավորվում է զինված ուժերի առջեւ դրված խնդիրներով, այլ ոչ թե երկրի քաղաքական ուղղվածությամբ կամ էլ տնտեսական մակարդակով:
Վարձկան բանակ ունեցող պետությունների մեծ մասը երրորդ աշխարհի թույլ զարգացած երկրներն են` Բանգլադեշը, Բուրունդին, Զամբիան, Զիմբաբվեն, Կամերունը, Նեպալը, Պապուա նոր Գվինեան, Ռուանդան, Ուգանդան, Եթովպիան եւ այլն: Այս երկրներում գոյություն ունեն տարբեր տեսակի քաղաքական ռասսայական, ազգային կամ ժողովրդագրական խնդիրներ: Դրա համար վարձու բանակը կազմավորվում է տեղացի բռնապետի համար եւ ծառայում հենց այդ ներքին խնդիրների լուծմանը:
Հայտնի է, որ Եվրոպայում միայն Ֆրանսիան ունի արտասահմանյան լեգեոն` վարձու զորախումբ, որը խնդիրներ է կատարում միմիայն արտասահմանում: Դա ամրագրված է օրենքով:
Զորակոչային հիմունքներով զինված ուժեր ունեցող պետություններից են զարգացած այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Իսրայելը, Կորեայի Հանրապետությունը, Սինգապուրը, Թայվանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Իտալիան, Չինաստանը, Ֆրանսիան: Այս երկրներից ցանկացածը անտարակույս, հեշտությամբ կհաղթի վարձու բանակ ունեցող վերը նշված երկրներին:
Բացի դրանից, ինչպես պնդում են գերմանացի փորձագետները, վարձկանների ծառայության գլխավոր շարժառիթը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է, այլ՝ ծառայության դիմաց վճարվող գումարը եւ պետական արտոնություններից օգտվելը: Ուստի նրանք խուսափում են լիովին ներգրավվել մարտական գործողությունների մեջ՝ գիտակցելով մահվան սպառնալիքը կամ վիրավորվելու մեծ հավանականությունը:
Իրական պատերազմի պայմաններում վարձու բանակի կայունությունը (տոկունությունը) արագ անկում է ապրում՝ հավասարվելով զրոյի: Բնորոշ օրինակ է հենց Քուվեյթի նախկին վարձու (արհեստավարժ) բանակը: Մասնագետների գնահատմամբ տարածաշրջանի հզոր, մեծ ներուժ ունեցող Քուվեյթի զինված ուժերը չկարողացան դիմադրություն ցույց տալ 1990 թվականի օգոստոսին Իրաքի սանձազերծած ագրեսիային: Հենց այստեղ է, որ դրսեւորվեց ներքին «մոտիվացիան» եւ ոչ թե ուժերի հարաբերակցությունը:
Հետաքրքիր է, որ ազատագրվելուց անմիջապես հետո՝ 1991 թվականի փետրվարին, Քուվեյթը որդեգրեց զինված ուժերը զորակոչի միջոցով համալրելու սկզբունքը:
Ի վերջո, եթե շարքային կազմը զորակոչային բանակում իրեն զգում է որպես հասարակության մասնիկ, ապա վարձու բանակը պարփակվում եւ կրում է «կաստային» բնույթ:
Այդ իսկ պատճառով վարձու բանակն անհամեմատ հեշտ է օգտագործել երկրում իշխող վարչակարգի դեմ հասարակական ելույթները տապալելու համար, քան զորակոչային բանակը:
Նույնիսկ սառը պատերազմի ժամանակների ավարտվելուց հետո, երբ պատմություն դարձավ «Վարշավյան պայմանագիրը» ու ՆԱՏՕ-ն աշխարհի շատ երկրներում իշխող դեր ստանձնեց, զորակոչային հիմունքներով բանակի համալրումը պահպանվեց Գերմանիայում: Քաղաքական ընդվզումներն առավել ուշագրավ զարգացում ունեցան Շվեդիայում` «Երկաթյա վարագույրի» փլուզումից հետո: 1990-ականներին շվեդական խորհրդարանը, առաջնորդվելով «Բանակը պետք է լինի ժողովրդի մասնիկը» կարգախոսով, մերժեց ընդդիմության` «Բանակի համալրումը վարձու սկզբունքով» առաջարկը:
Զորակոչային բանակի առավելությունը նաեւ այն է, որ պետությունը մշտապես ունի պահեստազորի պատրաստված լրակազմ, որը թույլ կտա արագ զորահամալրելու անձնակազմը արտաքին ագրեսիայի ժամանակ, իսկ «վարձուների» հաշվին հնարավոր չէ արագ կազմավորել անհրաժեշտ պահեստազորայինների կազմ:
Թեպետ ԱՄՆ-ի զինված ուժերը տեխնիկական, կենցաղային ու ֆինանսական ապահովվածությամբ, մարտական պատրաստության մակարդակով մոտ էին ամերիկյան իդեալին, այնուամենայնիվ, իրաքյան վերջին պատերազմի փորձը ցույց տվեց վարձու բանակի անարդյունավետությունը:
Այո, ԱՄՆ-ի զինված ուժերը անձնակազմի քիչ կորուստներով հաղթեցին Իրաքի զինված ուժերին` 1991 եւ 2003 թվականների «դասական» պատերազմներում: Երկուսի դեպքում էլ ղեկավարությանը հաջողվեց բարձր պահել անձնակազմի մարտական ոգին. առաջին պատերազմում՝ շնորհիվ «Քուվեյթի ազատագրումը իրաքյան ագրեսիայից», երկրորդում` «Իրաքի ազատագրումը Սադամ Հուսեյնի տիրակալությունից» նպատակ-կարգախոսների:
Սակայն երկրորդ պատերազմի՝ դասական ձեւից պարտիզանականի անցնելու պարագայում ամբողջ ծավալով ի հայտ եկան պայմանագրային բանակին հատուկ թերությունները:
Անձնակազմը կորցրեց բարոյական շարժառիթը, որը անձնակազմի մեծ կորուստներով ուղեկցվող թեժ մարտական գործողությունների ժամանակ հանգեցրեց ցամաքային զորքերում եւ ծովային հետեւակում ծառայել ցանկացողների թվի կտրուկ նվազման, այսինքն՝ զինված ուժերի այն բաղադրիչներում, որոնք Իրաքում անմիջականորեն մասնակցում էին մարտական գործողությունների ու բնականաբար կրում էին առավելագույն կորուստներ:
Տեղի ունեցավ անձնակազմի բարոյահոգեբանական որակների կտրուկ անկում, փաստորեն վերադարձ կատարվեց դեպի 1970-ականների դրություն, երբ ԶՈՒ ղեկավարությունը ստիպված եղավ փոխել ծառայության պիտանելիության համար սահմանված այն որակական չափորոշիչները, որոնք կիրառվում էին պոտենցիալ զինծառայողի նկատմամբ: Արդյունքում ծառայության էին վերցնում բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեին:
Վիետնամական պատերազմից հետո առաջին անգամ ամերիկյան բանակը ուներ տասնյակ հազարավոր դասալիքներ, եւ Պենտագոնը 2006 թվականին չհավաքագրեց իր իսկ պլանավորած պայմանագրային թվաքանակի նույնիսկ 30%-ը: Սա ազդակ եղավ՝ պետական մասշտաբով ուսումնասիրելու զորակոչային բանակին վերադառնալու առաջարկությունը:
Ուսումնասիրելով ռուսական բանակի անցած ուղին՝ գալիս ենք հետեւության, որ ստորաբաժանումների համալրման պայմանագրային սկզբունքին անցնելիս, բարեփոխումների ջատագովները դեմ առան պայմանագրային հիմունքներով համալրման՝ արդեն իսկ արծարծված խնդիրներին ու թերություններին:
Պայմանագրայինները, մեկ անգամ արդեն իսկ լինելով Չեչնիայում, խզում էին պայմանագրերը եւ այլեւս արձակուրդից ստորաբաժանում չէին վերադառնում:
Չեչենական լոկալ պատերազմի ժամանակ ռուսական 76-րդ օդադեսանտային դիվիզիայում, որտեղ ծառայելը համարվում էր պատվաբեր, տարբեր պատճառներով մեկ տարվա ընթացքում իրենց պայմանագրերն են խզել զինծառայողների մինչեւ 44%-ը, այդ թվում 30%-ը՝ տիրող անկարգապահությունից եւ դրամական բավարարումից, 11%-ը` անբավարար կենցաղային պայմաններից դժգոհ լինելով:
Եթե հաշվի առնենք Ռուսաստանի անծայրածիր տարածքը, ապա ռուսական բանակին թերեւս անհրաժեշտ է համալրման խառը սկզբունքի կիրառումը եւ ինչ-որ տեղ էլ՝ տարածքային զորամասերի ստեղծումը: Տարածքային զորամասեր ստեղծելը ծառայում է նաեւ «զեմլյաչեստվոյի» արատավոր երեւույթի (համերկրացի զինծառայողների համախմբումը, որը հանգեցնում է ոչ կանոնադրական հարաբերությունների) դեմն առնելու նպատակին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը, ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում, ապացուցել է, որ տարածքային ուժերի ձեւավորումը, անկախ ազգությունից, մարտերում ամենակայունն է: Արդի պայմաններում այդպիսի նախանձելի կայունություն են ցուցաբերում Իսրայելի՝ տարածքային սկզբունքով ձեւավորված պայմանագրային ուժերը, որոնք թեպետ աշխարհում լավագույնը չեն, բայցեւ վատթարագույնն էլ չեն:
Ռուսների վիճակագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսական բանակում պայմանագրային ծառայողների կորիզը կազմում են բնակչության անապահով խավի ներկայացուցիչները, որոնց կրթության մակարդակը ցածր է: Ավելին՝ նկատվում է կամավոր հիմունքներով զինվորական ծառայության անցնել ցանկացողների պակաս ծայրամասերում` Անդրբայկալում, հեռավոր հյուսիսում, Կամչատկայում, Սիբիրում եւ այլուր: Սա հակասում է Ռուսաստանում եւս շահարկվող՝ «Թող ծառայեն նրանք, ովքեր ուզում են» կարգախոսին:
Նույն վիճակագրությամբ պարզվում է, որ ժամկետային ծառայության զորակոչված ենթասպաների եւ ավագների ոչ միայն կրթության, այլեւ հանուն հայրենիքի զոհաբերության պատրաստակամության մակարդակն է ցածր: Ենթասպաների 55%-ը պայմանագրի կնքման շարժառիթ է համարում «իրենց նյութապես ապահովելու հնարավորությունը», իսկ 18%-ը համոզված է, որ «դա իրենց քաղաքացիական պարտքն է», եւ միայն 12%-ը որպես շարժառիթ նշում է «հայրենիքի պաշտպանությանը նվիրվելու ցանկությունը»: 15%-ը նշում է «իրենց ստուգելու եւ բնավորությունը կոփելու» ցանկության մասին: Այսպիսով՝ կարելի է ասել, որ Ռուսաստանում ստեղծվում է ոչ թե մասնագիտացված, այլ՝ վարձու բանակ, որը արտաքին ագրեսիայի դեպքում կդժվարանա հավուր պատշաճի պաշտպանել երկիրը:
Պայմանագրային բանակի կողմնակիցները գտնում են, որ ոչ կանոնադրական փոխհարաբերությունները կարելի է վերացնել միայն պայմանագրային հիմունքներով կազմված բանակում, ինչը, սակայն, անհիմն պնդում է, քանի որ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը, առանց պայմանագրային սերժանտական կազմի խնդրի կարգավորման, գործնականում չի կարող լուծվել՝ անկախ այն բանից, թե ինչ սկզբունքով է համալրվում բանակը:
Նախ՝ պետք է հասնել բանակում պայմանագրային սերժանտների ինստիտուտի կայացմանը, որի արդյունքում պայմանագրային սերժանտը ամբողջովին իր վրա կվերցնի զինվորի դաստիարակության խնդիրը, եւ սպային կմնա լուծելու զուտ մասնագիտական որակի զինվորական հարցեր:
Ցավոք, ինչպես ռուսական, այնպես էլ հետխորհրդային երկրների զորակոչային հիմունքներով գործող բանակներում սերժանտը փաստորեն նույն զինվորն է, քանի որ չունի իրական լիազորություններ եւ ոչ էլ փորձ ու հեղինակություն: Հետեւաբար, սպան ստորաբաժանումում չունի ոչ մի հենարան: Այդ իսկ պատճառով նա պետք է ընտրի ոչ կանոնադրային հարաբերությունների եւ այն «կարգապահության» միջեւ, որը կրտսեր հրամանատարների բացակայության դեպքում կանցնի «հին» զինծառայողների ձեռքը:
Համոզված եմ, որ պայմանագրային սերժանտական ինստիտուտի ստեղծումը ունակ է կտրուկ իջեցնելու ոչ կանոնադրական հարաբերությունների մակարդակը, իհարկե, սպայակազմի օգնությամբ: Սերժանտների պատրաստումը, ինչպես նաեւ սպաներինը պետք է լինի շարունակական: Լավ պատրաստված ու գիտելիքներով օժտված արհեստավարժ սերժանտը դառնում է ոչ միայն կրտսեր հրամանատար, այլեւ զինվորների առաջին ուսուցիչը:
Կարելի է եզրակացնել, որ բանակի զորակոչային հիմունքներով համալրումը ՀՀ զինված ուժերում արդյունավետ է համադրել մասնագետների եւ սերժանտների պայմանագրային ծառայության հետ:
Դասեր քաղել պատմությունից նշանակում է նաեւ ուրիշների փորձառությունից փոխառել լավը եւ ծառայեցնել սեփական երկրի զինուժի բարգավաճմանը: Տեղին կլինի մեջբերել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետեւյալ միտքը.
«Թեեւ հայոց զինուժը, ըստ դիտորդական խմբերի եւ անկախ փորձագետների, տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկն է եւ ունի պատերազմական հարուստ կենսափորձով թրծված մարտական ուղի, այդուհանդերձ ժամանակը մեր առաջ դնում է նոր խնդիրներ ու պահանջներ: Հաշվի չառնել այդ ամենը եւ խուսափել բանակաշինության լավագույն փորձը սեփական զինուժի հզորացմանը ծառայեցնելու մտքից՝ առնվազն ճիշտ չէր լինի: Մենք մշտապես պետք է գիտակցենք, որ սովորելու բան ունենք յուրաքանչյուրից` եւ՛ գերհզոր ու ռազմականացված, եւ՛, ինչու չէ, նաեւ ոչ նշանակալից պետությունների բանակների կամ զինված խմբավորումների փորձից: Շատ կարեւոր է նաեւ այս ամենը անել ոչ թե կուրորեն, այլ կշռադատված եւ ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ»:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Թերթ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


17/03/2011