Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻ ԴԵՄ»



«Հայկական Լեգեոն» կազմակերպության երիտասարդական թևն ակտիվանում է

«Հայկական Լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը նոյեմբերի 2-ին անցկացրեց լիագումար նիստ: Նիստի նպատակը երիտասարդական թևի նախագահ ընտրելն էր:

Կազմակերպության նախագահ Աղասի Կարապետյանը նշեց, որ նպատակդրվել են զարգացնելու երիտասարդական թևի ներուժը. «Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք սպառնում են մեր պետությանը, մենք որոշել ենք համալրել մեր շարքերը երիտասարդներով, քանի որ կարեւորում ենք երիտասարդության դերը պետականաշինության գործում: Մեր նպատակն է բարոյահոգեբանական առողջ նկարագրով սերունդներ դաստիարակել: Ազատամարտիկների փորձի փոխանակումը կնպաստի, որպեսզի երիտասարդները գիտակցեն իրենց ծառայության իմաստը, բանակի գինն ու արժեքը: Շփվելով երիտասարդների հետ՝ ես եկել եմ այն եզրակացության, որ ունենք հրաշալի սերունդ, մեր երիտասարդներին միայն ուղղորդել է պետք: Այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, շարժումներ քարոզում են անընդունելի արժեքներ, նման շարժումներն էապես փոխում են հասարակության արժեքային համակարգը, զգալի վնաս են հասցնում մեր երկրի անվտանգության ապահովմանն ու պաշտպանությանը: Մենք պայքարելու ենք հասարակության առողջ բջիջները քայքայող քաղցկեղի դեմ: Երիտասարդական խորհուրդը կկազմակերպի նաեւ միջոցառումներ` ուղղված բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը»:

Նիստի մասնակիցները հանդես եկան ելույթներով եւ կարեւորեցին «Հայկական Լեգեոն»-ի դերը երիտասարդների շրջանում բանակի նկատմամբ հարգանք ու նվիրվածություն ամրապնդելու գործում: Տեսաձայնագրության միջոցով իր ողջույնի խոսքն էր հղել Ամերիկյան Հայկական լեգեոնը: Ցուցադրվեց նաեւ Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմից մի հատված: Ի դեպ, ֆիլմի հերոսներից Անահիտը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից կին ազատամարտիկը, դահլիճում էր, նա մինչ օրս էլ զինվորական է: Անահիտը հորդորեց երիտասարդներին չխուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց: Նա «Հայկական Լեգոնի» կողմից պարգևատրվեց պատվոգրով:

Նիստի երկրորդ մասում տեղի ունեցավ երիտասարդական թևի նախագահի ընտրություն, բաց քվերակության արդյունքում նախագահ ընտրվեց Հրանտ Ավետիսյանը: Վերջինս ծառայել է հայոց բանակում: Հրանտը նշեց, որ, որպես երիտասարդական թեւի ղեկավար, կազմակերպելու է հանդիպումներ, պատանիներին բացատրելու է ծառայության կարեւորությունը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Բանակ և հասարակություն


07/11/2013