Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՑԱՍՈՒՄԸ



Հովհաննես Այվազովսկի (1817-1900)- աշխարհահռչակ ծովանկարիչ։ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ։ Շուրջ 6000 կտավի հեղինակ։ Ծովապաշտ նկարչի մասին պատկերավոր է արտահայտվել Հովհ. Թումանյանը.

«Կանգնեցե՛ք», գոռաց վրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին
Եվ լուռ, հնազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըրնկի վըրա
Կանգնած են ահա։

1839թ. 22-ամյա Այվազովսկին մասնակցել է Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել է ծովակալ Մ.Պ. Լազարեւի, Պ.Ս. Նախիմովի, Վ.Ա. Կոռնիլովի հետ։ Փառքն ու դափնիները չեն գոռոզացրել նրան, նուրբ ու կարեկից հոգի է ունեցել Այվազովսկին։ Նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին։ Խոր ցնցում է տարել՝ թերթերից տեղեկանալով Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագրի մասին։ Ամեն առավոտ մեծ տագնապով է սպասել թերթերին։ Իսկ թերթերն այդ օրերին գուժում էին Թուրքիայում հայկական ջարդերի, Տրապիզոնի հայերի խոշտանգումների, բռնությունների մասին։

Այվազովսկին նյութական օգնություն էր ցույց տալիս գաղթականներին, պնդում, որ գաղթականներին Ղրիմ էլ ուղարկեն։ Դժբախտ տարագիրները խնդրում էին, որ մեծ նկարիչը վրձնով դատապարտի ոճրագործներին։ Նման խնդրանքով Այվազովսկուն է դիմում նաեւ կաթողիկոսը։

-Ամեն առավոտ Այվազովսկու տան առաջ բազմություն էր հավաքվում` տեղեկանալու Թուրքիայում կատարվող դեպքերի մասին։ Այդ օրն էլ, սովորականի պես, բազմությունն սպասում էր, երբ երեւաց նկարիչն իր շան հետ։ Շան վզափոկից կախված էին սուլթան Աբդուլ Ազիզի նվիրած օսմանիե ադամանդազօծ շքանշանները եւ թանկարժեք ծխախոտատուփը։ 40 տարի առաջ սուլթանը պարգեւատրել էր նկարչին այն նկարների համար, որոնցով ցանկություն էր հայտնել զարդարելու Պոլսի իր մարմարե պալատը։ Նկարիչն ուղղվեց ծովի կողմը եւ շան հետ նավակ մտավ։ Երբ արդեն բավականին հեռացել էին, շան վզից հանեց վզափոկը եւ շպրտեց ջուրը։ Սուլթանի նվերները գնացին ծովի հատակը։ Վերադառնալով ափ՝ դիմեց իրեն սպասող բազմությանը. «Այս օրերին, մեր ընդհանուր տառապանքին զուգընթաց, մի բան խեղդում, տանջում էր ինձ, չէր թողնում հանգիստ աշխատել։ Այս գիշեր ես զարթնեցի եւ հանկարծ հիշեցի սուլթանի տված այս քստմնելի նվերները։ Հասկացա, որ հենց դրանք են ապականում իմ տան օդը։ Այժմ ես ազատվեցի հոգիս ճնշող այդ ամենից եւ դարձյալ ի վիճակի եմ աշխատելու»։ 1890-ականներին, հայկական կոտորածների ծանր օրերին է նկարիչը նկարել «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Թուրքերը հայերին լցնում են շոգենավ», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին»։ Աշխարհահռչակ ծովանկարիչն այս կերպ էր արտահայտում իր ցասումը ընդդեմ թուրք ոճրագործների։

1900թ. ապրիլ։ Թեոդոսիայում գարուն էր՝ արթնացման մեղեդիով, սակայն մռայլ էր նկարչի հոգին. հայերի տխուր ճակատագիրը նրա հոգու ցավն էր։ Կտավի վրա դեռ չէին չորացել ներկերը, երբ նկարիչը մի նոր նկար սկսեց։ Այն պետք է պատկերեր հույն-թուրքական պատերազմի դրվագներից մեկը, երբ հույն ապստամբները պայթեցնում են թուրքական ռազմանավը։ Աշխատանքը բավականին արագ էր ընթանում։ Ահա արդեն երեւում էին թուրքական նավից ելնող բոցերը։ Բայց ինչ□որ մի ուժ նկարչին ստիպեց դուրս գալ, զբոսնել գիշերային Թեոդոսիայում։ Աչքին պատկերվեցին մանկության ուրախ□տխուր օրերը, պատկերվեց իր ժողովուրդը՝ հալածական ու թշվառ։ Մթնեց, «Կախարդ ծերունին», բարի գիշեր մաղթեց ծովին ու շտապեց տուն՝ ավարտելու նկարը։ Ու վախճանվեց վրձինը ձեռքին՝ «Թուրքական նավի պայթյունը» կերտելիս։

Նկարում հօդս է ցնդում թուրքական նավը, եւ այն լույսի շողերը, որ միշտ առկա էին Այվազովսկու բոլոր կտավներում, այստեղ բոլորովին չկան…

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Հոգևոր-մշակութային


07/11/2013