Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԼԵՐԻ ՄԱՐՈՒԹՅԱՆ. ՄԱՐԴ, ԲԺԻՇԿ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ



Նոյեմբերի 3-ին լրացավ բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության եւ ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները եւ զինակից ընկերներ:

Հարգանքի եւ երախտիքի խոսքերով հանդես եկան Վալերի Մարությանի մարտական ընկերները, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերհիշելով եւ արժեւորելով Արցախյան ազատամարտի դրվագները, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ազատամարտի մասնակից բազմաթիվ քաջորդիների շարքում կարեւորեց Վալերի Մարությանի դերը, ընդգծելով, որ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը պետք է վառ օրինակ ծառայի ներկա եւ գալիք սերունդների համար: «Վալերի Մարությանի անմիջական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել են բազմաթիվ զինվորական հոսպիտալներ: Արցախյան պատերազմի տարիներին Վալերի Մարությանը դաշտային հոսպիտալներում կատարել է հազարավոր վիրահատություններ եւ ավելի քան 8 հազար մարտիկների վերադարձրել է ռազմի դաշտ»,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարարը:

Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված «Այրվելով լույս եմ տալիս ուրիշներին» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Վալերի Մարությանին: Ֆիլմը ռազմական բժշկի գործունեության ամփոփ գնահատականն է, հայրենիքի նվիրյալ սքանչելի մարդու եւ ընկերոջ նկարագիրը:

Հուշ-ցերեկույթի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվեց «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Հատկանշական է, որ ինչպես Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, այնպես էլ նրա թոռը` Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժշկի սկսած գործը: Մարութ Մարությանն այժմ ծառայում է զինված ուժերում, բուժծառայության լեյտենանտ է:

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Բանակ և հասարակություն


07/11/2013