Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՍՆԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ



«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը խորհրդի կազմավորման 10-ամյա տարեդարձի կապակցությամբ կազմակերպել էր տոնական ցերեկույթ և մատաղի արարողություն։ Մատաղը նվիրված էր հայոց բանակի բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև գերագույն գլխավոր հրամանատար։ Միջոցառումը կազմակերպվել էր Մարգարիտա Խաչատրյանի տան այգում տեղադրված խաչքարի մոտ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Եռագույն դրոշների, Հայաստանի Հանրապետության օրհներգի, ծաղկեպսակների հանդիսավորության մթնոլորտում ներկաների ելույթներն անկեղծ էին, ի սրտե և բովանդակալից։ Նրանք փորձում էին արժևորել Մարգարիտա Խաչատրյանի և նրա ղեկավարած կառույցի տասնամյա աշխատանքը` արժանին մատուցելով զինվորի հոգսուցավով ապրող, բանակի առաջընթացի ջատագով, երկրի պաշտպանունակության սրբազան գործի նվիրյալներին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ընթերցեց նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը։ Ուղերձում մասնավորապես ասված էր, որ տիկին Մարգարիա Խաչատրյանի ջանքերով հիմնադրված կազմակերպությունը դարձավ բանակի նկատմամբ հասարակության հոգատարության, զինվորների ծնողների մտահոգությունները փարատելու, զորամասերի հրամանատարության թիկունքին ամուր կանգնելու և զինված ուժերի կենսագործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու փայլուն օրինակ։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց զոհված և վիրավոր ազատամարտիկների հարազատներին սատարելու ջանքերի, ինչպես նաև ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում տիկին Խաչատրյանի կատարած կարևոր աշխատանքի համար. «Տասնամյա անդուլ գործունեության, հեռավոր ու մոտիկ կայազորներում պարբերաբար կատարվող շրջայցերի, զինվորների ու սպաների խնդիրների լուծման ասպարեզում Ձեր իրականացրած հետևողական աշխատանքի շնորհիվ համակարգող խորհուրդն արժանիորեն վաստակել է զինծառայողների, նրանց ընտանիքների, բանակի հրամանատարության և պաշտպանության նախարարության երախտագիտությունը և վայելում է բոլորիս լիակատար վստահությունը»։

Նախարարը հույս էր հայտնել, որ կազմակերպության գործունեության երկրորդ տասնամյակը ևս կնշանավորվի զինծառայողների իրավունքների պաշտպանության ասպարեզում համագործակցության նոր դրսևորումներով, հասարակական կազմակերպությունների ներուժի ճիշտ համակարգմամբ և օրինակ կհանդիսանա հայկական բանակի ներկայով և ապագայով մտահոգ հասարակական մյուս կառույցների համար` իրականություն դարձնելով «Թող չավելանա սևազգեստ մայրերի թիվը» կարգախոսը։

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի 10-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Շնորհավորելով «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության խորհրդի հիմնադրման 10-ամյա հոբելյանը` նախարարը փաստում էր, որ անցած 10 տարիները եղել են համատեղ ծրագրերի իրականացման և բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը նպաստող տարիներ. «Հավատացած ենք, որ նույն ոգով ու բազմապատկված եռանդով շարունակելու ենք փոխգործակցության լավագույն ավանդույթները»։

Անկեղծ և հուզիչ էր ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանի ելույթը։ Նա նշեց, որ հայրենիքն ու ժողովրդին պաշտպանելու դժվարին առաքելության իրագործման ճանապարհին բանակը մշտապես ունի հասարակության սիրո, աջակցության և ուշադրության կարիքը, և մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած նորանոր մարտահրավերներին հավուր պատշաճի պատասխանելու համար անհրաժեշտ է մեր ամբողջ ներուժը կենտրոնացնել բանակի շուրջը։ Եվ այս ենթատեքստում հանուն բանակաշինության Մարգարիտա Խաչատրյանի և նրա ղեկավարված կառույցի ջանքերը անհնար է գերագնահատել։ «Ի դեմս տիկին Մարգարիտայի՝ զինվորները տեսնում են հոգատար մոր, ամուր հենարան։ Մի՞թե հենց բարությունը չէ մարդկային տեսակը պահպանելու այն հենքը, որի միջոցով կարելի է դաստիարակել մարդասիրություն և հայրենասիրություն։ Իսկ սիրել Հայաստանը առաջին հերթին նշանակում է սիրել հայոց բանակը, նրա քաջարի զինվորին՝ շարքայինից մինչև գեներալ։ Ոչ թե ծնծղաներով աղաղակել նրա սխալների ու թերությունների մասին, այլ օգնել, ջանք ու եռանդ չխնայել այդ բացթողումները համատեղ ուժերով լուծելու համար, ինչպես դա անում են Մարգարիտա Խաչատրյանը և իր ղեկավարած խորհուրդը»։

Բազմաթիվ շնորհավորական ելույթներից և երախտագիտության խոսքերից հետո ձայն խնդրեց նաև Մարգարիտա Խաչատրյանը։ Նա ասաց, որ ազգային բանակում որդի կորցնելուց հետո յուրաքանչյուր հայ զինվոր դարձավ իր որդին և յուրաքանչյուր հայ զինվորի հոգսը հոգալու պարտականությունը՝ իր կյանքի նպատակը։ Նա հավաստեց, որ մինչև վերջին շունչը կանգնելու է բանակի կողքին, անելու է ամեն ինչ, որ բանակը լինի հզոր ու մարտունակ, որ զինվորը լինի պաշտպանված ու անհոգ. «Որ էլ ոչ մի մայր չապրի որդի կորցնելու անամոք վիշտը, որ հայ զինվորը բանակից տուն վերադառնա փառքով…»

Պաշտոնական արարողությունից հետո ներկաները հրավիրվեցին ազգային բանակի զինվորներին նվիրված մատաղի արարողությանը՝ առ Աստված հղած աղոթքով, որ սահմանին կանգնած զինվորն ու սպան անփորձանք լինեն, որ Հայաստան աշխարհն այլևս պատերազմ չտեսնի։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Բանակ և հասարակություն


07/11/2013