ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով 2014թ. փետրվարի 10-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի բազայի վրա կսկսվի պայմանագրային ավագ սերժանտների ուսումնական 4-ամսյա դասընթացը: Այն իրականացվելու է «ՀՀ ԶՈՒ պայմանագրային ավագ սերժանտների (հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ) դասընթացների չորսամսյա ծրագրի» պահանջների համաձայն: ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի (հրաձգային ջոկի հրամանատար) հերթական հոսքի համալրման աշխատանքներն արդեն սկսվել են:
Դասընթացի մասնակիցներին 2014թ. հունվարի 13-ից 24-ը ընտրելու է ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` առաջնորդվելով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված կանոնակարգի դրույթներով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԶՈՒ ՄՊՎ սերժանտների և կրտսեր մասնագետների պատրաստության բաժնի պետ, գնդապետ Գ.Հակոբյանը:
Դասընթացին կարող են մասնակցել`
– 1 տարի 6 ամսից ոչ պակաս ծառայած ժամկետային պարտադիր զինծառայողները,
– ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները (դասընթացն ավարտելուց հետո, համաձայն գործող կարգի, նրանց հետ կկնքվեն նոր պայմանագրեր` համապատասխան սահմանային զորամասերում հետագա ծառայության նշանակվելու համար),
– 2008-2009թթ. պայմանագրային ծառայության ընդունված, նախկինում դասընթացներն ավարտած և ներկայումս զորամասերում ծառայող պայմանագրային զինծառայողները` վերապատրաստման նպատակով,
– անմիջականորեն պահեստազորից ընդունված և ներկայումս ՀՀ ՊՆ ուսումնական զորամասերում պայմանագրային հիմունքներով ծառայող ջոկերի հրամանատարները` վերապատրաստման նպատակով,
– ՀՀ զինված ուժերից զորացրված և մինչև 30 տարեկան զինապարտները: Նրանց հետ կկնքվի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր` 6 ամիս ժամկետով` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն:
Բոլոր թեկնածուները պետք է լինեն ֆիզիկապես առողջ, բարոյապես կայուն և առնվազն միջնակարգ կրթությամբ:
Դասընթացներում ընդգրկվող անձնակազմի հետ կկնքվեն ուսումնառություն անցնելու մասին պայմանագրեր` 4 ամիս ժամկետով:
Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ