ԻՍՐԱՅԵԼ-ԱՖՂԱՆՍՏԱՆ. ԳԱՂՏՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7 ՏԱՍՆԱՄՅԱԿ
Մեր նախորդ հոդվածում («Իրանի բնական հակառակորդները», «Հայ զինվոր», թիվ 44) առաջ քաշեցինք այն վարկածը, թե թալիբները և փուշտունները, առհասարակ, ունենալով հավանաբար հրեական ծագում, կարող են ստանձնել Իսրայելի շահերը Կենտրոնասիական տարածաշրջանում առաջ տանողի դերը: Հարց է ծագում` թեև Իսրայելն ու Աֆղանստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, այդուհանդերձ կա՞ն, արդյոք, Իսրայելի և Աֆղանստանի համագործակցության այնպիսի նախադրյալներ, որոնց հիման վրա կարելի է նման ենթադրություն անել: Ստորև կփորձենք պատասխանել այդ հարցին` օգտվելով «www.izrus.co.il» կայքում 2008 թ. հրապարակված տվյալներից:
ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ
Միապետական Աֆղանստանն աշխարհում առաջին երկիրն էր, որ դեռևս Իսրայել պետության ստեղծումից առաջ` 1943 թ., դիմել է ենթամանդատային Պաղեստինում (այն ղեկավարում էր Մեծ Բրիտանիան` Ազգերի Լիգայի մանդատով) հրեաների սիոնիստական ղեկավարությանը` խնդրելով օգնություն ցուցաբերել (մասնավորապես՝ Գերմանիայից և Ավստրիայից փախած հրեա մասնագետներ ուղարկել) գյուղատնտեսության, բժշկության և շինարարության ոլորտներում: (Հարց է ծագում` անկախ պետություն չունեցող, զանգվածային ներգաղթի խնդիրներով զբաղված, արաբների դեմ պայքարող հրեաներից բացի ուրիշ օգնական Աֆղանստանը չունե՞ր):
4 տարի անց` 1947 թ. նոյեմբերին, ՄԱԿ-ի գագաթնաժողովում Աֆղանստանը դեմ է քվեարկում Հրեական պետության ստեղծմանը: Դրանից հետո պաշտոնական Քաբուլը հրեա-արաբական հակամարտության հարցում միշտ որդեգրել է արաբամետ դիրքորոշում:
1950-1960-ական թթ. իսրայելցի դիվանագետներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Թուրքիայում մի քանի անգամ շփում են ունեցել Աֆղանստանի վարչապետ Մոհամմադ Դաուդ-խանի մերձավորների հետ` փորձելով շոշափել դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը: (Նկատենք՝ հենց այս ժամանակահատվածում է, որ Իսրայելում սկսել է քննարկվել փուշտունների` Իսրայելի կորած ցեղերից մեկը լինելու վարկածը): Այս ժամանակաշրջանում է, որ իսրայելական արտաքին հետախուզությունը` «Մոսադը», սկսեց տարածաշրջան ուղարկել իր գաղտնի գործակալներին: 1959 թ. մարտին Իսրայելի հետախույզ, ծագումով ավստրիացի Աբրահամ Բեն-Դորը, ներկայանալով որպես հնագետ, «Մոսադի» ևս մեկ աշխատակցի հետ շրջել է Իրանի` Աֆղանստանին սահմանակցող շրջաններում` հատուկ ուշադրություն դարձնելով հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի (որը սահմանակցում է նաև Պակիստանին) բնակավայրերին: Թե ինչ առաջադրանք էին կատարում նրանք, Բեն-Դորը հրաժարվել է ասել նույնիսկ 5 տասնամյակ անց: Հատկանշական է, որ օպերացիան կատարվում էր առանց Իրանի հատուկ ծառայությունների գիտության, մինչդեռ պաշտոնական Երուսաղեմն ու Թեհրանը գործընկերային սերտ հարաբերությունների մեջ էին 1957-58 թթ. մինչև 1979 թ. Իսլամական հեղափոխությունը: (Արդյո՞ք Իսրայելի հատուկ ծառայությունները դեռ այն ժամանակ չէին մտածում փուշտուններին Իրանի դեմ օգտագործելու հնարավորության մասին):
ՓՈՒՇՏՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ
1978 թ. գարնանը Աֆղանստանում իշխանության են գալիս ձախ կողմնորոշման ուժերը, և այդ երկիրը դառնում է համաշխարհային երկու բևեռների պայքարի ռազմաբեմ. մի կողմից՝ ԽՍՀՄ-ը և Վարշավյան պայմանագրի անդամ երկրները, մյուս կողմից` ԱՄՆ-ը, Պակիստանը և նրանց արևմտաեվրոպական ու արաբական դաշնակիցները: 1980-ականների սկզբում Իսրայելն առանց իր դիրքորոշման մասին թմբկահարելու հայտնվում է Արևմուտքի իր ռազմավարական գործընկերների ճամբարում` Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ, Եգիպտոսի, ինչպես նաև «Մահմեդական եղբայրների» միջազգային ասոցիացիայի հետ:
1982 թ. դեկտեմբերին Վաշինգտոն է այցելում Պակիստանի նախագահ Զիյա ուլ-Խակը: Ամերիկյան աղբյուրների համաձայն` այնտեղ նա գաղտնի համաձայնագիր է ստորագրում իսրայելական զենք գնելու մասին, որն ուղղվելու էր Քաբուլի վարչակարգի դեմ: Այսպիսով, ԱՄՆ-ը սաուդյան «բարեգործական» հիմնադրամների փողերով Իսրայելից զենք էր գնում մոջահեդների համար: Գերմանիայի արտաքին հետախուզությունը` BND-ն, Պակիստան էր արտահանում մոջահեդների համար նախատեսված իսրայելական զենքի մի մասը («Ամառային անձրև» գաղտնի օպերացիան): Ըստ Մերձավոր և Միջին Արևելքի գծով որոշ փորձագետների` իսրայելցի հրահանգիչները Պակիստանի ուսումնական ճամբարներում նաև կռվել էին սովորեցնում աֆղանցիներին: Այսպիսով կարող ենք արձանագրել` մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Իսրայելը դե-ֆակտո եղել է փուշտունների դաշնակիցը:
ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ
1992 թ. գարնանը մոջահեդների զինված կազմավորումները տապալում են Քաբուլի կառավարությունը և վերցնում իշխանությունը: Կառավարության գլուխ է անցնում մոջահեդների քաղաքական առաջնորդներից մեկը` ազգությամբ տաջիկ Սաիդ Ռաբբանին: Նրա կառավարությունը 1994 թ. ոչ պաշտոնական ուղղակի հարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ: Աֆղանական կողմը ներկայացնողներից մեկը ազգությամբ տաջիկ գեներալ Ահմադ Շահ Մասուդն էր, որը Ռաբբանիի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի` ռազմատեխնիկական գծով տեղակալի պաշտոնը:
1995 թ. վերջին Աֆղանստանի պաշտպանության նախարարի տեղակալը գաղտնի այցելում է Իսրայել, հանդիպում այդ երկրի ԱԳՆ բաժնի պետ Շ.Մերոմի, ինչպես նաև «Մոսադի» և ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի աշխատակիցների հետ: Աֆղանցի հյուրը Ռաբբանիի կառավարության անունից Իսրայելից ռազմական օգնություն է խնդրում: Սակայն պաշտոնական օգնության խնդրանքը մերժվում է (իսկ ո՞չ պաշտոնականը – Ա.Յ.):
ԻՐԱՆԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ
1996 թ. սեպտեմբերին իշխանությունը զավթում են թալիբները, և Ռաբբանին ու նրա կառավարության անդամների մեծ մասը փախչում են հյուսիս, որտեղ ձևավորում են, այսպես կոչված, Հյուսիսային դաշինքը: Պաշտոնական Երուսաղեմը սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Աֆղանստանին: Թեպետ իսրայելցիներին արդեն ծանոթ Ահմադ Շահ Մասուդը ազդեցիկ դիրք ուներ Հյուսիսային դաշինքում, «Մոսադը» որոշում է գործ բռնել նրա վաղեմի հակառակորդի` ուզբեկ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի հետ: Պատճառն այն էր, որ տաջիկներին հովանավորում էին Մոսկվան ու Թեհրանը, մինչդեռ Աֆղանստանի ուզբեկները հենվում էին Ուզբեկստանի և Թուրքիայի աջակցության վրա` երկրներ, որոնք սերտ հարաբերություններ ունեին Իսրայելի հետ:
1998 թ. մայիսի վերջին Իսրայելի կառավարությունը որոշում է 50 հազար դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանի` երկրաշարժից տուժած տաջիկաբնակ Բադախշան նահանգի բնակչությանը: Ու թեպետ կար Հյուսիսային դաշինքի ղեկավարության նախնական համաձայնությունը, Ահմադ Շահ Մասուդը վերջին պահին հրաժարվում է իսրայելական օգնությունից` վախենալով փչացնել հարաբերությունները Իրանի հետ: Ուշագրավ է, որ այս պատմությունից 3 ամիս անց Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանին մտահոգություն հայտնեց, թե Իսրայելը կարող է օգտվել թալիբների թուլությունից` «Աֆղանստանում ոտքի տեղ անելու» և «Իրանի արևելյան սահմաններին մոտենալու» նպատակով:
«ՄՈՍԱԴԻ» «ԱՖՂԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ» ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
1998 թ. օգոստոսի սկզբին «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները պայթեցնում են Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատները, զոհվում է 257 մարդ, ավելի քան 5000-ը վիրավորվում են: Դրանից հետո Իսրայելի հատուկ ծառայությունները վերանայում են Աֆղանստանի վերաբերյալ իրենց հայեցակարգը: Նրանք այդ երկիրը սկսում են համարել միջազգային ջիհադիստական շարժման կենտրոն` ընդգրկելով «Մեծ Մերձավոր Արևելքի» մեջ: Իսրայելի ԱԳՆ արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի 1998 թ. օգոստոսին պատրաստած զեկույցի մեջ նշվում էր, որ թալիբները սպառնում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի շահերին: Զեկույցի հեղինակները մտավախություն էին արտահայտում, որ այդ հանգամանքը կարող է ԱՄՆ-ին և Իրանին համագործակցության մղել:
2001 թ. սեպտեմբերի վերջին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարեց, որ Իսրայելը չի մասնակցի Աֆղանստանի տարածքում ծավալվող մարտական գործողություններին (արաբական երկրների զայրույթը չհարուցելու համար): Միևնույն ժամանակ, Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պաշտոնական Երուսաղեմը միջազգային ուժերին կաջակցի հետախուզության ոլորտում:
2002 թվականի մարտին Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայն իր հրապարակային ելույթում կողմ արտահայտվեց Պաղեստին պետության ստեղծմանը:
2002 թ. նոյեմբերին Պակիստանի հատուկ ծառայությունները լուր տարածեցին, թե իսրայելական հետախուզության 75 սպաներ ապահովում են Աֆղանստանի ժամանակավոր վարչակարգի ղեկավար Համիդ Քարզայի անձնական անվտանգությունը: Պաշտոնական Քաբուլը շտապեց հերքել այդ տեղեկությունը:
ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ
2004 թ. օգոստոսին իսրայելական թերթերը գրեցին, որ «վերջին ամիսներին Իսրայելն ու Աֆղանստանը գաղտնի բանակցություններ են վարում»` Աֆղանստանին իսրայելական օգնություն (մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում) ցույց տալու շուրջ: Աֆղանցիները հասկացրին, որ տվյալ փուլում (!) շահագրգռված չեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, բայցեւ Իսրայելի օգնությունից չէին հրաժարվի: Միևնույն ժամանակ, նրանք խնդրում են, որ իսրայելցիները Աֆղանստանում իրենց գործունեության մասին չբարձրաձայնեն:
2005 թ. հոկտեմբերի 14-ին աֆղանական հեռուստատեսությունը հայտնեց, որ Քաբուլը մտադիր է «մոտ օրերս հայտարարել Իսրայել պետությունը ճանաչելու մասին»: Հաջորդ օրը նույն տեղեկությունը հայտնվեց պակիստանյան «The Daily Times»-ում (պարբերականը հղում էր անում Աֆղանստանի դիվանագիտական աղբյուրներին): Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներն արձագանքեցին դրան` հայտարարելով, որ այդ որոշումը «կարևոր քայլ է Հրեական պետությունը մահմեդական աշխարհի կողմից ճանաչվելու ճանապարհին»: Սակայն այս հաղորդագրություններին ոչ մի ճանաչում էլ չի հաջորդում: Ոչ Աֆղանստանի, ոչ էլ Իսրայելի ներկայացուցիչներն այդ տարօրինակ լուրին այլևս չեն անդրադառնում: Դրա փոխարեն Աֆղանստանի ղեկավարը պատմության մեջ առաջին անգամ զրուցում է իսրայելական թերթի` «Եդիոտ Ախրոնոտի» թղթակցի հետ: Հարցազրույցում Համիդ Քարզայը աֆղանա-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորում է պաղեստինա-իսրայելական հարաբերություններում էական առաջընթացով:
Հետագա տարիներին տարբեր կիսապաշտոնական մակարդակներով շարունակվում են աֆղանա-իսրայելական շփումները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. Աֆղանստանի բոլոր իշխանությունները (բացի թալիբներից) նախանձելի հետևողականությամբ օգնություն են խնդրում Իսրայելից (այդ թվում` ռազմական): Իսրայելն էլ բավարարում է այդ խնդրանքը: Հետևաբար`
2. Աֆղանստանը Իսրայելին համարում է բարեկամ երկիր: Միևնույն ժամանակ`
3. Աֆղանստանը փորձում է առայժմ չհրապարակել իր այդ դիրքորոշումը:
4. Աֆղանստանն այդ անելու համար հարմար պահի է սպասում:
5. Իսրայելը Աֆղանստանը դիտում է որպես մահմեդական աշխարհի կողմից Հրեական պետության ճանաչման (մահմեդական սիոնիզմի տարածման) գործընթացի վճռորոշ դերակատար:
6. Առաջնորդվելով ընդհանուր թշնամու դեմ միավորվելու տրամաբանությամբ, Իսրայելը կարող է միավորվել թալիբների հետ` ընդդեմ Իրանի:
7. Աֆղանստանի արաբամետ դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում կեղծ է. Աֆղանստանը պաշտպանում է Իսրայելին:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ