ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբերի 31-ին մեր զորամաս անակնկալ այցով հյուր եկան Հայաստանի Հանրապետության Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի անդամները` կոմիտեի նախագահ, հայրենական մեծ պատերազմի վետերան, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, նրա օգնական Ժենյա Հարությունյանը, Արտաշատի Հայրենական մեծ պատերազմի վետերանները` Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին պետ, գնդապետ Ալեքսան Մինասյանը: Հյուրերը ռազմահայրենասիրական դաս անցկացրին զինվորների հետ. գնդապետ Պետրոսյանը եւ իր ընկերները պատմեցին իրենց պատերազմական տարիների հուշերը, ներկայացրին Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության մասին փաստող բացառիկ տվյալներ՝ մեկ անգամ եւս շեշտելով մեծ հաղթանակի գործում մեր փոքր ժողովրդի ունեցած անգնահատելի ավանդը:
Անչափ հետաքրքիր էր լսել այդ պատկառելի մարդկանց, որոնց նվազագույն տարիքը 88-90 է, եւ խիստ ցավալի էր իմանալ, որ այժմ հանրապետությունում նրանց թիվը 1700 է: Այսօր նրանց շարքերը նոսրանում են, սակայն երբեք էլ չի խամրի նրանց սխրագործությունների փայլն ու փառքը: Հետաքրքիր զրույցն ավելի ծավալվեց, քանզի զինվորները ոչ միայն լսեցին, այլեւ բազմաթիվ հարցադրումներով հանդես եկան:
Գնդապետ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրման պատմությանն ու գործունեությանը, նշեց, որ հայ պատանիներն ու երիտասարդները մշտապես վետերանների ուշադրության կենտրոնում են, քանզի նրանք հայրենիքի ապագա զինվորներն են եւ հետագայում համալրելու են հայկական բանակի շարքերը: Հանդիպումն ավարտվեց վետերանների ոգեշնչող ու պարտավորեցնող ելույթներով՝ լինելու կարգապահ, հայրենիքի նվիրյալ զինվոր եւ երբեք չկորցնել հավատը ապագայի հանդեպ:
Հանդիպման ավարտին գնդապետ Պետրոսյանը զորամասի գրադարանին նվիրեց Վետերանների կոմիտեի հիմնադրման 55-ամյակին նվիրված եւ «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-45թթ.» գրքերը:
Չդադարող ծափողջույնների ներքո հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին` երկուստեք կարեւորելով նման ճանաչողական հանդիպումների եւ զինվորների շրջանում ռազմահայրենասիրական դասերի նշանակությունը:
Միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն ենք հայտնում մեր հրամանատարությանը:
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԻՍՅԱՆ
շարքայիններ
Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Բանակ և հասարակություն