ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՎԱՍՏԱԿՆ Է ՈՒ ՍԻՐԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Նոյեմբերի 4-ին լրանում է մեր զորամասի ֆիզիկական պատրաստության պետ, ՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ, կապիտան Արթուր Հախումյանցի ծննդյան 50-ամյակը: Անսահման հումորի տեր, զինվորին գնահատող, նրա առողջությանը հետևող, սպորտային հաջողություններով ուրախացող, զորամասին անմնացորդ նվիրված մարդ` ահա այսպիսին է մեր շատ սիրելի պարոն կապիտանը, որ անչափ հետաքրքիր կյանք է ապրել, ունեցել օրինակելի երիտասարդություն: Նա ծնվել է 1963թ. Բաքու քաղաքում` ծառայողի ընտանիքում: Հայրը եղել է Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, մայրը` մանկավարժ, արմատներով Ղարաբաղից է, նախնիները Շուշեցի են: Միջնակարգն ավարտել է Բաքվում, ծառայել Խորհրդային բանակում` 1982-1984թթ.: Այնուհետև սովորել և ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը, ստացել ռազմագիտության և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում:
Ժամանակի ընթացքում զբաղվել է սպորտով` սամբոյով, դարձել Բաքվի չեմպիոն, միաժամանակ մարզիչ է աշխատել, եղել Ադրբեջանի սամբոյի պատանիների ազգային հավաքականի մարզիչը` մինչև Արցախյան շարժումը: Շարժման տարիներին ընդգրկվել է Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել պատերազմական գործողություններին` Լաչին, Քարվաճառ:
Կապիտան Հախումյանցը 1992թ.-ից զինված ուժերում է, զինվորական կարիերան սկսել է կապի գումարտակում ու առ այսօր նույն զորամասում է՝ զորամասի «ամենահին» սպան, որ այսօր էլ շարունակում է աշխատել և հայ զինվորին դաստիարակել առողջ ապրելակերպ վարելու իր բացառիկ մեթոդներով: Զորամասում պարոն կապիտանը եղել է դասակի հրամանատար, հետո վաշտի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, 1993-1994թթ. եղել է բրիգադի ֆիզպատրաստության և սպորտի պետ, հետո վաշտի հրամանատարի ՊԺԿ, ավտոծառայության պետ: Երբ 1995-ին մեր զորամասը ՀՀ ԶՈՒ համակարգում կազմավորվեց որպես Կապի ուսումնական գումարտակ, կապիտան Հախումյանցը դարձավ ֆիզպատրաստության պետ և արդեն 18 տարի ծառայում է ի նպաստ մեր զորամասի սպորտային հաջողությունների:
Զինվորական ծառայությունից դուրս նա մարզադպրոցում արտաժամյա, անվճար պարապում է պատանիների հետ, սամբոյի մարզիչ է, նույնպես եւ՝ «Պատանի երկրապահի» մարզիչը: 1997թ.-ից Արարատի մարզի մենամարտային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահն է: Հախումյանցի սաները դարձել են մարտական սամբոյի եւ ձյուդոյի, ռուսական «պադա» մարզաձեւի բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ, որոնցից է սամբոյի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Լիլիթ Պողոսյանը:
Կապիտան Հախումյանցը ամուսնացած է, ունի 2 որդի: ԽՍՀՄ սպորտի վարպետ է, սպորտի վաստակավոր մարզիչ, սամբոյի միջազգային կարգի մրցավար, «Երկրապահ կամավորականների միության» անդամ: Զինվորական անբասիր, պարտաճանաչ ծառայության, ՀՀ ԶՈՒ բանակաշինության, ֆիզիկական պատրաստության առաջխաղացման համար կապիտան Հախումյանցը պարգևատրվել է «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով» ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով, «ԽՍՀՄ ԶՈՒ կազմավորման 70-ամյակի» և «ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակի» հոբելյանական մեդալներով, ԵԿՄ «Երկրապահ» հուշամեդալով, «ԽՍՀՄ գվարդիայի» կրծքանշանով, բազմաթիվ այլ մարզական պարգևներով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
Նրա վաստակը մեծ է, կատարած աշխատանքը` անգնահատելի, և նա միշտ սիրում է ասել, որ իր համար ամենակարևորը հարյուրավոր այն զինվորների գնահատականն է, ովքեր այսօր էլ զորացրվելուց հետո ճանաչում, գնահատում են իրեն որպես մարդու՝ ավագ ընկերոջ…:
Զինվորների և զորամասի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք կապիտան Հախումյանցին ծննդյան 50-ամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երկար տարիների կյանք, նորանոր ձեռքբերումներ սիրած գործում, և թող երբեք նրա երիտասարդական ավյունը չմարի:
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
շարքային