Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ



Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն սաներին, որոնք մասնակցել են Ուկրաինայի Օդեսա քաղաքում կազմակերպված «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին եւ արժանացել ոսկե մեդալների: Գուրգենը, Հրաչն ու Մեսրոպը վարժարանում աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ:

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ.

«Չելյաբինսկում էի բնակվում, առաջին անգամ հարազատներիս հյուր պիտի գնայի, քարտեզի վրա փնտրում էի Հայաստանն ու չէի կարողանում գտնել… Հայաստանն այնքան փոքր է պատկերված: Բայց հետզհետե՝ այցելությունից այցելություն (18 անգամ եկել ու գնացել եմ), ինքս ինձ համար պարզեցի, որ իրականում այնքան էլ փոքր չէ. շատ մեծ է` իր ստեղծած հոգեւոր-մշակութային արժեքների շնորհիվ, մտավորական ու ոգեղեն մարդկանց շնորհիվ, իր բազմադարյան պատմության շնորհիվ, իր հողն ու ջուրը սիրող գյուղացու շնորհիվ, պատմական հայրենիքի մի մասն ազատագրած, ընկած եւ ապրող ազատամարտիկների շնորհիվ, մեր անդորրը հսկող եւ հայրենի երկրի սահմանները անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ: Հայրենիքը որպես մեծ արժեք գիտակցելու ունակությունս նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնառության արդյունք է: Մտածում էի` իրավաբան կդառնամ, բայց տատիկիս խորհրդով ընդունվեցի վարժարան: Ֆիզիկապես թույլ էի, վատ էի տիրապետում մայրենի լեզվին, բայց ինձ ընդառաջեցին, ես էլ խոստացա ներդնել բոլոր ուժերս, ձգտել եւ չթերանալ, անել ինձնից կախված հնարավոր ամեն բան` հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու համար: Այստեղ սովորեցի ոչ միայն հայերեն վարժ խոսել, կարդալ եւ գրել, այլեւ՝ ազգային պարեր: Օր օրի կատարելագործվում են զինվորական գործին վերաբերող գիտելիքներս, հմտություններս, զենքին տիրապետելու ունակություններս: Բարելավել եմ ֆիզիկական պատրաստվածությունս, ավելի դիմացկուն եմ դարձել, այն աստիճան, որ երկու անգամ ընդգրկվել եմ վարժարանի թիմում ու մասնակցել միջազգային հավաքների: Այստեղ ես վստահություն ձեռք բերեցի սեփական ուժերիս նկատմամբ եւ պատրաստ եմ ստանձնելու հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործը՝ կանգնել սահմանին, առաջնագծում, փակել թշնամու ճանապարհը` հանուն մեծ Հայաստան ունենալու մեր երազանքի»:

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՐԱՉ.

«Հայրենիք: Հաճախ ենք լսում այս բառը եւ նույնքան հաճախ էլ ինքներս ենք օգտագործում: Շատ եմ մտածել այս բառի նշանակության մասին ու եկել այն համոզման, որ հայրենիքը իմ տունն է, իմ ընտանիքը, իմ բակը, մեր հարեւանները, պապիկիս այգին, մեր կոթողները, խաչքարերը, դուդուկը, գրքերը, մեսրոպյան տառերը, Արարատը: Հայրենիքը ես եմ: Միգուցե իմ պատկերացումները, ընկալումները հայրենիքի մասին այնքան էլ հասուն չթվան, բայց մի բան պարզ է` Հայրենիքը ինձ համար իրական ու շոշափելի է: Ես սիրում եմ իմ երկիրը, հպարտ եմ հայ լինելուս համար եւ կարծում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը իմ, քո, նրա, յուրաքանչյուրիս խնդիրն է, եւ այն պահանջում է բոլորիս նվիրվածությունն ու եռանդը: Անկախ նրանից, թե ով որ ոլորտում է, պետք է պատշաճ ձեւով ծառայի. չէ՞ որ հայրենասիրությունը խոսքով չեն նկարագրում, այլ գործով են ցույց տալիս, ուրեմն բժիշկը, ուսուցիչը, հացթուխը, շինարարը, զինվորականը, բոլորս պետք է անմնացորդ սիրենք Հայրենիքն ու նվիրումով ծառայենք նրան: Ծնողներս հաճախ են ասում` եղիր գթասիրտ, հոգատար եւ ներողամիտ դիմացինիդ նկատմամբ. չէ՞ որ հայրենասիրությունը պայմանավորվում է նաեւ շրջապատիդ հանդեպ ունեցած քո վերաբերմունքով: Ես ուզում եմ, որ չանտեսենք մեր կողքինի ցավն ու մտահոգությունները, լինենք կարեկից, անպաշտպանին՝ ապավեն, շրջապատենք միմյանց ջերմությամբ: Հակառակ դեպքում կկորցնենք մեր (ինչպես հաճախ սիրում ենք կրկնել)՝ հայի տեսակը»:

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵՍՐՈՊ.

«Ինձ համար հայրենիքը սկսվում է իմ ծծնդավայր Հրազդանից: Հրազդանը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում: Տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարաններ, պահպանվել է XIII դ. քարավանատունը: Ես սերտորեն կապված եմ Հրազդանի պատմությանը, բնությանը, մարդկանց: Երբ ուսումնառության նպատակով տեղափոխվեցի Երեւան ու մասնակցեցի կազմակերպվող ուսումնաճանաչողական արշավներին, հայրենիքի սահմաններն էլ ավելի ընդլայնվեցին գիտակցությանս մեջ: Հիմա երբ ասում եմ հայրենիք, Հայաստան-Արցախ միացյալ քարտեզն է աչքիս առաջ գալիս: Յուրաքանչյուր սերունդ հայոց հողը սրբությամբ պահպանելու առաքելություն ունի: Պատասխանատվությամբ վերաբերվելու այն ամենին, ինչ մեզ է հասել մեր նախնիներից: Այս փոքրիկ տարածքի համար սերունդներ են պայքարել, այս փոքրիկ հողակտորը մեր պապերն ու հայրերը պաշտպանել են կյանքի գնով, Հայաստանը մենք ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով: Կարծում եմ` մեր հայրենիքը միշտ էլ հերոսների կարիք ունի, հերոսներ, որոնք դեռ կկերտեն մեծ հաղթանակներ՝ հայ ժողովրդի արժանապատիվ ներկան ու ապագան: Ես ինձնից փոքր երկու եղբայր ունեմ, ուզում եմ, որ երեքս էլ մի լավ գործ արած լինենք ազգի համար»:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ


14/11/2013