Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ



Օրերս ուսումնական կենտրոնում տեղի ունեցան դիպուկահարների հնգօրյա հավաքներ, որոնց մասնակցում էին ենթակա զորամասերի ստորաբաժանումների դիպուկահարները:

Պայմանագրային զինծառայողները ՀՀ ՊՆ դիպուկահարների դպրոցում ավարտել են խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի համապատասխան դասընթացները, գործնական պարապմունքներում կատարելագործել դիպուկահարի հմտությունները, անցել մասնագիտական փորձաշրջան եւ երախտագիտությամբ են տալիս իրենց ուսուցչի անունը, որն էլ, թշնամու դիվերսիոն խմբերի ահուսասափը համարվող զենքի գաղտնիքներն իրենց սովորեցնելուց զատ, եղել է ավագ ընկեր ու բարեկամ:

Պարապմունքներին ակտիվորեն մասնակցում էին նաև յուրաքանչյուր զորամասից դիպուկահարներին կցված պատասխանատու սպաները, որոնց համար ևս հավաքներն ուսուցողական մեծ նշանակություն ունեցան: Տեսական ու գործնական պարապմունքներն ընթացան ուսումնական կենտրոնի լսարաններում, կրակադաշտում, բացազատված ուսումնական տեղամասերում:

Հարմարավետ, հարուստ ուսումնանյութական բազայով կահավորված լսարաններում տեսական պարապմունքներում ընդգրկված սպաներ, հավաքների պետ, գնդապետ Կ. Հարությունյանը և մայոր Մ. Զաքարյանը պայմանագրային զինծառայողներին մանրակրկիտ բացատրում էին իր տեսակի մեջ բացառիկ զենքի հետ վարվելու նրբությունները՝ շեշտը դնելով անվտանգության կանոնների խստիվ պահպանման և անվրեպ խոցման արդյունքի վրա՝ ըստ հարկի մանրամասնելով քննարկվող թեմաները:

Հավաքի մասնակիցները հետաքրքրությամբ ունկնդրեցին մարտավարամասնագիտական, տեղագրական և այլ թեմաներով դասախոսությունները` հընթացս ստանալով նաև իրենց հուզող հարցերի պատասխանները: Այնուհետև իրենց տեսական գիտելիքները ցուցադրեցին գործնականում՝ լրացնելով կրակային պատրաստությունից ուսումնական, ստուգողական, համալիր ստուգողական վարժությունների նորմատիվները:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ


14/11/2013