Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՄԻԿՐԻԱՆ ԵՎ ՓՈՒՇՏՈՒՆՆԵՐԸ



Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ԱՖՂԱՆԱԿԱՆ ԴԺՈԽՔԸ

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴԸ

Կենսաբանության մեջ գոյություն ունի երևույթ, որը կոչվում է միմիկրիա (հունարեն «միմիկոս»` նմանակումային): Այդպես են անվանում որոշ կենդանիների (մեծ մասամբ` միջատների)` թշնամիներից պաշտպանվելու նպատակով այլ տեսակներին նմանակելը (միմիկրիայի օրինակ է նաև քամելեոնի գունափոխումը): Այս հասկացությունը գործածվում է նաև քաղաքականության մեջ: Քաղաքական միմիկրիան սոցիալական (այդ թվում էթնիկական) խմբերի` պաշտպանվելու և արտաքին միջավայրին սոցիալ-քաղաքական առումով հարմարվելու (ծպտվելու` սեփական համոզմունքները, դավանանքը, հայացքները, արարքները, կենսակերպը թաքցնելու) երևույթն է, որի շնորհիվ ապահովվում է տվյալ խմբի գոյատևումը կյանքի և գործունեության անտանելի պայմաններում: Այսինքն` դա ճգնաժամային իրավիճակներում ինքնապաշտպանության հարկադրված միջոց է:

Քաղաքական միմիկրիայի օրինակ է բորբորիտների, մծղնեականների, պավլիկյան, թոնդրակյան աղանդների հետևորդների ծպտված կենսակերպը միջնադարյան Հայաստանում (և չի բացառվում՝ նաև այժմ): Քանի որ ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները դաժանորեն հալածում էին այդ աղանդավորներին (Բյուզանդիայում` ընդհուպ խարույկի վրա այրելը), Հայաստանում նրանք ձևանում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միմյանց հետ շփվելիս գործածում գաղտնալեզու և պայմանական նշաններ: Հայ հոգևորականների միջից պավլիկյան և թոնդրակյան աղանդավորների բազմաթիվ առաջնորդների ի հայտ գալը վկայում է նաև, որ նրանք, թերևս, նպատակադրված դառնում էին հոգևորականներ` Հայ առաքելական եկեղեցին ներսից քայքայելու համար: Այլ կերպ ասած` քաղաքական միմիկրիայի վարպետներ էին: Քաղաքական միմիկրիան, որպես կանոն, բնորոշ է նաև այն ժողովուրդներին, որոնք ապրել են օտար լծի տակ (օրինակ` հրեաներին): Բացի այդ, ներկայիս աշխարհի` «բաց հասարակության» վերածվելու պայմաններում (երբ գաղտնիք պահելը գնալով դժվարանում է) քաղաքական միմիկրիայի են դիմում նաև պետությունների իշխանությունները` իրենց բուն ռազմավարությունը ոչ միայն արտաքին թշնամիներից, այլեւ ժողովրդից թաքցնելու համար:

Ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների միմիկրիան հայտնաբերելը հաճախ կապված է ազգային անվտանգության խնդիրների լուծման հետ: Ոստիկանությունը, օրինակ, պայքարում է կազմակերպված հանցավորության դեմ` փորձելով հայտնաբերել օրինապաշտ քաղաքացի ձևացող կաշառակերներին, մարդասպաններին, խարդախներին, գողերին ու ավազակներին: Հակահետախուզությունը պայքարում է թշնամու լրտեսների դեմ, որոնք ծպտված են` հանդես գալով որպես գործարարներ, լրագրողներ, քահանաներ և այլն: Այսպիսով, միմիկրիայի հայտնաբերումը կարևոր ու բարդ հիմնախնդիր է, նաև` քաղաքագիտության ոլորտում:

Միմիկրիայի հայտնաբերման գլխավոր մեթոդաբանական հիմքը այն հակասությունն է, որն անխուսափելիորեն առաջանում է կեղծ (միմիկրիայի սուբյեկտի ստեղծած) իրականության և բուն իրականության միջև: Այդ հակասությունը կարող է լինել խոսքի և կամ գործի: Հետևաբար` միմիկրիայի հայտնաբերման գլխավոր պայմանը խնդրահարույց օբյեկտի (սոցիալական խմբի կամ անհատի) անընդհատ դիտարկումն է (երբեմն նաև էքսպերիմենտը)` խոսքի և գործի հնարավոր հակասությունները արձանագրելու նպատակով: (Անշուշտ, հայտնաբերված յուրաքանչյուր հակասություն միմիկրիայի բացահայտման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է):

Այժմ փորձենք հակասությունների հայտնաբերման մեթոդը կիրառել Աֆղանստանում բնակվող փուշտունների (թալիբների) պարագայում` պատասխանելու այն հարցին, թե դիմո՞ւմ են արդյոք նրանք քաղաքական միմիկրիայի:

Փուշտունների (թալիբների) հռչակած գաղափարների (կրոնի) և իրենց վարքագծի միջև նկատելի է առնվազն երեք սկզբունքային հակասություն:

ՍՈՒՖԻՆԵՐԸ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ ՍՈՒՖԻՆԵՐԻ՞Ն

Առաջին. մի շարք հետազոտողներ այն համոզմանն են, որ թալիբների հիմնական գաղափարախոսությունը սուֆիզմն է: Մինչդեռ թալիբները հալածում են սուֆիզմի հետևորդներին:

Թալիբների նախապատմությունը հետևյալն է. 1866 թ. մայիսի 30-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դեոբանդ գյուղում հիմնվում է Դարուլ-Ուլում մեդրեսեն (մահմեդական հոգևոր դպրոցը), որի ուսուցիչների մեծ մասը սուֆիզմի և մահմեդականության ավանդապահ ուղղության հետևորդներ էին: Նրանց աշակերտները, բնականաբար, նույնպես ապրում էին ասկետական կյանքով, զբաղվում մեդիտացիայով: 1947 թ. Հնդկաստանը տրոհվում է երկու մասի` ներկայիս Հնդկաստանի և մահմեդական Պակիստանի: Այդժամ Դեոբանդի գլխավոր ուլեմներից (իսլամի գիտակներից, ուսուցիչներից) մեկը` Մաուլանա Աբդուլ Խակը, տեղափոխվում է Պակիստան և հիմնում մեդրեսե, որը կոչվում է Խաքանիա: Վերջինիս ուսանողները հենց թալիբներն են (թալիբ նշանակում է «ուսանող», թալիբան` «ուսանողներ»): Նրանք ուսմանը զուգահեռ մասնակցում էին Աֆղանստանում տեղի ունեցող կռիվներին` վերածվելով յուրահատուկ աստվածաբան-մարտիկների:

1996 թ. գալով իշխանության` թալիբներն Աֆղանստանում արգելում են սուֆիզմը, քանի որ դրա հետևորդները էքստազի մեջ ընկնելու համար երաժշտություն էին լսում և պարում, իսկ երգն ու պարը, թալիբների կարծիքով, ուղղափառ մահմեդականի համար մերժելի երևույթներ են: Վեց տարի շարունակ սուֆիզմի հետևորդներն ընդհատակում են լինում և «ջրի երես դուրս գալիս» միայն 2002 թ. թալիբների իշխանության տապալումից հետո: Երեք տարի առաջ թալիբները Պակիստանում սպանել են սուֆիների, պղծել նրանց սրբավայրերը: Ըստ որոշ տեղեկությունների` սուֆիների դեմ ահաբեկչությունների պատճառն այն է եղել, որ սուֆիները խաղաղության կողմնակից են և մերժում են զինված պայքարը (այս տեսակետն էլ է հակասում այն փաստին, որ Դեոբանդի դպրոցի սաները եղել են սուֆի ռազմատենչ աստվածաբան-մարտիկներ):

Այսպիսով, թալիբների վերաբերմունքը սուֆիզմի նկատմամբ հակասական է:

ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ` ԹՄՐԱՄՈ՞Լ

Երկրորդ. փուշտունների և թալիբների «պաշտոնական» կրոնը` մահմեդականությունը, արգելում է թմրամոլությունը, բայց փուշտունները զանգվածաբար թմրանյութ են գործածում: Աֆղանստանը, որտեղ արտադրվում է աշխարհի օպիումային թմրանյութերի 90%-ը, աշխարհում առաջինն է նաև թմրանյութերից կախման մեջ եղած բնակիչների թվով` 1 մլն մարդ (այն դեպքում, որ երկրի ամբողջ բնակչությունը կազմում է 35 մլն):

Իհարկե, թմրամոլությունն Աֆղանստանում ունի սոցիալական պատճառներ` գործազրկություն, պատերազմ, չքավորություն: Բացի այդ, թմրամոլության տարածմանը նպաստում է թմրանյութերի մատչելիությունը. հերոինի չափաբաժին ձեռք բերելն ավելի դժվար չէ, քան մի կտոր հաց ճարելը: Ավելին, աֆղանցիները համոզված են, որ օպիումը դեղ է, և դարեր շարունակ դրանով են բուժում տարբեր հիվանդություններ` սկսած հետծննդյան ցավերից, վերջացրած հազով (այդ «դեղամիջոցը» տալիս են նաև իրենց երեխաներին):

Այդուհանդերձ առնվազն տարօրինակ է, որ իրեն ուղղափառ մահմեդական համարող հավատացյալ (ոչ աթեիստ) ժողովուրդը կարող է զանգվածաբար խախտել կրոնական արգելքը: Թալիբները իշխանություն ունեցած ժամանակ բավականին հետևողական պայքար էին մղում թմրանյութերի արտադրության և օգտագործման դեմ: Այդուհանդերձ, նրանց օրոք էլ թմրամոլությունն այնքան էր տարածված, որ այդ երևույթի և մահմեդական կրոնի հակասության հարցը մնում է օրակարգում:

ՓՈՒՇՏՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Երրորդ. մահմեդականությունն արգելում է նաև համասեռամոլությունը, բայց այն լայնորեն (վարքագծի նորմա լինելու չափ) տարածված է Աֆղանստանում:

Աֆղանստանում ամերիկյան ծովային հետևակի գումարտակին որպես հավելում տրված սոցիալական հետազոտողների խումբը 2010 թ. փուշտունների սոցիոլոգիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, ըստ որի Աֆղանստանի տղամարդկանց շրջանում լայնորեն տարածված են համասեռամոլությունն ու հատկապես սեռական հակումը 7-14 տարեկան տղաների նկատմամբ: Զեկույցի հեղինակները շեշտել են, որ համասեռամոլությունը տարածված է «շատ ավելի, քան բնական շեղումներն են»: Իսկ ավելի վաղ` 2002 թ. մայիսի 24-ին, «Scotsman» պարբերականում լույս տեսած հոդվածում պատմվում է, որ բրիտանացի ծովային հետևակայիններին սեռական հարաբերության առաջարկություն են արել տեղացի ֆերմերների ամբոխները (բրիտանացիները լավ վախեցել էին): Գյուղերում նույն առաջարկությամբ նրանց էին դիմել տասնյակ տղամարդիկ: 20-ամյա հետևակայիններից մեկը պատմում էր. «Դա իսկական դժոխք էր: Ամեն գյուղում, որտեղ լինում էինք, մեզ էին հանդիպում շպարված տղամարդկանց խմբեր, որոնք մոտենում էին, շոյում մեր գլուխներն ու այտերը և համբույր նմանակում` ճպպացնելով շուրթերը»:

Աֆղանական խնջույքներում ընդունված է դիտել տղաների (նրանց անվանում են «բաչա») պարը (որի ընթացքում նրանց փող են տալիս), իսկ պարից հետո` նրանց հետ սեռական հարաբերությունը (այդ ավանդույթը կոչվում է «բաչաբազե»): Թեպետ բաչա ունենալու ճոխությունը կարող են թույլ տալ ունևորները (Աֆղանստանի ազդեցիկ մարդիկ` դաշտային հրամանատարներ, պաշտոնյաներ, ցեղապետներ և այլն), երևույթն այնքան տարածված է եղել Կենտրոնական Ասիայում (մինչև խորհրդային կարգերի հաստատումը), որ երաժշտական հատուկ ժանրի առաջացման պատճառ է դարձել: Մինչև թալիբների իշխանության գալը տղաներին նույնիսկ շուկա ուղարկելն էր վտանգավոր, որովհետև դաշտային հրամանատարները կարող էին իրենց հավանած երեխային անմիջապես վերցնել որպես «խալեկոն» (տղա-սիրեկան): Աֆղանստանի խորհրդարանի պատգամավոր Աբդուլհաբիր Ուչկունի խոսքով, երևույթը լայնորեն տարածված է ամբողջ երկրում:

Անշուշտ, որպես համասեռամոլության պատճառ նույնպես կարելի է նշել սոցիալական գործոններ. օրինակ՝ ինչպե՞ս կարելի է սիրահարվել կնոջը, եթե նրա դեմքը տեսնելու առիթ գործնականում չկա (մահմեդական կրոնն արգելում է): Բացի այդ, ամուսնանալու համար դրամ է պետք` աղջկա ծնողներին վճարելու համար, իսկ չքավորների երկրում նման ճոխություն քչերը կարող են իրենց թույլ տալ:

Թեպետ եղել են դեպքեր, երբ թալիբները մահապատժի են ենթարկել համասեռամոլներին, սակայն տեղացիները նրանց մեղադրում են փարիսեցիության մեջ` պնդելով, որ նրանք խալեկոններ են ունեցել, բայց գաղտնի են պահել: Հայտնի են նաև փաստեր, որ թալիբները մահապարտների ռազմաուսումնական ճամբարներում բռնաբարել են դեռահասների: Այսինքն` թալիբներին նույնպես հատուկ է այդ արատը:

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԿՏՐԵԼ ՄԱՐԳԱՐԵԻ ԿՈԿՈՐԴԸ

Վերոնշյալ հակասություններին հավելենք որոշ փորձագետների այն դիտարկումը, որ թալիբներն այսօր ավելի հանդուրժող են դարձել հնդկական ֆիլմերի, պոռնոգրաֆիայի տարածման նկատմամբ: Իրենց կառավարման վերջին ժամանակաշրջանում նրանք կանանց թույլ էին տալիս առանց ուղեկցողի դուրս գալ տնից, ավտոմեքենա վարել և նույնիսկ Մարտի 8-ը պաշտոնապես նշելու որոշում էին ընդունել:

Այս ամենը վկայում է, որ թալիբների քարոզած խստակրոն մահմեդականությունը նրանց ուսմունքի արտաքին կաղապարն է միայն, կամ, որ ավելի հավանական է, նրանց ուսմունքի մի մասը նախատեսված է «սովորական մահկանացուների», իսկ մյուսը` «ընտրյալների» համար: Դատելով վերը նշված փաստերից, «ընտրյալների» համար նախատեսված ուսմունքը պետք է ներառի այն դրույթը, որ «իրենք սուրբ են և չեն կարող մեղք գործել. ցանկացած մեղք իրենց արտոնված է: Ավելին, սրբանալու համար իրենք պետք է մեղք գործեն»: (Այսօրինակ գաղափարները բնորոշ են գնոստիկական ծագում ունեցող աղանդներին: Գնոստիցիզմի և սուֆիզմի կապը հավանական է, թեև հատուկ ուսումնասիրության կարիք ունի):

Որոշ հեղինակներ փուշտունների համասեռամոլությունը փորձում են բացատրել` ելնելով սուֆիզմի տեսությունից և պրակտիկայից: Սուֆիների` աստծուն ամեն ինչի մեջ գտնելու և սիրելու ձգտումը, ի վերջո, հանգեցնում է ինքնասիրահարվածության (նարցիսիզմի), իսկ սա` պեդոֆիլիայի (երեխաների նկատմամբ ախտավոր հակման): Միանգամայն ընդունելի բացատրություն է, հավելենք միայն, որ դա հենց մահմեդականության այն գաղտնի ուսմունքն է, որի մասին, ըստ որոշ հադիսների (բանավոր ավանդությունների), ասել է Մուհամեդ մարգարեն. «Դրանցից (ուսմունքներից) մեկը ես սովորեցնում եմ մարդկանց, բայց եթե նրանց բացահայտեի երկրորդ իմաստը, նրանք կկտրեին իմ կոկորդը»:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, փուշտունները, ամենայն հավանականությամբ, դիմում են քաղաքական միմիկրիայի` դարեր շարունակ իրենց երկիրը նվաճել ցանկացողներից թաքցնելով իրենց իրական դավանանքը, կենսակերպն ու սոցիալական կառուցվածքը (փորձագետներն ընդունում են, որ վերջինս յոթ փակի տակ պահվող գաղտնիք է նաև այսօր): Մեր նախորդ հոդվածում («Իսրայել-Աֆղանստան. գաղտնի հարաբերությունների 7 տասնամյակ», «Հայ զինվոր», թիվ 45) եզրակացրել էինք, որ Աֆղանստանի արաբամետ դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում կեղծ է, և որ Աֆղանստանը պաշտպանում է Իսրայելին: Այս եզրակացությունը լիովին համահունչ է փուշտունների քաղաքական միմիկրիային:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


21/11/2013