ՆԻԶԱՄԻՆ
ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ
♦♦♦
Լուսադեմին առաջին «վերկացը» չափազանց վատ ստացվեց: Երկու մետր հասակ ունեցող կրտսեր սերժանտ Կլիշը հրամանն անվերջ կրկնում էր, բայց ամեն ինչ ավելի վատ էր ստացվում: Ոչ մի կերպ չէինք կարողանում ոտքի փաթաթանը ճիշտ ու ժամանակին փաթաթել: Այնուհետեւ վազեցինք, լվացվեցինք ու գնացինք նախաճաշի: Գիշերը սկսված անձրևը հինգ-տասը րոպեով դադարում ու նորից էր սկսում: Պարբերաբար լսվում էր էլեկտրալարերին ու ցանկապատին շարված ագռավների կռնչոցը: Ես երբեք այդքան մեծ երամ չէի տեսել: Գիշակերներն իջնում էին ճաշարանի մոտ գտնվող աղբարկղերին ու նորից թառում իրենց տեղերը: Երբ շատ էին կռավում, իմ համագյուղացի Վարդանն ասում էր.
-Սրանց կռկռոցը վատ նշան է, զգույշ լինենք՝ մի բան չպատահի՞:
Ծառայության առաջին օրը մենք տողանի կանգնեցինք հին անձնակազմից հետո: Հրամանատար մայոր Գերասիմովը մոտեցավ շարքին ու դարձյալ ուշադրությամբ զննեց բոլորիս, հարցրեց՝ ինչպես ենք մեզ զգում: Երբ հասավ Նիզամիին, ասաց.
– Զինվոր, շարքային Բայրամօղլի, շտաբի պետ փոխգնդապետ Իվանովն ինձ զեկուցեց, որ քո զորակոչը ճիշտ է կատարվել: Դու ինստիտուտն ամբողջությամբ չես ավարտել, երրորդ կուրսից դուրս ես մնացել: Ուրիշ հարցեր կա՞ն:
-Ոչ, չկան, բարձր ձայնով պատասխանեց Նիզամին:
-Բանակում այդպես չեն պատասխանում, կան ընդունված արտահայտչաձևեր, հարցեր, հրամաններ, պատասխաններ, որոնք ձեզ սերժանտը կսովորեցնի: Տվյալ դեպքում դու պետք է ասեիր` «Ոչ մի կերպ, ընկեր մայոր»:
-Ոչ մի կերպ, ընկեր մայոր,- բարձր ձայնով արձագանքեց Նիզամին, ու հրամանատարը նրան մեկ անգամ էլ ոտքից գլուխ տնտղելուց հետո անցավ առաջ:
– Երկու տարի սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտում, դուրս է մնացել, ու քանի որ գյուղում դասատու չի եղել, ժամեր են տվել, դասատու է աշխատել: Հիմա էլ ուզում է սրանց հավատացնի, թե բարձրագույն կրթություն ունի, որ ծառայությունից ազատվի, էն մյուս թուրքն էլ իր աշակերտներից է,- արագորեն ցածր ձայնով ասաց շարքում կողքիս կանգնած Արսեն Դավթյանը:
♦♦♦
Հաջորդ օրը, շարային պատրաստության ժամանակ հանկարծ Նիզամին տապալվեց գետնին: Ընկավ ու սկսեց խռխռացնել՝ բերանից փրփուր դուրս տալով: Տղաները նրան վերցրին ու վազքով տարան բուժկետ: Աշակերտը վազվզում էր ուսուցչին տանողների կողքին, կոկորդային ձայներ հանում: Բուժկետում ոչինչ չէին հայտնաբերել: Նրա ընկնավորությունը կրկնվեց նաև հաջորդ օրը և շարունակվեց մեկ շաբաթ: Տղերքն արդեն հոգնել էին նրանից: Ամեն անգամ, երբ նրան շալակում, վազում էին, Աբոն` Ալբերտ Հովհաննիսյանը, չարախնդալով ասում էր.
– Էշին տարան, տեսեք՝ հիմա քուռակը (աշակերտին նկատի ուներ) հետեւից ոնց է տրտինգ տալով վազելու:
Հերթական տապալումից հետո Նիզամին բուժկետից շարք չվերադարձավ: Նրան իր մոտ էր կանչել քաղգծով հրամանատարի տեղակալ մայոր Մորոզովը: Թե ինչ էր նրան ասել քաղղեկը, չիմացանք, բայց դրանից հետո Նիզամին այլեւս չընկավ:
♦♦♦
Կարանտինն ավարտվեց: Մենք առանց զենքի ընդունեցինք զինվորական երդումն ու տեղափոխվեցինք գումարտակ: «Ծերուկները» մեզ դիմավորեցին թշնամաբար՝ չարախնդալով: Մեր համեմատ նրանք շատ բարձրահասակ էին ու հաղթանդամ, նրանց մեջ շատ էին նախկինում դատվածություն ունեցողները: Վերջիններս կամ չէին կատարում, կամ էլ քմահաճորեն էին կատարում սպաների հրամանները: Երկու հարյուր զինվորի երեկոյան անվանականչը մեկ ժամից ավելի ձգվեց: Ռզգոեւը ճիշտ էր. մեզ փորձություններով լի ծառայություն էր սպասում: Զորամաս գալու առաջին օրվանից առավոտները վերկացի հետ բարձրախոսով հնչում էր «Վերասի» համույթի «…Դեղին տերեւները շրջապատել են քաղաքը…» երգը, որն արդեն դարձել էր անտանելի, մինչդեռ «ծերուկները»` բելառուսներն ու ուկրաինացիները, չէին կշտանում այն լսելուց:
Օր օրի իմ մեջ ուժգնանում էր հարազատների, տան, Հայաստանի, Երեւանի կարոտը: Մեզ դեռ չէին տանում աշխատելու, բայց շարային պատրաստության պարապմունքները շատ ծանր էին, չէինք դիմանում, շուտ էինք սովածանում: Արդեն ճաշարան էինք գնում գումարտակի անձնակազմի հետ: Նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ խոհանոց էր մտնում մայոր Գերասիմովը: Նա, նախ, սեղաններին դրված սպասքի մաքրությունն էր ստուգում, հետո համտեսում էր ճաշերը: Անձնակազմը միայն հրամանատարի համտեսից հետո էր մտնում ներս: Նորակոչիկներիս համար հրամանատարի համտեսի այդ մի քանի րոպեանոց գործողությունը ժամեր էր թվում, դրա համար էլ հենց Բատյան ճաշարան էր մտնում, Աբոն ասում էր. «Տատս էլի էկավ, մինչև շերեփը ճաշին չխփի, իր բաժինը չուտի, չի թողնի, որ ուրիշները հացին ձեռ տան»: Բայց Գերասիմովն ուշադիր էր բոլոր հարցերի նկատմամբ: Մեկ էլ տեսար, կհայտնվեր կեսգիշերին` ստուգելու, թե ինչ է կատարվում զորանոցում, բոլո՞րն են տեղում, թե՞…: Ցերեկներն էլ էր անընդհատ շարժման մեջ, ստուգում էր տարածքը, կաթսայատունը, պահեստները, մեքենայական պարկը…
Մի շաբաթ հին անձնակազմի հետ անցկացնելուց հետո իմացանք, որ նորակոչիկների կեսը` քսանհինգ մարդ, տեղափոխվելու է Բալթիյսկ` համալրելու մշտապես գործուղման մեջ գտնվող գումարտակը: Ռզգոեւն ասաց, որ գումարտակների մեջ տարբերություն չկա, մեկ է՝ այստեղ թե այնտեղ բարքերը նույնն են: Այնուամենայնիվ, մեկնողների թվում ազգանունս լսելով` ես ուրախացա: Ինձ ավելի շատ ոգեւորեց ճամփորդելու, նոր քաղաքներ տեսնելու հնարավորությունը: Հաջորդ օրը մեկնողներիցս ամեն մեկը մեր ներքնակը, բարձը, սավանները փաթաթեցինք ծածկոցի մեջ, մետաղալարով պինդ կապեցինք, ավելացրինք նաև «ուսագոտիները» և կապիտան Սալահինովի ղեկավարությամբ բեռնատարով մեկնեցինք Պսկով, այնտեղից էլ գնացքով` Կալինինգրադ: Կայարանի շենքն ինձ ծանոթ թվաց, ու անմիջապես մտաբերեցի, որ այս կառույցի նկարը տեսել եմ տասներորդ դասարանի ԽՍՀՄ պատմության դասագրքում: Քանի որ դեռ սպասում էինք, բուֆետ գնալու պատրվակով դուրս եկա ու դրսից էլ նայեցի:
Չէի սխալվում, նույնն էր, բայց առանձնապես մի բան չէր: Գերմանական այդ կառույցն ուղղակի դիմացել էր պատերազմի փորձությանը և հասել մեր օրերը:
-Գիտես, չէ՞, Կալինինգրադը հայտնի գերմանական քաղաք Քյոնիքսբերգն է, այստեղ է թաղված մեծ փիլիսոփա Կանտը,- ասացի Նորիկին:
Նա մի պահ ինձ նայեց աչքերը կկոցելով` իբր մտածում է, ու բան չասաց: Ինձ թվաց` ուղղակի չըմբռնեց իմ ասածը կամ էլ չգիտեր, թե ով է Կանտը: Մի ժամից եկավ բեռնատարն ու մեզ տարավ: Ճանապարհն անցնում էր փոքր տնակներով գյուղերի միջով, բայց այդ տնակները տարբերվում էին Պսկովի մերձակա գյուղերի տներից` ներկված էին, գեղեցիկ, շրջապատված ծաղկանոցներով ու խնամված հողամասով: Գերմանական գյուղեր էին: Բալթիյսկ քաղաքը գտնվում էր ԽՍՀՄ արեւմտյան սահմանին` Բալթիկ ծովի ափին: Դեռ զորամաս չհասած` հասկացա, որ այն պատերազմի ժամանակ կարևոր նշանակության նավահանգստային քաղաք է եղել: Դեռ ամենուր մնում էին բետոնաշեն հաստ պատերով կառույցները, ամրությունները, դոտերը… Իսկ անտառում, որի միջով անցնում էր ճանապարհը, միմյանցից մոտ հինգ հարյուր-հազար մետր հեռավորության վրա կանգուն էին դռներն ու լուսամուտները տախտակներով մեխված հնամենի դղյակները, որոնք, հավանաբար, ժամանակին պատկանել էին գերմանացի կամ լեհ ազնվականներին:
Տեղ հասնելով` իմացանք, որ այստեղ շահագործման էր հանձնվելու բազմաբնակարան հինգհարկանի մի շենք, որի համար էլ տարբեր զորամասերից մեծ թվով զինվորներ էին կենտրոնացրել: Մեզ նույն օրն էլ բաժանեցին ջոկերի` ըստ բրիգադների: Աշխատանքը ծանր էր: Մենք չէինք հասցրել կլիմայափոխվել, վարժվել զինվորական ռեժիմին, սննդակարգին: Գործից հետո էլ երկարատեւ շարային պարապմունքները, խստավարժությունը, «ծերուկների» թշնամական վերաբերմունքը, ամենօրյա կռիվները ծառայությունը դարձնում էին արժանապատվության ու անվտանգության համար մղվող պայքար: Սպաները բացահայտորեն խրախուսում էին դեդովշչինան: Դաժանությամբ առանձնանում էր երիտասարդ մի ենթասպա, որը հաճախ մտնում էր մեր շարասյան մեջ ու թիկունքից հարվածում ոտքներիս, երբեմն էլ ձեռքերին էր ազատություն տալիս: Նույն կերպ էին վարվում նաև «ծերուկները»: Հսկայական շինհրապարակում, որտեղ ավելի քան երեք հարյուր մարդ էր աշխատում, նրանք ձգտում էին մեզնից յուրաքանչյուրին առանձին բռնացնել: Խմբով հարձակվում էին, խփում ու արագ հեռանում: Մենք նրանց դեռ դեմքով չէինք ճանաչում, չգիտեինք՝ որ տեղամասում, շենքի որ մուտքում էին աշխատում, որպեսզի հետո գտնեինք ու պատասխանը տայինք: Աշխատանքից հետո էլ միայն նորակոչիկներիս էին պարտադրում շարային պատրաստությունը, որը նույնպես ուղեկցվում էր ընդհարումներով, ծեծկռտուքով:
Մեր ջոկի հրամանատարը եֆրեյտոր Սեմկոն էր, ազգությամբ ուկրաինացի: Նա մանկատանը մեծացած տղա էր: Անում էր ամեն ինչ, որպեսզի սերժանտի կոչումով զորացրվի ու միլիցիայում ծառայության անցնի: Մյուսները բելառուսներ էին,աշխատասեր էին, բայց խմելու համար խելքներն իրենցը չէր: Հենց սկզբից մեզ հասկացրին, որ եթե տանից ստացվող փողով իրենց համար խմիչք առնենք, մեր խաթրին կպչող չի լինի: Մենք դրան համաձայն չէինք, որովհետև այդ նախապայմանը վիրավորում էր մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը: Ստացվում էր այնպես, որ մենք մեր գլխի ճարն էինք տեսնում, իրենք` իրենցը: Նրանցից միայն մեկը` Պաշան էր ձգտում ինձ հետ մտերմություն անել: Իր խնդրանքով, ես նրա համար հայերեն բառերով ռուսերեն տառերով գրեցի Գեորգի Մինասյանի «Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ» երգը, որն այդ տարիներին մոդայիկ էր, ու այն երգում էին ամբողջ երկրում: Բրիգադի հինգ բելառուսներից երեքը լեզվական արատ ունեին` թլոշ էին: Ընդհանրապես «ծերուկների» մեջ, իսկ նրանք մեծամասամբ բելառուսներ ու ուկրաինացիներ էին, շատ էին տարբեր տիպի ֆիզիկական արատ ունեցողները, ինչպես նաեւ նախկինում դատվածները: Իմ ու ընկերներիս նյարդերի վրա շատ էր ազդում մի շատախոս խախոլ, որն անընդհատ մեր բրիգադ էր գալիս: Մենք նրան Լենին մականունն էինք կպցրել, որովհետև բոյով, տեսքով, խոսելու ու շարժումների ձևով շատ նման էր պրոլետարիատի առաջնորդին: Նրա նկատմամբ իմ հակակրանքը շուտով իր տրամաբանական շարունակությունն ունեցավ: Ընթրիքից հետո ես, Չալաբյան Սոսը, Հաբեթյան Վարդանը և Ենգոյան Ռաֆայելը «Լենինյան» սենյակում ենթաօձիքներս էինք փոխում, երբ երեք տասնյակի չափ բուլբաշներ հարձակվեցին մեզ վրա: Այդ օրը ամսական հասանելիք փողն էին ստացել, և բոլորը հարբած էին: Կռիվը ծանր էր: Նրանք դուռը փակել էին, որ դուրս չգանք, դրսից էլ օգնություն չստանանք: Անհավասար պայմաններում տասը-տասնհինգ րոպե պատվախնդրորեն դիմադրում էինք, բայց, ի վերջո, նրանց հաջողվեց կախվել ձեռքներիցս: Այդ ամենը շատ վատ ավարտ կունենար, եթե կողքի սենյակից սպաները չլսեին կռվողներիս ձայները և չմիջամտեին:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ