Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է»



Նորաստեղծ «Արցախում ծառայածների միավորում» ռազմահայրենասիրական կազմակերպության նպատակների ու խնդիրների մասին պատմում է կազմակերպության նախագահ ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐՅԱՆԸ։

– Ինչպե՞ս ստեղծվեց «Արցախում ծառայածների միավորում» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

– Անկեղծ ասած` այդ գաղափարը վաղուց կար, սակայն դրա իրագործումը հրատապ չէինք համարում, որովհետև Արցախի բանակը հզոր է և, թող բարձրագոչ չհնչի, տնտեսական ավելի լուրջ հնարավորություններ ունեցող շատ պետությունների նախանձն է շարժում: Սակայն մի դեպք սթափեցրեց մեզ. մի հայուհի սոցիալական ցանցերից մեկում սարսափելի միտք արտահայտեց, թե` իր «որդին մահացել է մանուկ հասակում, և դա լավ է, քանի որ նա ստիպված չէր լինի ծառայել հայկական բանակում»: Այս խոսքերը ստիպեցին մեզ լրջորեն մտածել վաղվա մասին, որովհետև հայ մայրն է սերնդի հայրենասիրություն կռողը, և չի կարելի հանդուրժել, որ որևէ մայր այդպես մտածի: Անգամ եթե խոսքը եզակի դեպքի մասին է, միևնույն է, այդ տողերը կարդալուց հետո մենք համոզվեցինք, որ բանակի և հասարակության միջև փոխվստահությունն ամրապնդելու հարցում անելիք ունենք: Եւ անցանք գործի. 2012 թ. օգոստոսին ստեղծվեց «Արցախում ծառայածների միավորումը»:

– Ինչո՞վ է պայմանավորված կազմակերպության անվանումը:

– Այսօրվա գերխնդիրն Արցախի անկախության ճանաչումն է: Դա սոսկ տարածք չէ, որի համար պայքարում ենք, հայրենիք է: Արցախը մեզ տվել է համահայկական խնդիրների լուծման բանալին, այն է` պայքարելու կամք, միասնականություն, տոկունություն: Արցախն այժմ համահայկական խնդիրների լուծման կիզակետն է, և նրա անվտանգության ապահովումը յուրաքանյուրիս պարտականությունն է: Ձգտելու ենք մեր բանալին ամուր պահել մեր ձեռքերում և փոխանցել հաջորդ սերունդներին:

– Ովքե՞ր կարող են դառնալ ձեր կազմակերպության անդամ:

– Նրանք, ովքեր կամավոր հիմունքներով ծառայել են Արցախի բանակում, ընդունում են մեր կազմակերպության կանոնադրությունում առաջ քաշված նպատակներն ու պատրաստակամ են` իրենց լուման ներդնելու բանակի հզորացման գործում: Նրանք, ովքեր համոզված են, որ երեկվա զինվորը զինվոր է նաև այսօր ու վաղը:

– Ո՞րն է ձեր գլխավոր նպատակը:

– Արմատախիլ անել բանակում առկա այն թերությունները, որոնք հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս հայ զինվորին կարող են խանգարել: Ռազմական գիտելիքների յուրացումը գործընթաց է, որը լիարժեք կարող է իրականացվել ինչպես զինվորների միջև, այնպես էլ զինվոր-սպա փոխհարաբերություններում առկա վստահության մթնոլորտում միայն: Ուրեմն` մեր նպատակն այդ փոխվստահության հաստատմանը նպաստելն է, որի պայմաններում հնարավոր է ներդնել այնպիսի արժեքային համակարգ, ինչը լիովին կհամապատասխանի հայ տղամարդու արժանապատվությանը և կմղի նրան կատարելապես տիրապետելու ռազմական գործին:

Բոլորիս ցանկությունը ինտելեկտուալ, բարեկիրթ և անպարտելի բանակ ունենալն է, և այդ խնդրի լուծմանը պետք է հետամուտ լինի ոչ միայն բանակի հրամանատարությունը: Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իր ուժերի ներածին չափով օգնի բանակի հզորացմանը:

– Ի՞նչ քայլեր եք առաջարկում:

– Մշակել ենք բազմաբնույթ միջոցառումների ծրագիր, որոնց մասին կխոսենք այն իրականացնելուց հետո: Մինչ այս պահը զբաղված ենք եղել ՀԿ անդամների ներգրավման աշխատանքներով: Ուզում էինք նաև հասկանալ` արդյոք Արցախին ամեն կերպ ծառայելու գաղափարն ապրո՞ւմ է մեր զինակից ընկերների մեջ: Չնայած չենք թմբկահարել մեր գոյության մասին, շատերն են միացել մեզ, և արդյունքները լավատեսություն են ներշնչում: Ի վերջո, բանակային շատ խնդիրների պատճառներին քաջատեղյակ ենք, գիտենք՝ երբ և ինչը կարելի էր ավելի լավ անել, գիտենք նաև, որ շատ խնդիրներ ինքներս ենք ժառանգություն թողել բանակին: Մտադիր ենք նաև մեր փորձով ու տարիների հեռվից կատարած եզրակացություններով օգնել զինվորներին՝ ճիշտ որոշումներ կայացնելու գործում հաղթահարելու ժամանակի անջրպետը:

Հանդիպել ենք նաև բանակի` հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը համակարգող օղակների ներկայացուցիչների հետ, քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարծում եմ` համագործակցությունն արդյունավետ կլինի: Միասին գտնելու ենք խնդիրների լուծման բանալին։

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Բանակ և հասարակություն


21/11/2013