Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԸԼԼԱՆՔ ԻԲՐԵՎ ՀԱՅ



Հատվածներ արձակ գործերից

…Եթե պատահի, որ հայ ժողովուրդի ընդերքեն փայլատակե ինչ-որ ստեղծագործ ուժ, եւ եթե պատահի, որ այդ ուժը գտնե իր կիրարկման հատուկ տարրը, կասկած չկա, որ նոր գեղեցկություն մը ավելցած պիտի ըլլա աշխարհի գեղեցկություններուն վրա։ Եվ այդ գեղեցկությունը չի կրնար չհայտնվիլ։ Այն պարզ իրողությունը, թե հայը կրցած է դիմադրել դարերու խորտակիչ ճնշումին, ինքնին արդեն հաղթանակ մըն է, փույթ չէ, թե այն եղած ըլլա լուռ հաղթանակ մը։ Նոր հաղթանակը պիտի գա այսօր եւս, քանի որ անցյալի մեջ ան մեզ շնորհած է բազմիցս, եւ մենք այսօր կրնանք թվել անոնցմե չորսը… Ս. Մերսոպ, Կոմիտաս, Կաթողիկե եւ Անդրանիկ։

♦♦♦

Մենք բավականաչափ պատճառներ ունինք հպարտ ըլլալու իբրեւ հայ…

♦♦♦

Անարդարություն։ Ո՞ր ազգը հայեն ավելի իրավունք ունի այդ բառն աղաղակելու։

♦♦♦

Ա՛զգ,

Կռվե՛ ամբողջությամբը քո միսերուդ։ Եթե միսերդ ինկան պատառ-պատառ, կռվե ջիղերո՛վդ, երակներո՛վդ։

Եթե պայքարը զանոնք լափեց, կռվե ոսկորներո՜վդ։

Եթե ոսկորներդ փշրվեցան՝ կռվե ծուծո՛վդ։

Եթե ծուծ չմնաց՝ կռվե աճյուններո՛վդ։

Եթե ասոնք ալ կորսվեցան, չքացան՝ այն ատեն կռվե, ազգ, Հերոսո՛վդ։

♦♦♦

Հայը… Այնքա՜ն փոքրաթիվ այս ազգին մեջ կարելի է գտնել, առանց ճիգի, կարելի է գտնել քրիստոնեական կյանքի բոլոր ուղղությունները, քաղաքական հոսանքները, ընկերային եւ իմաստասիրական շարժումները, բոլորը… Հայը միշտ կուտա առաջնակարգ ներկայացուցիչներ իմացական բոլոր շարժումներուն, ինչպես գիտության, երաժշտության, նկարչության մեջ, եւ դեռ կուտա քաղաքական մեծանուն դեմքեր…

♦♦♦

Ճշմարիտ հայրենասերն ան է, որ իր մարմնեղեն հայրենիքը կսիրե այնչափ, որքան կսիրե իր ոգեկան հայրենիքը։ Զանոնք իրարմե չի զատեր…

♦♦♦

Կարելի՞ բան է հայուն նման ազգ մը, որ կուգա այնքա՜ն հեռուներեն, որ կուգա ալեկոծ դարերու խորեն եւ խորխորատեն եւ իր հետ բերած չըլլա առաքինություն մը։ Գեթ առաքինությունը դիմադրող, տոկուն եւ ձեռներեց ոգիի։

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Հոգևոր-մշակութային


21/11/2013