ՈՎ, ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ
Ամուսիններ Գնել Հակոբյանի և Սուսաննա Թովմասյանի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ։ Առիթը ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ատենապետուհու (Սուսաննայի) նախաձեռնած հերթական միջոցառումն էր՝ Արցախյան պատերազմի հերոսական ճակատամարտերից մեկի հոբելյանական տարեդարձի հիշատակությունը Սունդուկյան թատրոնում։ Հետո… այդ ընտանիքի հետ շփումները դարձան պարբերական, որովհետև պարզվեց՝ ազատամարտին մասնակցել են և՛ ընտանիքի հայրը՝ Գնել Հակոբյանը, և՛ մայրը՝ Սուսաննա Թովմասյանը, և՛ փեսան՝ Արթուր Օվչյանը։
Հակոբյանների ընտանիքի հյուրընկալությունը վայելելիս այնպիսի զգացողություն եմ ունենում՝ ասես ժամանակը կանգ է առել, ասես հենց նոր են ավետել Արցախի ազատագրության լուրը, ասես հենց նոր են կրակել վերջին հաղթական փամփուշտն, ու ռազմիկները դեռ չեն հանել զինվորական կոմուֆլյաժը…
Զրույցի միակ թեման պատերազմն է. հիշողությունները հաջորդում են մեկը մյուսին ու չեն ավարտվում…
Օրերս կրկին ազատամարտիկների օջախում էի։ Գնել Հակոբյանը տանը չէր։ Արցախում է՝ ասաց տիկին Սուսաննան։ Մի ամբողջ կյանք մայրաքաղաքում է ապրել, բայց հիմա չի հարմարվում «ասֆալտին», կյանքին, Արցախի հողը ձգում է…
-Նեղացած գնաց,- ասում է տիկին Սուսաննան անհարմար ժպտալով։-Ասաց՝ դու էլ ինձ հետ արի, գնանք, Արցախում ապրենք։ Մերժեցի, ընդդիմացա։ Արդեն առաջվա ջահելը չենք, առողջական խնդիրներ ունենք, կենցաղային դժվարությունները մեզ համար չեն։ Հետո էլ՝ ուզում եմ երեխաներիս կողքին ապրել, վայելել թոռնիկներիս ներկայությունը։ Խռոված գնաց։ Ասաց՝ մենք Արցախում ենք պետք։ Ասացի՝ մենք մեր պարտքը լիուլի տվել ենք Արցախին, հիմա մենք մեր երեխաներին ենք պետք։ Պետք է, որ մի քիչ էլ մեզ համար ապրենք։ Ասաց՝ էլ հայրենիքի ու հայրենասիրության անուն չտաս։ Շատ վիրավորվեցի։ Ես միայն կին չեմ եղել Գնելի համար, մարտական ընկեր եմ եղել։ Ինչ զրկանքներ եմ կրել…
ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի գործունեությունը կառույցի ղեկավար Սուսաննա Թովմասյանի շնորհիվ շեշտված հայրենասիրական ու ազգային ուղղվածություն ունի։ Ազատամարտիկների նյութական ու բարոյական աջակցության ծրագրերը ամենամյա են ու պարբերական։ Սուսաննա Թովմասյանի կարծիքով՝ կարևորը օգնության չափը չէ, այլ այն, որ կա ազատամարտիկների ընտանիքները իրար կապող, ի մի բերող մի օղակ ևս, որը հենարան է Արցախյան ազատամարտում հայր, ամուսին, որդի, եղբայր կորցրած մարդկանց ու հաշմանդամների ընտանիքների համար։ Այդուհանդերձ, նրանց գործունեության գերակա խնդիրը կա, և մնում է երիտասարդ սերնդին ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորելը։ Եվ այդ ծրագրի շրջանակներում Սուսաննա Թովմասյանը պարբերաբար կազմակերպում է հայաստանցի երիտասարդների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
-Մենք գնում ենք տեսնելու ազատագրված տարածքները, մեր սերն ու երախտագիտությունը հավաստելու մեր երկրի դարպասներն անառիկ պահող հերոսական ժողովրդին՝ հասարակ արցախցիներին, նաև ինչ-որ կերպ օգնելու նրանց… Օգնելու՝ ինչով կարող ենք։
Վերջին այցելության ժամանակ Սուսաննա Թովմասյանը, ՀՕՄ-ի երիտասարդները և «Նուբար» պարի խումբը (ղեկավար՝ Լուսինե Նազարյան) այցելեցին Կովսական քաղաք և Արցախի հինգ գյուղեր՝ Միջնավան, Մուշ, Ալաշկերտ, Դիցմայրի և Ծոբաձոր…
Սուսաննա Թովմասյանի ծրագրին աջակցել էին մի շարք գերատեսչություններ՝ պաշտպանության նախարարությունը փոխադրամիջոց էր տրամադրել, կրթության և գիտության նախարարությունը` դասագրքեր և դիդակտիկ նյութեր, մշակույթի նախարարությունը` գրքեր… Կովսականի «Ալաշկերտ» պարի խումբը 50 զույգ կոշիկ նվեր ստացավ Հայաստանի մայրաքաղաքից եկած հայրենակիցներից։
-Բայց ամենահուզիչը այն խանդավառությունն էր, որ մենք հանդիպում էինք ամեն քայլափոխի,- պատմում է Սուսաննա Թովմասյանը։ -Կային գյուղեր, որոնք. աշխարհից կտրված, տարիներ ի վեր ոչ մի այցելու չէին ունեցել։ Ու ամբողջ գյուղն էր հավաքվում լսելու մեր խմբի երգը, ասմունքն ու պարելու մեզ հետ։
Սուսաննա Թովմասյանը չէր կարող հեռանալ Արցախից առանց ողջունելու սահման պահող զինվորներին և զինվորականներին։
-Միշտ հպարտությամբ ու խանդավառությամբ եմ հեռանում Արցախի զորամասերից, որովհետև տեսնում եմ, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել զինվորների կենցաղային պայմանները բարելավելու համար, և ինչ ջանքեր են գործադրվում, որ զինվորը լավագույնս տիրապետի իր մասնագիտությանը, լինի կոփված. ամուր ու մարտունակ…
Տիկին Սուսանան ոգևորությամբ պատմում է զինվորների առօրյայի, ռեժիմի, վարժանքների, զինվորական ճաշարանում սահման պահող տղաների հետ հաց կիսելու բարեբախտության մասին… Իսկ ես մտածում եմ՝ տեսնես Արցախյան շրջագայությունների ժամանակ հաջողվե՞ց տեսնել ազատամարտիկ Գնել Հակոբյանին, իմանալ՝ պատերազմով անցած տղամարդն ինչպե՞ս է մեն-մենակ ապրում տնից ու ընտանիքից կտրված…
-Երեխաները տեսել էին Գնելին… ինձ չմոտեցավ։ Մի պահ երևաց ու անհետացավ։ Խռով է… Մեծ երեխա լինի ասես…
Ես չեմ կարողանում ժպտալ, որովհետև տիկին Սուսաննայի աչքերը խոնավանում են։
-Մնացել եմ երկու քարի արանքում… Ամուսնուս ու երեխաներիս…
Ես հիացմունքով ու երախտագիտությամբ նայում եմ այս հզոր, այս հերոս հայուհուն։
…Նա չի տրտնջում, չի ասում, թե ինչու պիտի և՛ պատերազմի, և՛ խաղաղ ժամանակներում ազատագրված գյուղը պահելը հենց իր ուսերին ծանրանա…
-Գնելն ասում է՝ ով, եթե ոչ մենք… Երևի ճիշտ է ասում…
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Հ.Գ.- Խորին երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, կապի և ԱԿՀ, սպառազինության և թիկունքի վարչությունների պետերին` ՀՕՄ-ի Դավթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղի երիտասարդական կամավորականներին պարբերաբար Արցախ մեկնելու փոխադրամիջոց տրամադրելու, ինչպես նաև Արցախի դպրոցներին համակարգիչ, ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ և մարզագույք տրամադրելու համար։
ՍՈՒՍԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՕՄ-ի Դավթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղի
ատենապետուհի