Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ



Չգիտես՝ տարվա ո՞ր եղանակին է Արցախն ավելի նախշազարդ, ջերմ ու հարազատ: Երբ էլ գնաս, որ կողմից էլ մոտենաս, մեկ է՝ հանդիպելու ես բնության ու մարդու ցավից, ցասումից ու տառապանքից ծնված ձեռակերտ կամ բնական հրաշալիքների: Կածաններից մեկը քեզ երկնքին կմոտեցնի, մյուսը դուրս կբերի եդեմական այգիներ…

Արցախի աշնանային գույները` դեղին, կարմիր, կանաչ… Արդեն հեռվից կարող եմ ասել, թե դեղիններից որոնք են նռնենու թփերը, որոնք` սալորենունը… որոնց մեջ մշտադալար սոճիներն իրենց մուգ կանաչով տարբերվում են տերևաթափի գնացող կաղնիներից: Իսկ լույսե՞րը… Արցախի երկնքի լուսատուները` պայծառ ու մոտ: Թվում է՝ եթե մի լավ թափ առնես ու վեր ցատկես, հաստատ Հարդագողի Ճանապարհից մի երկու ծեղ վար կբերես: Ակամա համոզվում ես, որ այն հեռավոր-ցուրտ ձմռանը հայոց արքա Վահագնը ասորիների թագավորից գողացած հարդը հենց այստեղ է բերել: Այո, չի ցանկացել փայտ կտրելով խաթարել անտառի աշնանային գեղեցկությունն ու գնացել է հարդ ուզելու, չեն տվել, ինքն էլ գողացել է: Եվ եթե գիշերով Թարթառի հավերժական հոսքին համընթաց շարունակես ճանապարհդ, կհայտնվես երկրային լուսեղեն տաճարում, որտեղ կմոռանաս անգամ Հարդագողի քո Ճանապարհը: Կզարմանաս, թե գերազանցապես գյուղատնտեսական արտադրություն ունեցող այս երկրում ե՞րբ հասցրին արտադրական այսպիսի հզորություններ ստեղծել ու երկաթ ձուլել թշնամուց պաշտպանվելու համար, քարածուխ արդյունահանել անտառ չհատելու, հարևանից հարդ չգողանալու համար… Ու եթե ճանապարհդ երկար շարունակես անընդհատ հանդիպող հողագործների, խաշնարածների փոխարեն արդեն կտեսնես կուռ շարքերով տեղաշարժվող զինվորականների, որոնք գնում են մարզվելու, կրակելու կամ էլ փոխարինելու առաջնագծում հայրենիքի սահմանը պահող իրենց եղբայրներին:

♦♦♦

Առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Հայրյանը տեղեկացված է մեր այցի մասին և սպասում է: Մեզ հետ սահման գալու ցանկություն է հայտնում պաշտպանական շրջանի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը: Ճանապարհը ձգվում է հսկիչ-անցագրային կետերի, դիրքերի, ինժեներական կառույցների միջով: Փորձում եմ կողմնորոշվել, թե ուր ենք գնում՝ նախկինում եղե՞լ եմ այստեղ, թե ոչ: Սարկավագը հաստատում է այն, ինչ մտածում եմ.

-Այո, ինժեներական աշխատանքներ շատ են կատարվել, ամրապնդվել են պաշտպանական դիրքերը, հենակետերը, կատարելագործվել են կրակային դիրքերը, բարելավվել են կեցության և ծառայության կազմակերպման բոլոր անհրաժեշտ պայմանները,- մի պահ դադար է տալիս ու հետո շարունակում:- Ես էլ օրհնել եմ մատուռները:

-Ունե՞ս այդ իրավունքը:

– Որպես զորամասի հոգևոր սպասավոր, ինձ խաչը բռնելու և առաջնագծում մատուռներն օրհնելու իրավունք են տվել:

Գումարտակի հրամանատարական կետում ենք:

-Ձեր ազգանունը ամենատարածվածներից է Արցախում,- ասում եմ փոխգնդապետին:

-Ճիշտ է, բայց ես ծնվել եմ Երևանում, դրա համար էլ Հայրյան եմ, ոչ թե Հայիրյան, ինչպես ընդունված է այստեղ,-ասում է նա ու իմ խնդրանքով հակիրճ ներկայացնում իր կենսագրությունը: -Երեսուներեք տարեկան եմ, սովորել եմ Վաղարշ Վաղարշյանի անվան դպրոցում, լավ աշակերտ եմ եղել: 1996թ., երբ ավարտեցի դպրոցը, արդեն գործում էր Ռազմական ինստիտուտը, որը հետագայում կոչվեց Վազգեն Սարգսյանի անվան, և ես որոշել էի ընդունվել: Բարձր ցուցանիշներով ընդունվեցի տանկային ֆակուլտետ: Ավարտելուց հետո ծառայեցի տանկային զորամասում, հետո իմ խնդրանքով տեղափոխվեցի առաջին պաշտպանական շրջան, որտեղ էլ նշանակվեցի տանկային վաշտի հրամանատար: Երկրորդ տարին է, ինչ այս գումարտակի հրամանատարն եմ:

-Եվ գումարտակը լավագույնն է պաշտպանական շրջանում:

-Ճիշտ եք տեղեկացված: 2012թ. և այս տարվա տասը ամիսների ընթացքում լավագույնի կոչումը մեր ձեռքից բաց չենք թողնում: Քանի ես եմ հրամանատարը, մենք պետք է լինենք առաջինը:

-Իսկ ի՞նչ ցուցանիշներով եք դարձել առաջատար:

-Բնականաբար, ամենակարևորը մարտական հերթապահությունն է, որն սկսվում է նախապատրաստական փուլից և ավարտվում նախատեսված ժամանակում ռազմական խնդրի կատարումով: Թե որքան կարևոր է ծառայողական կարգապահության պահպանումը, բոլորին է հայտնի: Հակառակորդը պատրաստ է օգտվել մեր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր սխալից: Եվ եթե այդպիսի բան է լինում, մենք էլ հարկադրված ենք լինում դիմել համապատասխան գործողությունների, և առաջանում է լարվածություն:

-Նրանք կրակո՞ւմ են:

-Ցավոք` այո, կրակում են, ունեն նաև նշանառուներ: Մենք սովորաբար պատասխան ենք տալիս, ձեռնարկում պատժիչ, հակադիպուկահարային գործողություններ, այն էլ շատ հաջող, իսկ անտեղի կրակելը պարզապես անիմաստ է:

-Այս տարի ի՞նչ հաջողություններ եք ունեցել:

-Առաջին ուսումնական փուլն ավարտել ենք «լավ» գնահատականով: Կրակայինից ստորաբաժանումների մեծ մասը ստացել է «գերազանց»: Կան նաև ավելի համեստ արդյունքներ ունեցողներ: Ականանետային դասակը զորամասում առաջին տեղում է, բարձր արդյունքներ են ցույց տալիս վաշտերը, ինչպես եւ՝ նռնականետային դասակը:

-Բանակում միայնակ մարդը չի կարող նշանակալի հաջողությունների հասնել: Հաջողության հասնում են անձնակազմի, զինակիցների ընդհանուր ջանքերի շնորհիվ: Դուք, որպես գումարտակի հրամանատար, կարողանո՞ւմ եք ճիշտ բնորոշել, ժամանակին գնահատել ձեր ենթակա սպաներին, մարդկանց, որոնց հետ ծառայում, կարևոր մարտական խնդիր եք իրականացնում: Նրանք մասնագիտորեն պատրա՞ստ են, ունե՞ն այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նման կարևոր առաջադրանք կատարող զինվորականին:

-Իմ սպաները (թույլ տվեք ես նրանց «իմը» անվանեմ), սովորել են այն նույն ուսումնական հաստատությունում, որտեղ ես եմ սովորել, և որի մասին բարձր կարծիք ունեմ: Ուսումնական գործընթացը վերաբերում է բոլորին, այսինքն՝ սովորում և վերադասին քննություններ են հանձնում բոլորը, նաև սպաները: Նրանք նաև այստեղ ծառայելու երկարամյա փորձ ունեն և լիովին տիրապետում են ծառայության կազմակերպման նրբություններին: Դասակի հրամանատարներից միայն մեկը` կապիտան Հայկ Սարգսյանը չունի բարձրագույն կրթություն, բայց փոխարենը մասնակցել է պատերազմին, սպայական հաստիք է զբաղեցնում դեռ այդ ժամանակվանից, ունի հսկայական փորձ, և նրա դերը գումարտակում շատ մեծ է: Վստահեցնում եմ, որ մեր սպայակազմը բավականաչափ պատրաստված է, բանիմաց, խիստ, արդար և հոգատար:

-Դուք, ինչպես տեսնում եմ, չունեք սերժանտական դասընթացներ անցած կրտսեր հրամանատարներ, այսինքն՝ պայմանագրայիններ:

-Այո, պայմանագրային սերժանտներ չունենք, բայց մեր կրտսեր հրամանատարները շատ լավ պատրաստություն են անցել և իրենց պարտականությունները գերազանց են կատարում: Ինձ ուղղակի հիացնում են սերժանտներ Միշա Բաբայանը, Սմբատ Քեհինյանը, Կարեն Մկրտչյանը, Ռիչարդ Արզումանյանը, Սամվել Գալանտերյանը, կրտսեր սերժանտ Արմեն Սարգսյանը և շատ ուրիշներ:

-Գաղտնիք չէ, որ ծնողները երբեմն այցելում են զորամաս, հանդիպում իրենց որդիներին, ծանոթանում ծառայության պայմաններին, իսկ պատահո՞ւմ է, որ առաջնագծում լինելու ցանկություն հայտնեն:

-Իհարկե. ասեմ, որ կա հրաման` եթե ծնողը ցանկանում է, կարող է այցելել հենակետ, տեսնել որդուն և մեկ օր մնալ այնտեղ, բայց, գիտեք, նրանց հիմնականում հետաքրքրում են զորանոցային պայմանները: Նրանք ուրախանում են, երբ տեսնում են, որ զորամասի հրամանատարը խիստ է և պահանջկոտ, իսկ պայմաններն էլ բարվոք են, կենցաղը` մաքուր: Եղել են դեպքեր, երբ ծնողները եկել ու նույնիսկ գիշերը մնացել են առաջնագծում, տեսել ու համոզվել, որ այստեղ այնքան էլ վտանգավոր չէ, եթե պահպանվում են ծառայողական կարգապահության պահանջները:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Լեյտենանտ Արամ Լազարյանը հենակետի պատասխանատուն է: Նա գումարտակի հրամանատարին զեկուցեց իրավիճակի մասին, հետո մեզ համար մանրամասնեց.

-Այսօր կրակոցներ դեռևս չկան, և ամեն ինչ հանգիստ է:

Առաջ ենք գնում, ու մեզ ընդառաջ եկող զինվորը նույնպես հավուր պատշաճի զեկուցում է.

-Պարոն փոխգնդապետ, դիրքում մարտական հերթապահությունն իրականացվում է հաստատված գրաֆիկի համաձայն: Հակառակորդի կողմում իրադրությունն անփոփոխ է, մարտական դիրքի ավագ` կրտսեր սերժանտ Արմեն Սարգսյան:

Այստեղ մարտական հերթապահությունն իրականացնում են կրտսեր սերժանտ Հովհաննես Քոչարյանը, շարքայիններ Ալեքսանդր Այվազյանը, Արսեն Զադոյանը, եֆրեյտոր Թելման Քոչարյանը, կրտսեր սերժանտ Թոռնիկ Մադարյանը և ուրիշներ: Շրջակայքը մաքուր է ու կոկիկ, խրամուղին խորն է, դիտակետերը` անվտանգ: Միջավայրը ծանոթ է թվում:

-Դուք էլի եք եղել այստեղ,-կասկածներս փարատում է վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Հարությունյանը,- ուղղակի որոշակի աշխատանքներ ենք կատարել, և հենակետի տեսքը փոխվել է:

Սերժանտ Հ. Քոչարյանը առանձնանում է իր ինքնավստահությամբ, բանիմացությամբ: Պարզվեց՝ ավելի քան մեկուկես տարվա ծառայող է, մասնակցել է միավորման ուսումնական կենտրոնի սերժանտական դասընթացներին, հաջողությամբ հանձնել քննությունները և կոչում ստանալով` նշանակվել է ջոկի հրամանատար: Ընդհանրապես, այստեղ բոլորն են բանիմաց, համարձակ, հոգով արի: Երբ խոսք բացվեց հակառակորդի մասին, շարքային Արմեն Օհանյանն ասաց.

-Պետք է ուշադիր լինենք ու չկորցնենք զգոնությունը, իսկ վախի մասին խոսք լինել չի կարող:

Դիտակետերում հանդիպեցինք նաև շարքայիններ Գրիգոր Հովհաննիսյանին, Լևոն Լևոնյանին, Վրեժ Կարապետյանին, Վարդան Գալստյանին, Արման Գրիգորյանին, Էդիկ Անտոնյանին: Դիտորդները ցույց տվեցին հակառակորդի հենակետերն ու դիտակետերը: Երբ վերադարձանք հենակետ, հանգստացող զինվորները սուրճ առաջարկեցին, որից անհնար էր հրաժարվել:

Խմեցինք ու, տղաներին բարի ծառայություն մաղթելով, գնացինք առաջ` հաջորդ հենակետ:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարները` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/11/2013