Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՄՈՆԹԵՆ



Պատմում է ազատամարտիկ ՀՈՎՍԵՓ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ու թեեւ հաղթանակը համաժողովրդական կամքի արդյունք է, այնուամենայնիվ, ամեն հաղթանակ նաեւ մի քանի լեգենդար զորահրամանատարների անունով ու կերպարանքով է սովորաբար ներկայանում։ Եթե այդպես է, ապա ղարաբաղյան մեր հաղթանակն ինձ համար Մոնթեի կերպարանքն ունի։ Ես նրան տեսել եմ, լսել, նրա կողքին կռվել։ Երջանիկ է նա, ով Մոնթեին ճանաչել է եւ միաժամանակ դժբախտ, որ նրան կորցրել է։ Ես այդ երջանիկ-դժբախտներից մեկն եմ։

Ո՞վ էր Մոնթեն. այս հարցի պատասխանը ահա տարիներ շարունակ ինձ տանջում է։ Սակայն ես համոզված եմ, որ սպառիչ պատասխանը միայն ժամանակը կտա։ Մեզնից յուրաքանչյուրը, ով նրա մասին ինչ-որ բան կպատմի, կներկայացնի նրա մեծության միայն մի փոքրիկ մասը։ Ես ընդամենը կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ, այն, ինչ զգացել եմ որպես մարդ, հայ, ընկեր ու զինակից։

…Առաջին անգամ նրան հանդիպեցի «Նաիրի» կինոթատրոնի մոտ գտնվող հանրակացարանի նրա նեղլիկ սենյակում։ Այդ օրվա մեր հանդիպման ու զրույցի բոլոր մանրամասների մասին չեմ խոսի, բայց հիշում եմ, որ նա այդ օրը խոսում-պատմում էր իմ երազների մասին։ Եվ իմ այդ երազները նրա անուշ արեւմտահայերենով շատ ավելի հյութեղ էին թվում։ Եվ ամենակարեւորը` նա մարմնավորում էր իմ երազները, որոնք այլեւս օդեղեն չէին, իրական էին, իսկական, շոշափելի։ Նա իմ երազները դարձրել էր գործողություն, ծրագիր, նպատակ… 1991 թվականն էր։ Հենց այդ առաջին հանդիպման ժամանակ էլ որոշվեց, որ պետք է ինքնապաշտպանական ջոկատ ստեղծել։ Ասել, որ նա ինձ գերել էր իր ազնվությամբ, շիտակությամբ, անմիջականությամբ, անկեղծությամբ, նշանակում է` բան չասել։ Նա իմ հազար տարվա երազներից էր պատմում ու խոսում…

♦♦♦

Այնուամենայնիվ, ո՞վ էր Մոնթեն։ Նա աղեղի վրա լարված, պիրկ մի նետ էր, որ անկասելի ուժով դեպի նշանակետ էր թռչում… «Արցախը իմ վերջին պայքարը չպիտի ըլլա»,- անընդհատ կրկնում էր նա։

Մոնթեն սլացք էր ու նպատակ։ Շրջակա աշխարհը, մարդիկ, սարերն ու ձորերը, զենքերը, հարազատները, ընկերները` այդ Մեծ նպատակին հասնելու միջոց, միակ ու բացառիկ հնարավորություն։ Նա իր գոյության, ապրելու, անձնական կյանքի իմաստը տեսնում էր միմիայն իր նպատակին հասնելու մեջ։ Եվ չարանում էր, ատում էր այն ամենը, ինչը խոչընդոտում, շեղում էր նրան այդ նպատակից։ «Մենք ժամանակ չունինք»,- ասում էր ամեն առիթով։ Նրա կյանքը ռազմի դաշտում էր, եւ ետ նայելու ժամանակ չուներ։ Ի՞նչ էր կատարվում իր թիկունքում, ինչպիսի՞ քաղաքական տեղաշարժեր էին լինում, այդ ամենը նրան չէր հետաքրքրում։ Նա առաջ էր շարժվում, իսկ առջեւում թշնամին էր, եւ համոզված էր, որ աշխարհի առջեւ մեր քաղաքական լավագույն փաստարկը մեր հաղթանակները պետք է լինեն։ Կռվում էր` ասելով. «Մենք ժամանակ չունինք», ասես ուզում էր ետ բերել անցյալ դարերում անտեղի կորցրած մեր ժամանակը…

♦♦♦

…Երեւանում էի, Մոնթեենց տանը։ Հայրը, պատվարժան ու հայրենասեր մի մարդ, Ամերիկայից եկել էր որդուն տեսության։ Ջերմ ու մտերիմ զրույցի թելը, կարոտը, անհանգստությունը որդու ապագայի, կյանքի համար, հորը ստիպեցին անկեղծանալ. «Ուշք ու միտքդ կռվին ես տվել. հերիք չէ՞»։ Իրավունք ուներ` որդին` Բերկլիի համալսարանի շրջանավարտ, Օքսֆորդում դոկտորական թեզ պաշտպանած, թողել էր հնէաբանի փայլուն ապագան… Եվ որքան անսպասելի եղավ Մոնթեի պատասխանը. «Եթե դուք (նկատի ուներ հոր սերունդը) այս կռիվը 50 տարի առաջ սկսած ըլլայիք, հիմա մենք 50 տարով առաջ կըլլայինք»։ Ահա թե ով էր Մոնթեն…

♦♦♦

Երբ Մոնթեի 14 հոգանոց փոքրաթիվ ջոկատը Մարտունի հասավ, այդ շրջանն ամենից վատ զինված եւ ամենից վատ պաշտպանվածներից էր։ Շրջանը պաշտպանում էին տեղի փոքրաթիվ ուժերը։ Եվ Մոնթեի շնորհիվ Մարտունին կարճ ժամանակում դարձավ ամուր պաշտպանված մի ամրոց։ Նրա ամենամեծ ծառայությունը մեր իսկ ուժերի նկատմամբ հավատ ներշնչելն էր։

Հիշում եմ. պատերազմի սկիզբն էր։ Շատերը դժգոհում էին` ինչպես կռվենք, զենք չկա, զինամթերք չունենք։ Նմաններին նա սիրում էր լիբանանյան իր կռվից օրինակ բերել` թե ինչպես երկու հոգի, անզեն մարդիկ, երկաթե ձողը տարել, թշնամու տանկի թրթուրների արանքն էին մտցրել։ «Է~հ, դուք կռվից ի՞նչ կհասկնաք»,- ասում էր նա սրտնեղած, թեեւ հրաշալի գիտեր զենքի գինն ու արժեքը։ Ահա թե ինչու շատ կարճ ժամանակում նա դարձավ Մարտունիի հոգին, հաղթանակի դրոշը։

…Ճարտարում էր, թշնամին լայնամասշտաբ գրոհ էր կազմակերպել։ Գրոհին մեծաթիվ զինվորներ էին մասնակցում, ծանր տեխնիկա։ Պահն օրհասական էր։ Մոնթեին անմիջապես հաղորդեցին ստեղծված իրավիճակի մասին եւ օգնություն խնդրեցին։ «Հիմի կուգամ»,- հնչեց Մոնթեի ձայնը։ Եվ երբ նա հայտնվեց իր վիլիսով`պոչին ֆագոտ կցված, ուժերի հարաբերակցությունն անմիջապես փոխվեց։ Մոնթեի «հիմի կուգամը» իսկույն անցավ շարքերով ու խրամատներով եւ ավելին էր, քան ամենաահեղ զենքը։ Այլեւս ոչ ոք չէր կարող պարտության մասին մտածել։ Հաղթանակն արդեն ապահովված էր…

Խիստ դժվար է ղարաբաղցու սիրտը մտնելը, բայց հենց որ ղարաբաղցին սկսում է մեկի անունով երդվել, ուրեմն այդ մարդը պետք է սուրբ լինի։ Իսկ Մոնթեի անունով երդվում էր ոչ միայն Մարտունին, այլեւ ողջ Արցախը։ Ահա թե ով էր Մոնթեն։

♦♦♦

Նա արտաքուստ էր միայն հանդարտ երեւում, ներսում փոթորիկ էր, հրդեհ, հրաբուխ, եւ այդ հրաբուխը դուրս էր ժայթքում, երբ ինչ-որ բան խանգարում էր, խոչընդոտում էր իր նվիրական նպատակին հասնելու ճանապարհը, ընթացքը։ Եվ նա այդպիսի պահերին զայրանում ու դուրս էր շպրտում իր ամենամեծ ու թունդ հայհոյանքը` «Տո, է՛շ»։ Պատերազմի ահեղ դաշտում, երբ ոմանք, կամա թե ակամա, կորցրել էին իրենց մարդկային դեմքն ու նկարագիրը, Մոնթեի «էշը» անգամ ականջ էր շոյում։

…Հերթական կռիվներից ու մեր հերթական մի շարք սխալներից, վրիպումներից հետո, հիշում եմ, նա հոգնած ու հիասթափված ասաց.

-Տղա՛ք, մենք շատ էշ ենք։ Թուրքն ավելի էշ է։ Մեր բախտը բերել է, որ մեր թշնամին թուրքն է։

Ահա այսպիսին էր Մոնթեն։ Եթե մի օր մեկը ձեր առաջ գլուխ գովի, հպարտանա, թե. «Մոնթեն ինձ էշ էր ասում», մի ծիծաղեք նրա վրա, պարզապես Մոնթեն մեծ մարդ էր, եւ բոլորը դա հասկանում էին…

♦♦♦

Արդեն ասացի, որ նա նետի նման դեպի նշանակետ էր սլանում, դեպի մեծ նպատակը, եւ այն ամենը, ինչ կարող էր խոչընդոտել նրան, իսկույն մերժվում էր։ Նա մերժում էր նաեւ ծխելը, խմելը, որովհետեւ համոզված էր, որ դրանք այդ ճանապարհին ընկած լուրջ արգելակներ են։ Եվ առնվազն դրանք համարում էր մարդկային արատավոր թուլություններ։ Այդուհանդերձ, ինքն էլ զերծ չէր մարդկային թուլություններից։ Նա կարող էր օրերով չսնվել ու հացի մասին չմտածել, բայց քաղցրավենիքը նրա «խոցելի» տեղն էր։ Խելքը գնում էր քաղցրի ու թխվածքի համար, եւ բոլորն այդ մասին գիտեին։

…Մարտունու շրջանում էր։ Խոհանոցում նստած էինք բոլորս։ Գյուլին` խոհարարուհին, թեյ բերեց Մոնթեի համար։ Հանկարծ Մոնթեն հետաքրքրվեց.

-Քանի՞ գդալ շաքարավազ ես մեջը լցրել։

Գյուլին, որ լավ գիտեր Մոնթեին, ասաց.

-Չորս։

-Իսկ զինվորների բաժակների մեջ քանի՞ գդալ ես լցրել։

-Մեկ ու կես,- պատասխանեց Գյուլին։

Մոնթեն տեղից վեր կացավ եւ իր բաժակի թեյը քիչ-քիչ ավելացրեց մեր բաժակների մեջ` ասելով.

-Եթե քաղցր ըլլա, ջուր կավելցնեք։

Այդ օրը մենք իսկապես որ շատ քաղցր թեյ խմեցինք։ Այդպիսին էր Մոնթեն։

♦♦♦

Մոնթեի մարդկային կերպարը թերեւս չամբողջանա, եթե չխոսեմ նրա մեծ դասերից մեկի` գերիների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։ Գերուն մատով դիպչողը դառնում էր նրա անձնական թշնամին։ «Վրե՞ժ ես ուզում լուծել, գնա կռվիր, դեմդ կանգնած է, խփիր, սպանիր։ Իսկ գերուն իրավունք չունես ձեռք տալ։ Նա կապված է, գերի է, քեզ չի կարող պատասխանել»։

Նա հորդորում էր, որ հայ զինվորն իրավունք չունի իր մեջ մարդուն սպանել, այլապես նա ինչով կտարբերվի իր դարավոր թշնամուց։

Նա իսկական զինվոր էր, զինվորական` բառիս իսկական իմաստով։

♦♦♦

…Արծվաշենի օրերն էին։ Մեծ թվով ժողովուրդ էր հավաքվել Մոնթեի շուրջը։ Լսել էին, որ Ամերիկայից մարդ է եկել, հավաքվել էին… Եվ Մոնթեն սկսեց առանձին համբերատարությամբ բացատրել, թե ինչպես կարելի է սովորական երկու ափսեով հակատանկային ական սարքել, կամ տնային պայմաններում պայթուցիկ պատրաստել… Շատերն այլ սպասելիք ունեին, ուստի թողին, հեռացան։ «Մեզ պատրաստի ական տվեք, եւ մենք կկռվենք»,- ասում էին նրանք։

♦♦♦

Ազնիվ, քաջ, անձնվեր հրամանատարներ եմ ճանաչում, բայց Մոնթեի ազնվությունը դուրս էր ամեն տեսակ չափումներից ու սահմաններից։ Մի օր կինը` Սեդան, նրա համար մի ձեռք ամերիկյան լավ զինվորական համազգեստ էր բերել։ Բերեց, բոլորի ներկայությամբ հատուկ շեշտեց, որ իր նվերն է ամուսնուն։ Մոնթեն նայեց-նայեց ու ասաց.

-Բայց, Սեդա, կտեսնի՞ս, ան զինվորը տաբատ չունի։

Իսկ ինքը կարկատաններով էր ման գալիս։

Անգամ այն ժամանակ, երբ արդեն ձեւավորվել էր կանոնավոր բանակ, եւ ինքը ԼՂՀ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր պաշտոնապես, դարձյալ նույն համեստ ու սակավապետ մարդն էր։ Եվ երբեք էլ նա իրեն հասանելիք աշխատավարձն իր կարիքների համար չծախսեց, նա սիրում էր այդ գումարով խրախուսել մարտում աչքի ընկած որեւէ զինվորի…

♦♦♦

Մոնթեն սիրում էր խրախուսել, բայց եւ կարողանում էր պատժել։ Ամենամեծ, ամենածանր պատիժը մեղավորին ժամանակավորապես մարտից հեռացնելն ու Երեւան ուղարկելն էր։ «Վաղը Երեւան կերթաս»։ Մի օր էլ ես «արժանացա» Երեւան գնալու պատժին։ Որտե՞ղ էի թերացել։

-Հովսեփ, մեքենան քեզ կսպասե, վաղը Երեւան կերթաս։

Անիմաստ էր առարկելը։ Թե ինչպե՞ս, որտեղի՞ց էր իմացել, որ կինս երկրորդ երեխային է սպասում, այդպես էլ չիմացա։ Ուզում էր, որ այդ պատասխանատու օրերին կնոջս, երեխայիս կողքին լինեմ։ Այդպիսին էր Մոնթեն իր զինակիցների նկատմամբ… Իսկ ինքը, ասես, անձնական կյանք չուներ… Դա մեր վերջին հանդիպումն էր։ Ես նրան այլեւս չտեսա…

♦♦♦

Մոնթեն սիրված հերոս էր։ Հիշում եմ, Սպանդարյանի ջոկատի տղաները պատմում էին Մոնթեի հետ իրենց առաջին հանդիպման մասին։ Ասում էին, որ հաղթական կռվից հետո նա երեխայի անմիջականությամբ ու ոգեւորությամբ կռիվն է նկարագրում. «Թը~խկ, խփեցին, բա~մփ-բո~ւմփ, պայթեց»։ Զարմացել էին. ո՞վ է այդ մարդը։ «Հետո,- ասում էին,- բերաններս բաց, շունչներս պահած նրան էինք լսում, որովհետեւ զգում էինք, որ այդ մեծ երեխան հզոր անհատ է ու մեծ մարդ, որովհետեւ նա մեր սրտից էր խոսում, մեր երազներից եւ այն նպատակներից, որ բոլորինս էին…»։

Մոնթեն սիրված հերոս էր… Բայց նրա ազնվությունն ու անկաշառությունը, շիտակությունն ու ողջամտությունը, իհարկե, ոչ բոլորի սրտով էին… Բայց նրա կորստով առաջացած ահռելի վիհը հանկարծ բոլորը տեսան, բոլորը… Եվ Մոնթեի համար սգում էին անխտիր բոլորը։

Նա բոլորինն էր եւ միաժամանակ յուրաքանչյուրինը։ Նաեւ իմը։

Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ Ճակատագրեր


25/11/2013