Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՇՈՒՄԵՐՆԵՐԸ



Այս հոդվածով մենք ավարտում ենք այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու նախագծի միստիկական ակունքների մասին հոդվածաշարը: Այն սկսել էինք «Ալեքսանդր Մակեդոնացին և Մեծ Մերձավոր Արևելքը» հոդվածով («Հայ զինվոր», թիվ 27-29, 2013 թ.): Ենթադրություններից մեկն այն էր, որ, միգուցե, Ալեքսանդրի կայսրության վերստեղծումը (Մեծ Մերձավոր Արևելքի անվան տակ) միջանկյալ քայլ է, որով օկուլտիզմի հետևորդներից բաղկացած քաղաքական ուժերը փորձում են հասնել համաշխարհային տիրապետության:

Առավել մանրակրկիտ հետազոտությամբ բացահայտվում է երկու հետաքրքիր փաստ ևս. տարօրինակ զուգադիպությամբ Մեծ Մերձավոր Արևելքի սահմաններում են հայտնվում այն տարածքները, որոնք հրեադավան հետազոտողների կարծիքով, կարող են` ա) լինել Իսրայելի կորած ցեղերի բնակավայր (օրինակ Աֆղանստանը` փուշտունների. այս թեմային անդրադարձել ենք մեր թերթի այս տարվա թիվ 44-ում` «Իրանի բնական հակառակորդները» հոդվածում), բ) համարվել հրեաների նախահայրենիք: Ստորև կանդրադառնանք այն վարկածին, ըստ որի Աֆղանստանի (ինչպես նաև Պակիստանի և Հնդկաստանի) տարածքի մի մասը ևս կարող է համարվել հրեաների «նախահայրենիք»:

ԱԲՐԱՀԱՄԸ` ՇՈՒՄԵ՞Ր

Աստվածաշնչյան Աբրահամը (ենթադրաբար` մ.թ.ա. 21-20-րդ դդ.) առաջին հրեան է և հրեա ժողովրդի նախահայրը: Նա սերում է Նոյի ավագ որդի Սեմից: Սակայն մի շարք գիտնականներ (այդ թվում հրեադավան) առաջ են քաշում այն վարկածը, որ Աբրահամը եղել է շումեր (շումերների մասին` ստորև): Առաջինն այդ վարկածը հրապարակել է Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Ժերեմիասը` 1930թ.: Դրանից երկու տարի հետո իր «Der Kosmos von Sumer» («Շումերի տիեզերքը») աշխատության մեջ նա հանդես եկավ անառարկելի պնդումով. «Աբրահամը ոչ թե սեմական ծագում ունեցող բաբելոնացի էր, այլ` շումեր»:

Հետագայում Ժերեմիասի կարծիքը հաստատեց նաև հայտնի արևելագետ, շումերագիտության ասպարեզում աշխարհահռչակ Սեմյուել Կրամերը (1897-1990). «Շումերական արյան նշանակալի մասնաբաժին էր հոսում Աբրահամի նախնիների երակներում, որոնք սերունդներ շարունակ ապրել են Ուռում և շումերական այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է շումերական մշակույթին ու քաղաքակրթությանը, ապա անկասկած է, որ նախահրեաները (Աբրահամի հայրերը) շատ բան են յուրացրել շումերների կյանքից»:

Հրեա հետազոտող Սամուել Գոլդենշտեյնը «Անհավանական հրեաներ» պարբերականում (թիվ 3, 2010թ.) հարգարժան պրոֆեսորներից ավելի մեղմ պնդում է անում` հնարավոր համարելով, որ Աբրահամի նախնիների մեջ, բացի շումերներից, կային նաև սեմական ծագում ունեցող աքքադացիներ: Նա հրեաների համար ավելի կարևոր է համարում այն ենթադրությունը, որ Աբրահամը ազնվական ծագում ուներ (միգուցե պատկանում էր քրմական դասին) և, «ամենայն հավանականությամբ, տիրապետում էր հին շումերական քաղաքակրթության գիտելիքներին ու գաղտնիքներին ինչպես տեխնոլոգիաների, իրավունքի, աստղագիտության բնագավառներում, այնպես էլ շումերական կրոնի սակրալ ոլորտում»: (Ինչպես տեսնում ենք, ժամանակակից հրեաները հպարտանում են ոչ այնքան Աբրահամով և Մովսեսով, նրանց թողած հոգևոր ժառանգությամբ, որքան նրանց նախնիների հեթանոսական հավատալիքներով ու «գաղտնի» գիտելիքով, որոնք իրականում ոչ մի աղերս չունեն Աբրահամի և Մովսեսի հավատի հետ):

ՇՈՒՄԵՐՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսին Հարավային Միջագետքում հայտնվում են շումերները` ժողովուրդ, որն ավելի ուշ շրջանի գրավոր աղբյուրներում իրեն անվանում է «սևագլուխներ» (շումերերեն` «սանգ-նգիգա», աքքադերեն` «ցալմատ-կակկադի»): Շումերները էթնիկ, լեզվաբանական և մշակութային առումով խորթ էին սեմական այն ցեղերին, որոնք նշված ժամանակաշրջանում բնակվում էին Հյուսիսային Միջագետքում: Շումերական լեզուն իր զարմանալի քերականությամբ ոչ մի աղերս չունի ցայսօր հայտնի ոչ մի լեզվի հետ: Շումերների նախահայրենիքը գտնելու բոլոր փորձերն առայժմ ավարտվել են անհաջողությամբ:

Բանն այն է, որ շումերները Միջագետքում եկվոր են. այն երկիրը, որտեղից նրանք եկել են, հավանաբար գտնվում է Ասիայում, հավանական է` լեռնային տեղանքում, բայց այնպիսի, որ նրա բնակիչները կարողացել են յուրացնել ծովագնացության արվեստը: Այն, որ շումերները լեռներից են եկել, վկայում է տաճարների կառուցման նրանց յուրահատուկ ոճը` արհեստական բլուրների տեսքով: Բացի այդ, շումերերեն «երկիր» և «սար» բառերը միատեսակ են գրվում: Իսկ այն, որ ծանոթ են եղել ծովագնացությանը, վկայում է, նախ, գետաբերաններում հայտնվելը, երկրորդ` ոռոգման տնտեսություն ստեղծելը, գետերով ու ջրանցքներով նավագնացություն իրականացնելը:

Շումերների էպոսում հիշատակվում է նրանց հայրենիքը, որը նրանք համարում էին ամբողջ մարդկության նախահայրենիք` Դիլմուն կղզին (այդ կղզում, սակայն, սարեր չկան):

Շումերները մեկ-երկու հարյուրամյակում դատարկ տեղում բարձր քաղաքակրթություն են ստեղծում: Սա հիմք է տալիս գիտնականներին ենթադրելու, որ շումերների քաղաքակրթությունը իր զարգացման գագաթնակետին հասած և արդեն դեպի անկում գնացող էր: Այդ քաղաքակրթության պտուղներն առաջինը քաղեցին աքքադացիները` սեմական ժողովուրդ, որը, հավանաբար, ծագում էր հյուսիսային Արաբիայից: Հարյուրամյակների ընթացքում շումերներն ու աքքադացիներն աստիճանաբար ձուլվում են, և ձևավորվում է նոր էթնոս: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին աքքադերենը խոսակցական լեզու է դառնում արդեն իսկ շումերա-աքքադական թագավորությունում, թեպետ գրավոր խոսքը և կրոնական ծեսերի լեզուն շումերերեն էր (այն պահպանվում էր քրմական և ազնվական դասերում):

Հին շումերական էպոսի համաձայն` մ.թ.ա. մոտ 2600 թ. Ուրուկի արքա Գիլգամեշը դառնում է Շումերի տիրակալ: Նրան հաջորդող թագավորները մ.թ.ա. 24-րդ դարի վերջում Շումերի սահմանները հասցնում են մինչև Պարսից ծոց: Մ.թ.ա. 24-րդ դարում Շումերի մեծ մասը զավթում է աքքադացի արքա Սարգոն Մեծը: Իսկ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին Շումերը դառնում է հզորացող Բաբելոնի կայսրության մաս: (Մինչ այդ` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին շումերերենը դադարել էր խոսակցական լեզու լինելուց, թեպետ ևս 2000 տարի գրականության ու մշակույթի լեզու էր):

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԵԿԵԼ ՇՈՒՄԵՐՆԵՐԸ

Այսօր գոյություն ունի երեք վարկած, թե որտեղից են Միջագետք եկել շումերները.

ա) Ինդոսի հովտից (առավել հայտնի վարկածն է),

բ) Պարսից ծոցում գտնվող Դիլդում կղզուց, այն է` այսօրվա Բահրեյնից,

գ) Կովկասյան լեռներից (ոմանք Արարատ լեռը համարում են նրանց հայրենիքի կենտրոն, իսկ շումերներին` Նոյ նահապետի ավագ որդի Սեմի ուղղակի հետնորդներ):

Բնականաբար նրանք, ովքեր Աբրահամ նահապետին համարում են շումեր կամ շումերի հետնորդ, հրեաների նախահայրենիքը փնտրում են կամ Ինդոսի հովտում, կամ Բահրեյնում, կամ էլ Կովկասյան լեռներում: Ստորև կներկայացնենք Ինդոսի հովտի տարբերակը:

ՀԱՐԱՊՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԵՂԾՎԱԾ

Ինդոսի կամ Հարապպայի (ըստ Հայկական սովետական հանրագիտարանի` Խարապպայի) քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Ինդոս գետի հովտում մ.թ.ա. 3300-1300 թթ., այսինքն` մինչև արիացիների ներխուժումը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես): Այն ընդգրկել է վիթխարի տարածք, որն իր չափերով հավասար էր Եգիպտոսի, Միջագետքի, Փոքր Ասիայի, Իրանի, Սիրիայի, Փյունիկիայի և Պաղեստինի տարածքներին` միասին վերցրած: (Հարապպայի քաղաքակրթությունը զբաղեցնում էր մի տարածք, որը բաղկացած է ներկայիս Պակիստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի տարածքների մասերից): Հարապպայի քաղաքակրթության կենտրոններն էին Հարապպան, Լոտհալը և Մոհենջո-Դարոն: Ծաղկման շրջանում Հարապպան ունեցել է մոտ 5 մլն բնակիչ: Քաղաքակրթությունը կործանվել է մ.թ.ա. 1800-1700 թթ: Պատճառները հայտնի չեն, կան միայն վարկածներ` արիացիների ներխուժում, երաշտ, համաճարակ և այլն: Հայտնի չէ նաև վերջին հարապպացիների ճակատագիրը (ձուլվե՞լ են, ո՞ւր են գաղթել):

Հարապպայի քաղաքակրթությունը հայտնաբերել է Ալեքսանդր Կանինգհեմը 19-րդ դարում, իսկ դրա գոյությունը վերջնականապես հաստատել է Ջոն Մարշալի գլխավորած արշավախումբը 1921-1922 թթ.:

Հարապպայի բնակիչների ազգային պատկանելիության հարցը լուծված չէ: Առավել տարածված վարկածի համաձայն` նրանք խոսել են դրավիդական լեզուներով (դրավիդները պատկանում են ավստրալոիդ ռասային): Սակայն, բացի դրավիդներից, Հարապպայի բնիկներից են եղել մոնղոլոիդ, եվրոպական և շումերական (!) արտաքին ունեցող մարդիկ: Հարց է ծագում` նրանցից ովքե՞ր են Հարապպայի քաղաքակրթության հիմնադիրները: Այդ հարցն առայժմ պատասխան չունի (նաև այն պատճառով, որ մինչև օրս չի հաջողվել վերծանել հարապպական գիրը): Ներկայումս ընդունված աշխատանքային վարկածի համաձայն` քաղաքակրթության հիմնադիրը տեղացի դրավիդներն են (այլ տեսակետ` մունդա ցեղերը): (Կա նաև վարկած, ըստ որի` առասպելական ատլանտներն իրենց երկրի` Ատլանտիդայի կործանումից հետո հիմնել են Եգիպտոսի, Շումերի և Հարապպայի քաղաքակրթությունները):

ՇՈՒՄԵՐՆԵՐԸ` ՀԱՐԱՊՊԱՅԻ ՍՏԵՂԾՈ՞Ղ

Մեկ այլ վարկածի համաձայն` Հարապպայի քաղաքակրթության հիմնադիրները շումերներն են (կենտրոնը` Դիլմուն կղզում): Այս վարկածն ապացուցված չէ. շումերների և Մոհենջո-Դարոյի բնակիչների միջև, անկասկած, գոյություն են ունեցել առևտրական հարաբերություններ, սակայն ոչ ավելին:

Այդուհանդերձ, այս վարկածը ժխտելու համար նույնպես բավարար փաստեր չկան: Եւ ուրեմն, այն կարող է սնել հրեադավան որոշ քաղաքական գործիչների երևակայությունը` ստիպելով հրեաների նախնիների հայրենիքը փնտրել հեռավոր Փենջաբում:

Այսօր այդ փնտրտուքը կարող է կապված լինել միստիկ-աշխարհաքաղաքական նախագծի հետ` վերստեղծել Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, որին այսօր համապատասխանում է Մեծ Մերձավոր Արևելքը, ինքնիշխանություն տալ դրանում բնակվող ժողովուրդներին, այդ թվում նրանց, ովքեր, հավանական է, Իսրայելի կորած ցեղերն են (օրինակ` փուշտունները, քրդերը կամ ադրբեջանցիները. վերջին վարկածին մենք հպանցիկ անդրադարձել ենք «Իսրայելի կորած ցեղերը և Ադրբեջանը» հոդվածում («Հայ զինվոր», թիվ 21, 2012 թ.)` ներկայացնելով «ադրբեջանցիները խազարների հետնորդներն են և Իսրայելի կորած ցեղերից մեկը» վարկածը), և այդպիսով «իրականացնել» հինկտակարանյան այն «մարգարեությունը», ըստ որի հրեաների ակնկալած մեսիայի գալստյան ժամանակներում կորած ցեղերը պետք է գտնվեն և ի մի հավաքվեն: (Ահա թե ինչու Հնդկաստանն է այն արևելյան սահմանը, դեպի ուր պետք է ծավալվեն հրեաները` Իսրայելի օրհներգում նշված նպատակին ձգտելիս):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Հ.Գ.- Պատմությունը վկայում է, որ ցնորքները բավականին հաճախ են դառնում քաղաքական նպատակ` կանխորոշելով միլիոնավոր մարդկանց ճակատագիրը: Ցնորամիտ քաղաքականությունը կանխելու թերևս միակ ճանապարհը դրա հիմքում ընկած գաղափարների սնանկությունն ապացուցելն է: Իհարկե, դրանք (գաղափարները) մերկացնելուց հետո միայն:

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


28/11/2013