Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԵՆՔԻ ՈՐՈՏՆ ԻՍԿ ԲԱՎԱԿԱՆ ԷՐ, ՈՐՊԵՍԶԻ ԶՍՊԵԻՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»



Հակակարկտային հրանոթների հրետանավորներից ձեւավորվեցին Արցախյան պատերազմում հրետանային կամավորական առաջին ջոկատները

Լուսանկարներում հակակարկտային կայաններն են երեկ եւ այսօր: Մեր օրերում հակակարկտային կայանները այլեւս մարտական մեքենա չեն հիշեցնում, նմանությունը միայն ձայնային է: Խորհրդային Միության տարածքում հակակարկտային ռազմականացված ծառայությունները կարկուտի դեմ պայքարում էին հրթիռահրետանային մեթոդով. հրետանային արկերը եւ հրթիռները համապատասխան պայթուցիչի միջոցով պայթում էին պահանջվող բարձրության վրա՝ ցրելով ազդանյութն ամպի տվյալ հատվածում: Այսօր ծառայությունը վերանվանվել է ԱԻՆ Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն, կարկուտի դեմ էլ պայքարում են այլ մեթոդներով:

Ծառայության պետի՝ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ աշխատասենյակում եմ: Նա 1970 թ. աշխատել է հանրապետության հակակարկտային ծառայությունում` որպես ինժեներ, ավագ ինժեներ, ջոկատի հրամանատար, ծառայության պետի տեղակալ, իսկ 1975 թ. ԽՍՀՄ համապատասխան կառույցի կողմից նշանակվել է հանրապետության հակակարկտային ռազմականացված ծառայության պետ: ՀՀ Գերագույն Խորհրդի և Հայաստանի Պաշտպանության կոմիտեի 1991 թ. համատեղ հրամանով լիազորված էր անհրաժեշտ վայրերում կազմակերպել պաշտպանության համակարգի կանոնավոր հրետանային ստորաբաժանումներ:

Աշխատասենյակում միանգամից աչքի են զարնում անկյունում դրված փոքր տրամաչափի հրթիռները. Ռոբերտ Հովսեփյանն ասում է` դրանք, բնականաբար, լիցքավորված չեն, ծառայում են որպես մշտական հիշեցում, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը. «Մինչեւ 1992թ. ընկած ժամանակահատվածը հակակարկտային կայանները ծառայեցին որպես սահմանների հրթիռահրետանային կրակային վահան: Արցախյան պատերազմի ընթացքում հրետանային կամավորական առաջին ջոկատները ձեւավորվեցին հակակարկտային հրանոթների հրետանավորներից: 1980-ական թվականների վերջին հակակարկտային ռազմականացված ծառայության 60 հրթիռահրետանային մարտկոցներում գործում էր 100 մմ տրամաչափի ավելի քան 400 միավոր զենիթային հրանոթ և շուրջ 100 միավոր` 82,5 մմ տրամաչափի հրթիռային կայան: Համակարգում աշխատում էր ավելի քան 1700 մասնագետ: Ծառայությունն ընդգրկում էր 10 հակակարկտային ռազմականացված կենտրոն: Դրանցից յուրաքանչյուրում գործում էր ռադիոլոկացիոն կայան, որով իրականացվում էին կարկտավտանգավոր գործընթացների վրա ակտիվ ներգործության եւ մթնոլորտային երևույթների հետազոտման աշխատանքներ: Մարտկոցներից յուրաքանչյուրում տեղադրված էր 4-5 թնդանոթ, դրանցով հնարավոր էր լուծել նաեւ մարտական խնդիրներ, քանի որ գործողության շառավիղը բավականին մեծ էր»,-պատմում է Ռոբերտ Հովսեփյանը:

Նա հիշում է, թե ինչպես էին 1991թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում խորհրդային բանակի եւ Ադրբեջանի օմօնականները ուղղաթիռներով հարձակվում մարտկոցների վրա, ռմբակոծում հրթիռներով։

«Ուղղաթիռներից երկուսը մնում էին օդում, մյուս ուղղաթիռը իջնում էր ներքեւ, որտեղ հրանոթներն ու ռադիոլակացիոն կայաններն էին, եւ պայթեցնում: Մոտ 100 հրանոթ պայթեցրին, սակայն կարճ ժամանակահատվածում մենք վերականգնեցինք, տեղադրեցինք նորերը, քանի որ հարուստ ռեզերվ ունեինք: Մեր ծառայությունը ռազմականացված էր, բայց մասնագետների համար դժվար էր գործել պատերազմական պայմաններում: Կազմակերպում էինք անձնակազմի մարտական ուսուցում, կամաց-կամաց հունի մեջ ընկանք, սկսեցինք «Ալազանով» կրակել ուղղաթիռների վրա, մեզ հաջողվում էր վնասազերծել դրանք: Զենքի որոտն արդեն իսկ բավական էր, որպեսզի զսպեինք հակառակորդին: Վախենում էին մոտենալ: Օրինակ` հակառակորդի առաջին տանկը Իջեւանում վնասազերծեցին մեր ծառայության հրետանավորները: Պաշտպանական նպատակով մի անգամ էլ ուժեղ հրետակոծեցինք հակառակորդի դիրքերը, մոտ 1000 արկ օգտագործեցինք երկու ժամվա ընթացքում»:

-Բայց չէ՞ որ հակառակ կողմում էլ կային նման կայաններ,- հարցնում եմ:

-1987 թ. արդեն հասկանալի էր, որ իրավիճակը լարվելու եւ վերածվելու է պատերազմի, ուստի որոշեցինք ձեռք բերել Ադրբեջանում տեղակայված հակակարկտային հրանոթների կոորդինատները: Ահա վերոնշյալ տվյալներով փաստաթղթերը, այստեղ նշված է, թե որտեղ քանի կայան կա, ինչքան ռազմամթերք. պատերազմի ժամանակ ունենալով այդ կոորդինատները` հնարավոր եղավ ճիշտ կազմակերպել պաշտպանությունը:

– Հավանաբար, Խորհրդային Ադրբեջանի հակակարկտային ռազմականացված ծառայության պետը Ձեր ընկերն էր,-գրեթե վստահ ասում եմ ես:

-Իմ ընկերը չէր… նա ադրբեջանցի էր: Մենք միշտ էլ նրանցից սադրանքներ էինք սպասում: Քողարկված թշնամանք կար, եւ եթե անգամ ընկերություն էինք անում, ապա չէինք մոռանում, թե ում հետ գործ ունենք: Պատերազմի ժամանակ արդեն գիտեինք` որտեղ ինչ ունեն, գիտեինք, որ Նախիջեւանում շատ թույլ են, Ֆիզուլիում հրետանի չունեն եւ այլն:

Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հրետանային եղանակը ներկայումս կիրառվում է Չինաստանում, հիմնականում արհեստական տեղումների ստացման համար: Քանի որ նշյալ հրանոթները համարվում են ռազմական տեխնիկա, իսկ հրետանային արկերը՝ ռազմամթերք, դրանց շահագործումը և պահպանությունը կապված է բազմաթիվ բարդությունների հետ. օրինակ՝ պահանջում է համաձայնեցում հարեւան երկրների հետ:

-Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի, Ձեր ծառայությունը ի զորո՞ւ է արհեստական տեղումներ առաջացնելու հակառակորդի տարածքում. չէ՞ որ եղանակային պայմանները պակաս կարեւոր չեն:

Ռոբերտ Հովսեփյանը խորհրդավոր ժպտում է, ապա ավելացնում, որ իրենք երբեք հույսները օդերեւութաբանական երեւույթների վրա չեն դրել, միշտ ապավինել են սեփական ուժերին. «Իմ որդիները ծառայել են բանակում, ես գիտեմ՝ որքան պատրաստված եւ մարտունակ է հայկական բանակը: Չեմ կարծում, որ դրա կարիքն ունենք»:

1992 թ. հանրապետության հակակարկտային ռազմականացված ծառայությունը ընդգրկվել էր պաշտպանության նախարարության պաշտպանական համակարգում եւ միայն 2003 թ. ապրիլին, հաշվի առնելով այն, որ կարկտահարությունից հանրապետության տնտեսությունը մեծ նյութական վնաս է կրում, կառավարությունը որոշեց նախկին հակակարկտային ռազմականացված ծառայության բազայի վրա ստեղծել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որն ընդգրկվեց ՀՀ ԱԻՆ համակարգում։ Ռոբերտ Հովսեփյանը վիրտուալ քարտեզի վրա ցույց է տալիս տեղադրված 154 հակակարկտային կայանները, որոնցով պաշտպանության տակ է վերցված մոտ 13000 հա մակերեսով գյուղատնտեսական մշակաբույսերով տարածք: Ծառայության պետը նշում է, որ 400 համայնքներից միայն 50-ում են տեղադրված հակակարկտային կայաններ, եւ գյուղացին այսօր պաշտպանության կարիք ունի.

«Խաղաղ օրերում նույնպես անելիքները շատ են, չպաշտպանվող տարածքները պարբերաբար ենթարկվում են կարկտահարության` պատճառելով զգալի վնասներ: Հանրապետությունում հակակարկտային պաշտպանության զարգացումը թույլ կտա, որ գյուղացին թոթափի այն սոցիալ-հոգեբանական ճնշվածությունը, որն առաջանում է բնական աղետներից անպաշտպան լինելու դեպքում: Երկրի ուժը գյուղացին է, երկիրը կերակրողը գյուղացին է, եւ նա չպետք է հուսալքվի, բարոյալքվի, նրան պետք է աջակցել, պաշտպանել, որ չարտագաղթի, որ մեր զինվորը մեր հողում ծնվի»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Պատմության էջերից


28/11/2013