Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՓՈՔՐԻԿ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ Է ԾՆՎԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ



Աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայրենիքում է։ Նա եկել է հայրենակիցների հետ տոնելու իր վերջին մարտի հաղթանակը, նաև մասնակցելու Երևանի թիվ 99 դպրոցի մարզադահլիճը իր անունով կոչելու արարողությանը։ Մեկնելուց մի քանի ժամ առաջ Արթուր Աբրահամը պատասխանեց «Հայ զինվորի» հարցերին։

-Արթուր, վաղուց չենք հանդիպել։ Ինչպես ասում են՝ շատ ջրեր են հոսել… Երբ մենք հանդիպեցինք վերջին անգամ, Ռինգի Արքան դեռեւս չէր ճաշակել պարտության դառնությունը։ Եվ, իմ տպավորությամբ, դու հոգեբանորեն պատրաստ չէիր դրան, պարտության միտքը այնքան հեռու էր քեզնից։

-Այո, ես հոգեբանորեն պատրաստ չէի պարտության… Ու երբեք հոգեբանորեն պատրաստ չեմ լինելու։ Եթե ես հոգեբանորեն պատրաստ լինեմ պարտության, այսինքն՝ քննարկեմ պարտվելու հնարավորությունը, երբեք չեմ հաղթի…

-Ծա՞նր տարար քո առաջին պարտությունը… Ի՞նչ էիր զգում։

-Շատ ծանր։ Ի՞նչ էի զգում։ Ցավ, հուսահատություն, կատաղություն, վրեժխնդրություն…

-Հուսահատությո՞ւն…

-Ամեն ինչ, խառը, հակասական, քաոսային… Հետո արագ վերագտա ինձ, թոթափեցի զգացմունքներս ու սկսեցի մարզվել։ Աշխատանք, աշխատանք, աշխատանք… Սա է նպատակին հասնելու միակ ճանապարհը։ Աշխատել անմնացորդ, չխնայելով իրեն, տրվել լիովին։ Գիտես, ինձ դժվար է կոտրելը, որովհետեւ ես շատ դժվարություններ եմ հաղթահարել ինչպես կյանքում, այնպես էլ ռինգում։ Պատանի էի, համարյա երեխա, երբ եկա Գերմանիա։ Բոլորովին մենակ էի, առանց մայրական ջերմության ու խնամքի, առանց հայրական խրատի ու աջակցության, առանց ընտանիքի, առանց ընկերների։ Իմ կյանքի ամեն մի վայրկյանը պայքար էր։ Ինքս էի հոգում իմ կենցաղային հոգսերը ու հընթացս մարզվում էի։

-Ու կարողացար բարձրանալ, բարձրանալ՝ դառնալով առաջին մեծության աստղ։

-Միայն ես գիտեմ, թե ինչ ջանքեր են իմ յուրաքանչյուր հաջողության հետեւում, ես մի ամբողջ կյանք եմ տվել գագաթ բարձրանալու ճանապարհին, հազար ու մի բանից եմ ինձ զրկել։

-Եվ ի՞նչ զգացողություն ես ունենում փառքի գագաթին… արժե՞ր…

-Արժեր։ Որովհետեւ այդտեղ ես մենակ չեմ բարձրացել, ինձ հետ էր իմ ազգանունը, իմ հայ լինելու հույժ կարեւոր իրողությունը։ Ինձ հետ ես մի ամբողջ ազգ եմ բարձրացրել գագաթ՝ իմ ժողովրդին։

-Շատերն են ձգտում վեր (փառքը շատ գայթակղիչ է), բայց քչերն են կարողանում հասնել բարձունքների։ Դու ի՞նչ ունես, որ ուրիշները չունեն։

-Ե՞ս… անսպառ աշխատասիրություն ու երբեք կեսճանապարհին չմնալու կամք։ Ես պայքարում եմ մինչեւ վերջ, մինչեւ վերջին շունչը, քանի դեռ կարող եմ ոտքերի վրա մնալ։ Իսկ երբ ընկնում եմ, արագ ոտքի եմ կանգնում ու քայլում եմ առաջ։ Ես կարող եմ կորցնել ամեն ինչ, բայց ոչ հաղթելու հավատս ու վստահությունը իմ ուժերի հանդեպ։ Ես իմ ժողովրդի պես կենսունակ եմ ու դիմացկուն։

-Արթուր, դու ամեն ինչ ունես՝ հռչակ, փող, հազարավոր (եթե չասեմ միլիոնավոր) կանանց սերն ու հիացմունքը, սեփական ժողովրդի հարգանքը, այսպես ասած՝ ամբողջ աշխարհն է ոտքերիդ տակ… Ի՞նչը քեզ չի հերիքում այս կյանքում, ինչի՞ պակաս ունես։

-Ես հասկացել եմ մի բան՝ ոչ հռչակը, ոչ փառքը, ոչ, քո բառերով ասած, միլիոնավոր կանանց սերն ու հիացմունքը, քեզ երջանկություն չեն բերում, վաղանցուկ հաճույքներ են, նույնիսկ հոգնեցնող… Հասկացել եմ, որ աշխարհը ոտքերիդ տակ առնելու փոխարեն քեզ հարկավոր է ծննդավայրիդ հողը, միլիոնավոր կանանց սիրո փոխարեն մի կնոջ սեր է հարկավոր։ Հարկավոր է, որ սիրելի մարդիկ կողքիդ լինեն։ Պարզ, մարդկային երջանկություն…

-Ո՞րն է քո անկատար երազանքը։

-Երեք որդի եմ ուզում։

-Ինչպիսի՞ն պիտի լինի նրանց մայրը։

-Խելացի։

-Ուրի՞շ։

-Խելացի։

– …

-Կնոջ գեղեցկությունն էական նշանակություն չունի ինձ համար։ Գիտես՝ ի՞նչ է նշանակում խելացի կին, գիտես՝ ե՞րբ է կինը խելացի համարվում… երբ նա մեղմ է, նուրբ, բազմակողմանի զարգացած, զգացմունքային, առաքինի, հավատարիմ, ունակ։ Խելացի կինը տիրապետում է կին լինելու արվեստին։

-Ո՞րն է երջանկության քո բանաձեւը։

-Լավ ընտանիք, սիրած աշխատանք ու պատիվ…

-Պատի՞վ…

-Ես հայ տղա եմ։ Իմ մեջ ոչինչ չի փոխվել, ես ավանդապաշտ եմ, իմ մեջ նստած է հայ տղամարդու պատվախնդրությունը։

-Փառքն ու պատիվը տարբե՞ր բաներ են։

-Տարբեր են։ Ամենահասարակ հայ տղան կարող է այնքան մեծ պատվախնդրություն ունենալ իր հոգում, իսկ մեկ ուրիշը՝ փառքի գագաթնակետին կորցնել պատիվը։

-Ես մտածում էի, որ երջանկության բաղադրիչների մեջ կնշեիր հայրենիքը։

-Հայրենիքը երջանկության բաղադրիչ չէ, որովհետեւ հայրենիքը ապրելու պայման է։ Հայրենիքը տուն է, առանց տան ապրել չի լինի։

-Ասողն էլ ո՞վ է…

-Ակնարկդ հասկանում եմ։ Ես կարող եմ ապրել ամենագեղեցիկ երկրների ամենաշքեղ առանձնատներում, բայց դրանք ընդամենը կացարան են, իմ տունը Հայաստանի մայրաքաղաքի Չարբախ կոչվող թաղամասում է, ես այդտեղ եմ ծնվել, այդտեղ իմ մանկության ոտնահետքերն են, անցյալի բույրերը, պատկերները… Սա ոչ մի բանի հետ չես փոխանակի։

-Եվրոպայում տապակած կարտոֆիլ չկա՞։

-Աշխարհի ոչ մի երկրում տապակած կարտոֆիլը սեփական երկրում, տանը պատրաստածի համը չունի… Սա քո կապն է հայրենիքի հետ՝ անբացատրելի, բայց անսահման ուժեղ։ Ամեն անգամ ռինգ մտնելուց առաջ ես հիշում եմ, որ պատասխանատու եմ մի փոքրիկ, բայց հպարտ, ազնիվ ու փառահեղ ժողովրդի առաջ։ Այդ միտքը ե՛ւ օգնում է, ե՛ւ խանգարում։ Ես պարտավոր եմ հաղթել, որովհետեւ իմ հաղթանակով իրեն հաղթած է զգում իմ ժողովուրդը։ Սա է հայրենիքը։

-Դու կատարե՞լ ես զինվորական պարտքդ։

-Իհարկե, ես ծառայել եմ ազգային բանակում։ Մենք փոքր ազգ ենք, իսկ փոքր (այն էլ այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող) ազգի զավակները դատապարտված են հզոր լինելու։ Ճշմարիտ հայրենասիրությունը այսօր ուժերի գերլարումով աշխատելն է։ Նվիրված աշխատանք, արարում՝ ահա թե ինչը մեզ լուսավոր ափ կհասցնի։ Ես ուրիշ հայրենասիրություն չգիտեմ, ուրիշ հայրենասիրություն չկա։ Զինվորը պիտի լավ ծառայի, բժիշկը պիտի լավ բուժի, դերձակը պիտի լավ կարի, վարորդը պիտի լավ վարի, նախարարը պիտի լավ աշխատի, մարզիկը պիտի լավ մարզվի… Յուրաքանչյուրիս փոքրիկ հաղթանակներից է ծնվելու մեր ազգի մեծ ու հավաքական հաղթանակը։

-Փետրվարին կրկին հանդիպելու ես Ռոբերտ Շտիգլիցի հետ։ Դու մեկ անգամ հաղթել ես նրան, մեկ մենամարտ ավարտել ես պարտությամբ։

-Ես չեմ պարտվել` բառի դասական իմաստով։ Բժիշկը դադարեցրեց մարտը, քանի որ աչքս փակվել էր։

-Ռոբերտ Շտիգլիցը մարտականորեն է տրամադրված։

-Ես չեմ սիրում «ոչ ոքի» հաշիվը։ Պիտի որոշենք, թե մեզնից ով է ուժեղ։ Ես, ինչպես միշտ, գնում եմ հաղթելու։

-Հիշեցի… Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիր, որ դու հարգում ես քո երկրպագուներին եւ քեզ համար շատ կարեւոր է քո կերպարը ռինգից դուրս։

-Երբ մարդիկ սիրում ու հավատում են քեզ… Երբ քո ազգի սկսնակ բռնցքամարտիկները քո անունն են տալիս՝ որպես կուռքի, դու պարտավոր ես օրինակելի լինել բոլոր հարաբերություններում։ Ես մտածում եմ խոսելուց առաջ, ոչ թե խոսում եմ, հետո սկսում մտածել։ Սովորաբար, ես իմ խոսքը ռինգում եմ ասում, մարտից առաջ չեմ սիրում հոխորտալ։ Եվ ուրիշների սպառնալիքներին էլ բանի տեղ չեմ դնում։

-Թիվ 99 դպրոցի մարզադահլիճը, որը այսուհետ քո անունն է կրելու, նորոգվել ու կահավորվել է քո միջոցներով, նման ձեռնարկումները շարունակվելո՞ւ են։

-Ցանկանում եմ մշակույթի կենտրոն կառուցել Չարբախում, կարծում եմ՝ մշակութային օջախը իր գործունեությամբ առավել հետաքրքիր ու բովանդակալից կդարձնի չարբախցիների ժամանցն ու հանգիստը։

-Արթուր, երեւի այսքանով էլ ավարտենք մեր զրույցը։

-Գիտես՝ ի՞նչ եմ երազում, ուզում եմ՝ մեր բանակն այնքան հզոր լինի, որ թիկունք կանգնի ուրիշ բանակների…

-Արթուր, շնորհակալ եմ այս հանդիպման, անկեղծ ու սրտամոտ զրույցի համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Բանակ և հասարակություն


05/12/2013