ՕՐԻՆԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ
Զրույց ՀՀ զինվորական կոմիսար գնդապետ ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Պարոն Մուրադյան, օրեր առաջ «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկություն տարածեց հանրապետության զինվորական կոմիսարի հետ սպասվող հարցազրույցի մասին և մարդկանց հնարավորություն տվեց հարցեր ուղղելու Ձեզ։
-Սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։
Արարատի մարզից Գագիկ Բագրատյանը հարցնում է.
«Հայտնի է, որ գարնանային զորակոչը կատարվել է 111 տոկոսով։ Նաև գաղտնիք չէ, որ մենք ունենք զորակոչային ռեսուրսների պակաս, որովհետև այժմ զորակոչվում է պատերազմի և հետպատերազմյան տարիներին ծնված սերունդը։ Ինչի՞ հաշվին եք գերակատարել զորակոչային պլանը։
-Ուզում եմ ավելացնել, որ զորակոչային պլանը սահմանելիս ՊՆ ղեկավարությունը սովորաբար հաշվարկում է զորակոչային ամբողջ ռեսուրսը։ Նախկինում ես հաճախ եմ լսել զինվորական կոմիսարների տրտունջները, թե գերմարդկային ջանքերի գնով են կատարում զորակոչային պլանները։
-Նախ՝ մենք արդյունավետ համագործակցեցինք իրավապահ մարմինների հետ, հայտնաբերեցինք և ժամկետային զինծառայության ուղարկեցինք նախկինում բանակից խուսափած մի շարք քաղաքացիների։ Մենք կատարեցինք մեծածավալ ու մանրակրկիտ աշխատանք՝ ինչ-ինչ պատճառներով զինկոմիսարիատներում չկցագրված զորակոչիկներին բացահայտելու ուղղությամբ։ Մենք աշխատել ենք դպրոցների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և դրական արդյունք են արձանագրել։ Մեր առաջարկությամբ՝ բուհերը 5-օրյա ժամկետում զինկոմիսարիատներ են ներկայացրել համալսարաններից հեռացված ուսանողների մասին համապատասխան տեղեկություն, և այս ռեսուրսը նույնպես բերվել է բանակ։ Ինչպես նաև նախկինում տարկետում ստացած բազմաթիվ զինակոչիկներ ճանաչվել են պիտանի և համալրել են բանակի շարքերը։
-Նրանք տարկետման ընթացքում բուժվե՞լ էին, թե ՞ ապօրինաբար էին տարկետում ստացել։
-Ապրիլին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ փորձաքննության կարգը սահմանող հրամանում կատարվել են փոփոխություններ, և փորձաքննության չափանիշները փոխվել են։ Արդյունքում՝ նախկինում տարկետում ստացած մի խումբ զորակոչիկներ համալրել են բանակի շարքերը։ Որոշ զորակոչիկներ տարկետման ընթացքում բուժվել են։ Չեմ բացառում, հնարավոր է՝ եղել են նաև ապօրինի տարկետումներ։
Սմբատը Երևանից հետաքրքրվում է, թե ինչպիսի՞ մեխանիզմներ են ներդրվել, որպեսզի բացառվի կամ նվազագույնի հասցվի ապօրինի տարկետումների քանակը, որպեսզի առողջ զինակոչիկը չկարողանա հիվանդության պատճառով տարկետում ստանալ կամ ազատվել բանակից։
-Զինակոչիկը բուժզննություն է անցնում զինկոմիսարիատում։ Եթե հայտնաբերվում է հիվանդություն, զինակոչիկը հետազոտվում է քաղաքացիական բուժհիմնարկների համապատասխան մասնագետների կողմից։ Այնուհետև բուժզննման է ենթարկվում հանրապետական բժշկական հանձնաժողովի կողմից։ Ի դեպ, սկսած գարնանային զորակոչից հանրապետական բժշկական հանձնաժողովը համալրվել է զինվորական բժիշկներով (50 տոկոս)։ Որևէ կասկածի դեպքում հանրապետական բժշկական հանձնաժողովը կարող է կրկին բուժզննման ուղարկել զինակոչիկին՝ օրենքով սահմանված կարգով։ Որպեսզի առողջ զինակոչիկը ապօրինի տարկետում ստանա, պետք է կաշառի այն չորս օղակների բժշկական կազմին։
-Ինչը պրակտիկորեն շատ դժվար է, բայց ոչ անհնար։
-Գրեթե անհնար է, եթե հաշվի առնենք, որ հանրապետական բժշկական հանձնաժողովի կազմը վերջերս բարեփոխվեց, հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հանրապետությունում հայտնի լավագույն բժիշկները, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները համալրվեցին սրտաբան բժիշկներով։ Այսինքն՝ մեխանիզմներ ներդնելուց բացի, մենք հաշվի առանք նաև մարդկային գործոնի դերը, և հանձնաժողովներում ընդգրկվեցին անբասիր կենսագրությամբ պատվարժան բժիշկներ։
-Այդ դեպքում, ինչպե՞ս է պատահում, որ հիվանդ զինակոչիկը հայտնվում է բանակում։
-Ես այս դեպքում բացառում եմ միտումնավորությունը, այսինքն՝ բացառում եմ ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների մուտքը բանակ։ Վստահ եղեք, որ ոչ մի զինվորական բժիշկ չի ստորագրի հիվանդ զինակոչիկին բանակ ուղարկելու որոշման տակ, որովհետև բանակին հիվանդ զինվորներ պետք չեն, հիվանդ զինվորը հոգս է բանակի համար։ Այլ բան է, որ կարող են լինել թաքնված հիվանդություններ, որոնք բացահայտվում են միայն ծառայության ժամանակ, այսինքն՝ երբ փոխվում են կյանքի պայմաններն, ու թաքնված հիվանդությունը գլուխ է բարձրացնում։ Խոսքը վերաբերում է հատկապես սրտի և հոգեկան հիվանդություններին։ Կան դեպքեր, երբ մինչ բանակ զորակոչվելը ոչ մի հոգեկան շեղում չի հայտնաբերվել զինակոչիկի մոտ, սակայն մարտական ծառայությունը, ռեժիմը պատճառ են դարձել, որ թաքնված հիվանդությունը սրվի։ Բանակային ծանրաբեռնված ռեժիմը, հոգեբանական խնդիրները կարող են դառնալ ազդակ որոշ հիվանդությունների համար։ Սակայն դրանք մասնավոր դեպքեր են։
-Երբեմն զինակոչիկը ստիպված է լինում «վճարել», որպեսզի բժիշկը փաստաթղթում արձանագրի հիվանդության իրական պատկերը։
-Ուրեմն՝ ես կոչ եմ անում բոլոր զինակոչիկների ծնողներին՝ գումարը մի տվեք որևէ մեկին։ Եթե անգամ բուժզննման որևէ օղակում բժիշկը թերանա կամ միտումնավոր կեղծ տեղեկանք տա, ապա բուժզննման հետագա փուլերում բժիշկները կարձանագրեն ձեր որդու հիվանդությունը, և նա կստանա իրեն հասանելիք տարկետումը։
Կարինե Սիմոնյանը Երևանից հարցնում է՝ Գործո՞ւմ է ոչ շարային ծառայությունը այսօր առողջության սահմանափակում ունեցող զինվորների համար։
-Ըստ պաշտպանության նախարարի հրամանի՝ մշակվեց զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության նոր կարգ՝ ըստ որի հստկացվեցին չափորոշիչներ, տրվեցին սահմանումներ առողջական սահմանափակումների համար՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները։ Այսինքն՝ փակվեցին սողանցքները և անօրինականության հնարավորությունները։ Երբ օրենքը հստակ է, այն շրջանցելու հավանականությունը փոքրանում է։
Հրաչ Անդրեյանը գրում է.
-Պարոն կոմիսար, ամեն տարի Դուք լրացում եք կատարում օրենքում և ավելի մեծ թվով դասալիքների եք հնարավորություն տալիս գումար վճարելու միջոցով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Արդյոք այս ներողամտությունը կանաչ լույս չի՞ վառում զինվորական պարտքը կատարելուց խուսափող զինակոչիկների ճանապարհին։
-Իմ կարծիքով այս օրենքը շատ մարդասիրական է և շատ անհրաժեշտ։ Խոսքը վերաբերում է երկրաշարժի ժամանակ, Արցախյան պատերազմի տարիներին և հետպատերազմյան ծանր շրջանում երկրից հեռացած ընտանիքների զավակներին։ Քրեական պատասխանատվությունից ազատելը նրանց հայրենիք վերադարձնելու, հայրենիքին կապելու փորձ է։ Ես կարծում եմ՝ դեռևս մի քանի տարի պետք է երկարացնել օրենքի ուժի մեջ լինելու ժամկետը։
Սվետլանա Միրզոյանը, որի որդին ազգային բանակի զինվոր է և մարտական ծառայություն է կատարում, հարցնում է՝ ո՞ւր են գնում ժամկետային զինծառայությունից խուսափած և քրեական պատասխանատվությունից ազատված պատանիների տված գումարները։
-Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է 27 տարին լրացած պատանիներին։ Նրանց տված գումարները նպատակաուղղվում են բանակի սպառազինության արդիականացմանը, զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը և երկրի անվտանգության ամրապնդմանը։
-Պարոն Մուրադյան, մենք ստացել ենք բազմաթիվ նամակներ, որոնցում ընթերցողները դժգոհում են այլընտրանքային ծառայության ժամկետները նվազեցնող նոր օրենսդրական փոփոխության կապակցությամբ։ Խնդրում եմ պարզաբանել։
-Այլընտրանքային ծառայության ժամկետները, իրոք, կրճատվել են։ Այլընտրանքային զինվորական ծառայություն կատարող անձանց համար 36-ից դառնալով 30 ամիս, այլընտրանքային աշխատանքային ծառայություն կատարող անձանց համար 40-ից դառնալով 36 ամիս։ Եթե ուզում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ես հավանություն չեմ տալիս այս օրենսդրական փոփոխությանը։ Այլընտրանքային ծառայության իրավունք ունեն այն կրոնական խմբերի ներկայացուցիչները, որոնց «խիղճը» թույլ չի տալիս զինվորական ծառայություն կատարել՝ պաշտպանել հայրենիքը։
-Իմ կարծիքով՝ տրամաբանությունը հուշում է, որ օրենքը պիտի խստացվեր, ոչ թե մեղմվեր։ Արդյոք, այս «մարդասիրությունը» պատճառ չի՞ դառնա, որ զինծառայությունից խուսափել ցանկացող որոշ անձինք վկայակոչեն իրենց «խիղճը» և սահմանին կանգնած մարտական ծառայություն կատարելու փոխարեն այլընտրանքային ծառայություն կատարեն։
-Անկասկած այդ մտահոգությունը կա։ Եթե անցյալ զորակոչին գոնե մեկ «այլընտրանքային» չունեինք, ապա այս զորակոչին արդեն 71 հայ պատանու «խիղճը» թույլ չի տալիս զենքով պաշտպանել հայրենիքը։ Ընդ որում, նրանց մեծ մասը սկզբում չէր ասել, որ կա հակասություն իր կրոնական համոզմունքների և հայրենիքը պաշտպանելու օրենքով սահմանված պարտքի միջև, սակայն երբ հանրապետական բժշկական հանձնաժողովը նրանց ճանաչեց պիտանի զինծառայության համար, նրանք հիշեցին իրենց կրոնական համոզմունքների մասին…
Ավելացնեմ, որ օրենքը ընդունվել է մարդու իրավունքների եվրաչափանիշների թելադրանքով։
-Ի՞նչ է նշանակում այլընտրանքային աշխատանք, ինչո՞վ են զբաղվում զինվորական ծառայությունից ազատված աղանդավորները։
-Գիտեք, ձևակերպումը ճիշտ չէ, նրանք ոչ թե ազատվել են զինվորական ծառայությունից, այլ կատարում են այլընտրանքային ծառայություն… աշխատում են ծերանոցներում, հոգեբուժարաններում, խնամում են հիվանդներին, ծերերին… Ըստ օրենքի՝ այլընտրանքը չպետք է նսեմացնի նրանց արժանապատվությունը և չպիտի դիտվի որպես պատիժ։
-Ի՜նչ ամոթ հայ տղամարդու համար…
-Համաձայն եմ։
-Պարոն Մուրադյան, մենք, չգիտես ինչու, տարիներ շարունակ լռել ենք, այսպես կոչված, սեռական փոքրամասնությունների մասին։ Ես գիտեմ, որ նրանք ազատվում են զինծառայությունից և քրեական պատասխանատվության չեն ենթարկվում։ Արդյոք դա ճի՞շտ մոտեցում է։
-Սեռական փոքրամասնությունների մի մասը ունի անձի խանգարում և հոգեկան այլ շեղումներ, ուստի չի կարող համալրել բանակի շարքերը։ Նրանց տրվում է տարկետում, և ուղարկվում են բուժման։
-Ուզում եմ ներկայացնել մի մասնավոր դիմում։ Մագիստրատուրայի ուսանող, զոհված ազատամարտիկի զավակ Գոռ Անիբարյանը սովորում է մագիստրատուրայում, սակայն նրան զինկոմիսարիատից զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր են ուղարկել։
– Տարկետման իրավունքից օգտվողների ցուցակը կազմում են բուհերում՝ կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուստի խնդիրը քննարկելու համար զինակոչիկը պետք է դիմի բուհի ղեկավարությանը կամ կրթության ու գիտության նախարարությանը։ Ես ուզում եմ օգտագործել պատեհ առիթը և մեկ անգամ ևս հիշեցնել մեր հայրենակիցներին, որ զինկոմիսարիատները չեն որոշում՝ ում տարկետում շնորհել, ում՝ ոչ։
-Պարոն Մուրադյան, Ձեր աղջիկները աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով, մի՞շտ է այդպես եղել, թե՞ հանրապետության զինվորական կոմիսարի կերպարն եք բարձրացնում։
-Միշտ է այդպես եղել։ Պիտի խնդրեմ, որ ինձ հետ զրուցելիս հիշեք. ես պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ եմ տարել մարտի, այնուհետև տարբեր գնդերի հրամանատար եմ եղել… Իմ կերպարը միշտ էլ կարևոր է եղել ինձ համար։
-Ձեր իրականացրած կադրային փոփոխությունները երբեմն քննարկման նյութ են դառնում համացանցում։
-Ես ազատվում եմ այն կադրերից, որոնք արգելակում են կառույցի առաջընթացը։ Մեծ ուշադրություն չեմ դարձնում ասեկոսեներին,ես շատ զբաղված եմ բամբասանքներին ժամանակ նվիրելու համար։
-Շնորհակալություն համակողմանի և անկեղծ պատասխանների համար։
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր