ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 27-ին կազմակերպել էր մի շարք լրատվամիջոցների այլցելությունը Վազգեն Սարգսյանի անվան զորամաս: Մինչ շրջայցը, նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներն ու լրագրողները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրուն, այնուհետեւ նախարարը զորամասի հրամանատարությանը ներկայացրեց լրագրողներին՝ շեշտելով, որ լրատվամիջոցները յուրօրինակ կամուրջ են զինված ուժերի եւ հասարակության միջեւ:
Այցի մասնակիցները ծանոթացան զինվորական տեխնիկային: Ուսումնական կետի ղեկավարը ներկայացրեց Դ-30 հաուբիցի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը եւ մարտավարական բնութագիրը: Այն նախատեսված է հակառակորդի կրակային և կենդանի ուժի ճնշման ու ոչնչացման, ականապատ դաշտերում եւ լարափակված տեղերում անցումներ բացելու, ամրաշինական կառույցների ոչնչացման համար, ինչպես նաեւ կիրառվում է հակառակորդի տանկերի ու զրահապատ մեքենաների դեմ: Ցուցադրական ելույթից գոհ էին եւ նախարարը, եւ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«9K310 համալիրը նախատեսված է գազատուրբինավոր եւ մխոցավոր ինքնաթիռները, ինչպես նաեւ ուղղաթիռները հանդիպակաց եւ հասանելի կուրսերում, բնական եւ արհեստական ջերմային պայմաններում ոչնչացնելու համար, եթե նշանակետը տեսանելի է աչքով»,-պարզաբանեց ուսումնական կետի ղեկավարը: Սեյրան Օհանյանը ուշադիր լսեց, այնուհետեւ լրացուցիչ հարցերի միջոցով փորձեց պարզել, թե որքան խորն են զինծառայողի գիտելիքները:
Լեյտենանտ Երանոս Ալեքսանյանը ընդգծեց, որ զինված ուժերն անհնարին է պատկերացնել առանց կապի միջոցների. «Կապը բանակի արյունատար համակարգն է»:
Պարենային ծառայության պետ, կապիտան Համլետ Սահակյանն էլ ներկայացրեց սննդի տեսականին եւ շեշտեց, որ ամբողջը տեղական է. «Մեր զինվորը միշտ կուշտ է»: Սեյրան Օհանյանը տեղեկացրեց՝ հունվարի 1-ից մեկ զինծառայողին կտրվի 150 գրամ միս` նախկին 140-ի փոխարեն:
Ցուցադրված էին նաեւ բուժօգնության միջոցները: Նախարարը նշեց, որ ռետինե լարանը պատերազմի ժամանակ մեծ կիրառություն ուներ և օգտագործում էին հրազենային վնասվածքներից առաջացած արյունահոսությունը դադարեցնելու համար: Արցախյան պատերազմի ժամանակ ազատամարտիկները սովորություն ունեին ռետինե լարանը կապելու զենքի խզակոթին, սակայն, ինչպես նշեց բուժծառայության կապիտան Տիգրան Ասլանյանը, դա սխալ է, քանի որ, երկար ժամանակ ձգված մնալով, այն կորցնում է իր առանձնահատկությունը եւ դառնում անպիտան:
Լրագրողները ծանոթացան զորամասի բուժկետի պայմաններին: Նման պայմանների մասին կերազեին անգամ մայրաքաղաքի որոշ բուժհիմնարկներ:
Մայոր Աղաջանյանը նշեց, որ հետախուզական վաշտում ծառայում են համարձակ, ֆիզիկապես պատրաստված, ձեռնամարտի հնարքներին տիրապետող զինվորներ:
Լրագրողներին ներկայացրին տանկերի տեխնիկական հնարավորությունները: Տ-72 տանկը կշռում է 43 տոննա, նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկան եւ կենդանի ուժը ոչնչացնելու համար:
Փոխգնդապետ Պետրոսյանը նշեց, որ հսկա տանկը վարում են 50 կգ քաշ ունեցող տղաները. «Տանկի անձնակազմը բաղկացած է երեք հոգուց, նրանք պետք է լինեն փոքրամարմին եւ կարճահասակ, որպեսզի հեշտությամբ կառավարեն այն»:
Տանկերի փողերին պատկերված աստղերը հուշում են, որ տվյալ տանկը Արցախում ծավալված մարտերի մասնակից է եւ խոցել է որոշակի քանակի տանկ, հետեւակի մարտական մեքենա եւ ավտոտեխնիկա: Նախարար Օհանյանը նշեց, որ տանկերից շատերը հերոսական անցյալ ունեն, ինչը ոգեւորում է երիտասարդ զինծառայողներին:
Զորամասի հրաձգարանում կրակեցին նաեւ լրագրողները: Լավագույն արդյունքներ արձանագրածները պարգեւատրվեցին նախարարի կողմից:
Առաջնագիծ: Լուսանկարում Արա Սենեքերիմյանն է: Նա պայմանագրային զինծառայող է, մեկ տարուց ավելի դիրքում է եւ հսկում է Երեւանի սահմանադուռը: Պաշտպանության նախարարը նշեց, որ այս դիրքը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.` հեղինակի և Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝
#48 (1015) 5.12.2013 – 11.12.2013,
Բանակ և հասարակություն