Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 27-ին այցելեց հարավարեւմտյան սահամանագոտում տեղակայված զորամաս: Նախարարին ուղեկցում էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Առաջնագծում վրանի մեջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԿԸՆՏՐՎԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ

Նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց ԶՈՒ բարեփոխումները եւ նշեց, որ իրականացված տարբեր մարզումների եւ զորավարժությունների շնորհիվ բարձրացել է մեր զորքերի մարտական պատրաստականության մակարդակը, լուրջ ձեռքբերումներ կան կարգապահության ամրապնդման ոլորտում, հնարվորինս կատարելագործվել են դիտակետերն ու խրամուղիները, ինչը թույլ է տալիս, որ զինվորը կարողանա հանգիստ դիտարկում անցկացնել եւ հարկ եղած դեպքում էլ արձագանքել հակառակորդի ցանկացած խախտման. «Մեր հարեւանները պիտի լավ մտածեն՝ արժե՞ արդյոք սադրանքների դիմել, որովհետեւ ինժեներական կառույցները կանխարգելում են դասական ոճով մարտական գործողությունների վարումը մեր տարածաշրջանում»: Այժմ մեր երկրի զինված ուժերը պատրաստվում են ձմռանը, նախարարը շեշտեց՝ ձմեռը վստահորեն ենք դիմավորելու:

Լրագրողները խնդրեցին հրապարակել տարվա ընթացքում բանակում գրանցված դժբախտ պատահարների, ինքնասպանությունների և հակառակորդի գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողերի թիվը։ «Տարեկան ամփոփում մենք դեռ կանենք, սակայն կարող եմ ասել, որ 2011-ը ՀՀ ԶՈՒ համար եղել է լավագույնը, քանի որ այդ տարի մենք արձանագրել ենք ամենաքիչ կորուստները, 2012-ին պահեցինք այդ ցուցանիշը, իսկ այս տարի 30 տոկոսով բարելավել ենք 2012-ի ցուցանիշները: Թվային պատկեր այսօր ներկայացնել չեմ կարող, բայց կասեմ, որ արդյունքները գոհացնող չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ առկա է անգամ մեկ զինվորի կորուստ»,- կարևորեց նախարարը՝ նշելով, որ դաստիարակչական աշխատանքները ԶՈՒ առօրյայում ամենակարեւորն են, եւ սպայական կազմն ամեն ինչ անում է արտակարգ պատահարների կանխարգելման համար:

Կորուստների թեման շարունակելով՝ նախարարն անդրադարձավ նաեւ Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքին եւ պատասխանեց «արդյո՞ք հետեւողական է» հարցին, ինչպեսև խոստացել էր զոհված զինվորի ծնողներին. «Մենք համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում, իրավապահների քննությանը զուգահեռ տարվում է նաեւ ծառայողական քննություն: Փորձում ենք բացահայտել նաեւ մեր թերությունները: Ես խոսք եմ տալիս, որ բոլոր մեղավորները պատժվելու են»:

Ուշադրության կենտրոնում էր նաեւ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու հարցը: Նախարարի խոսքով` հայկական կողմն անում է հնարավոր ամեն ինչ, սակայն մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են Ադրբեջանի հետ ուղղակի շփումների բացակայության պատճառով: Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, շեշտել է պաշտպանության նախարարը եւ հիշեցրել, որ նախկինում նույնպես մոլորված եւ գերության մեջ հայտնված ոչ մի զինվոր քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

♦♦♦

Դեկտեմբերի 2-ին կմեկնարկի ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը՝ ձմեռային զորակոչը: Նախարարը շեշտեց` այն կլինի վիճակահանությամբ. «Սա հնարավորություն կտա ապահովելու զորակոչի արդար իրականացումը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը եւ բարձրացնելու վստահությունը գործընթացի նկատմամբ»: Նախարարը նաեւ խոսեց զորակոչային տարիքի մասին. «Ես համարում եմ, որ 18-ամյա պատանին պատրաստ է ծառայելու հայրենիքին: Ես ծառայում եմ 17 տարեկանից»: Ս.Օհանյանն ընդգծեց, որ պարզապես պետք է բարոյապես նախապատրաստել զինակոչիկներին:

2014 թվականի ընթացքում ոչ միայն ԶՈՒ, այլեւ պաշտպանական գերատեսչության ղեկավարի համար ուղղորդիչ է լինելու «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով. միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» կարգախոսը: «Հետաքրքրական մի օրինաչափություն կա: Հայաստանի քաղաքացին որևէ այլ երկրում դառնում է շատ օրինապահ: Չենք կարող պետության մեջ պետություն լինել, բայց կարող ենք յուրահատուկ ամրոց լինել եւ լոկոմոտիվի դեր ստանձնել՝ պայքարելով արատավոր երեւույթների դեմ»,-ասաց նախարարը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ Ի ԶՈՐՈՒ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ՀԱՊԿ-ը եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պարտավորված կլինե՞ն միջամտելու»,- հարցրեց լրագրողը:

«ՀՀ զինված ուժերը Արցախի անվտանգության երաշխավորն են: Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հետ միասին ի զորու են ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը: Զինված ուժերն ի վիճակի են դիմագրավելու եւ ավելին՝ նախահարձակ լինելու: Եթե ոտնձգություն լինի, ապա Հայաստանի հետ համագործակցող ռուսական 102-րդ ռազմաբազան, կարծում եմ, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ հետ միասին կապահովի Հայաստանի անվտանգությունը»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հունիսին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի ընձեռած նոր հնարավորություններին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ այսուհետ կընդլայնվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման մեր կարողությունները, ինչպես նաեւ կզարգանա ռազմական արդյունաբերությունը. տեղական կազմակերպություններն այդ համաձայնագրի շնորհիվ հնարավորություն կունենան ուղղակի կապ հաստատելու ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ եւ իրականացնելու գործարքներ, իհարկե՝ պաշտպանության նախարարության համաձայնությամբ. «Մեր նպատակը մեկն է` ապահովել զինված ուժերը հատուկ նշանակության հեռահար ճշգրիտ սպառազինությամբ, որն ի զորու կլինի կանխարգելելու մարտական գործողությունները»:

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի կողմից զինտեխնիկայի շարունակվող մատակարարումներն Ադրբեջանին: Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր ՀՀ համապատասխան միջոցառումներ է իրականացնում հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ. «ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության համատեղ աշխատանքների արդյունքը մոտ ժամանակներս ակնհայտ կլինի: Այն միջոցները, որոնք հատկացվելու են Հայաստանին եւ 102-րդ ռազմական բազային, համարժեք կլինեն մեր հարևանների ունեցած միջոցներին»:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» օդանավակայանին կից ռուսական ռազմաբազային հողատարածքներ տրամադրելուն, նախարարը տեղեկացրեց, որ ապագայում ռազմաբազային տրամադրվելիք տարածքների ավելացում չի լինելու. «Պարզապես նոր օդուժի ստորաբաժանում է ստեղծվելու, որի համար զինված ուժերի «Էրեբունի» օդանավակայանի տարածքին կից հողատարածքներից տրամադրելու ենք ռազմաբազային: Օդանավակայանը օգտագործելու ենք համատեղ, քանի որ այն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: 102-րդ ռազմական բազան վերջին տարիների ընթացքում ձեւափոխվել է, օպտիմալացվել եւ այսօր լիարժեք իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները, իսկ անհրաժեշտության դեպքում կիրականացնի նաև նյութատեխնիկական համալրում: Ռազմաբազան համարվում է ՌԴ Հարավային օկրուգի զորամասերից մեկը, մարտական գործողությունների ժամանակ այն համալրվելու եւ աջակցություն է ստանալու Հարավային օկրուգից»,-եզրափակեց նախարարը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.` Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Բանակ և հասարակություն


05/12/2013