Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2. ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Սկիզբը` նախորդ համարում

ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉՈՐՐՈՐԴ. ՆԵՐՔԱՇՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Միջազգային հարցերով ռուսական խորհուրդը (որի ղեկավարը ՌԴ նախկին արտգործնախարար Իգոր Իվանովն է) այս տարվա հոկտեմբերի 22-ին հրապարակեց իր փորձագետ Վալերի Ալեքսեևի «Հնարավո՞ր է պատերազմ Ամերիկայի դեմ» վերլուծությունը: Հեղինակն արձանագրում է, որ վերջին 20 տարիներին հակասություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելանում են:

Ըստ նրա` հակասությունները սկսել են սրվել դեռ 1994 թ.-ից, երբ Վաշինգտոնը հասկացավ, որ Ռուսաստանին զինաթափել չի հաջողվի: Իսկ 2007 թ. փետրվարի 10-ին Մյունխենում ՌԴ նախագահ Վ.Պուտինը հայտարարեց, որ Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերին Ռուսաստանը կարող է նաև ռազմական հակազդեցությամբ պատասխանել: Հեղինակը հիշեցնում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տարածքային վեճեր ունեն Խաղաղ օվկիանոսում. Բերինգի և Չուկոտյան ծովերի սահմանները, Օխոտի ծովի կարգավիճակի հարցը (ԱՄՆ-ը այն չի ճանաչում որպես Ռուսաստանի ներքին ծով), Հյուսիսային ծովային ուղու կարգավիճակի հարցը (ԱՄՆ-ը դա էլ չի ճանաչում որպես Ռուսաստանի ներքին հաղորդակցության ուղի), երկու տերությունների հավակնությունները Դե Լոնգի կղզախմբի նկատմամբ: Գլխավոր հակասություններից մեկը կապված է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ընդլայնման հետ, որին կտրուկ դեմ է Ռուսաստանը: Մյուսը Ռուսաստանի ինտեգրումն է (Եվրասիական միության ստեղծումը) հարևան երկրների հետ, որին դեմ է ԱՄՆ-ը (այդ ծրագրին ամեն կերպ խոչընդոտելը ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակա ուղղություն էր հռչակել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը):

Հակասությունների սրման հետևանքով կարող է գալ մի պահ, երբ ԱՄՆ-ը շահագրգռված կլինի Ռուսաստանին վերջինիս սահմանների մոտ զինված հակամարտության մեջ ներքաշելով և Ռուսաստանի պարտությամբ (Վ.Ալեքսեևը դրա փորձարկում է համարում 2008 թ. օգոստոսի վրաց-ռուսական հնգօրյա պատերազմը, որում, նրա խոսքով, «փաստացի ներգրավված էր ԱՄՆ-ը»):

Այդպիսի հակամարտության իբրեւ առավել հավանական տարբերակ` հեղինակը դիտարկել է ռուս-ճապոնական պատերազմը, որի ընթացքում Ռուսաստանը վրեժխնդիր է լինում 1904-1905 թթ. պատերազմում կրած պարտության համար: Այլ փորձագետների կարծիքով, նման սցենարը անհավանական է: Ըստ իս` առավել իրատեսական է Ռուսաստանին Կենտրոնական Ասիայում (մասնավորապես, Տաջիկստանում) զինված հակամարտության մեջ ներքաշելու տարբերակը` պայմանավորելով այն Աֆղանստանից միջազգային ուժերի դուրսբերումից հետո հավանական անկայուն իրավիճակով:

Ռուսաստանին անհանգստացնում է նաև Կասպից ծովում (այսինքն` ծովափնյա պետություններից մեկում` Ադրբեջանում, Ղազախստանում կամ Թուրքմենստանում) ԱՄՆ-ի ռազմական ներկայության հեռանկարը: Ռուս քաղաքական վերլուծաբանները ակտիվորեն քննարկում են նշված երկրներից մեկում ամերիկյան ռազմակայանի ստեղծման հնարավորությունը: Կասպիական բոլոր 5 պետություններն էլ ռազմուժ են կենտրոնացնում այդ ծովում, ուստի այն տեսականորեն կարող է վերածվել զինված հակամարտության օջախի, որում կարող է ներքաշվել Ռուսաստանը:

Սկզբունքորեն այդպիսի օջախ է նաև Լեռնային Ղարաբաղը. մեծ է հավանականությունը, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում դրան կմիջամտեն նաև երրորդ երկրները` Ռուսաստանը, Թուրքիան և, որոշ հանգամանքների դեպքում, նաև Իրանը: Ուստի դա կանխելու, ինչպես նաև դրան պատրաստ լինելու նպատակով Ռուսաստանը պետք է հզորացնի և՛ Հայաստանի իր ռազմակայանը, և՛ Հայաստանը:

Այժմ տեսնենք, թե ի՞նչ գործոններ կարող են խանգարել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված վերոնշյալ սպառնալիքների չեզոքացմանը:

ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Առաջին. ԱՄՆ կառավարության սնանկ ճանաչվելը («դեֆոլտ»), որը կարող էր տեղի ունենալ դեռ այս տարվա հոկտեմբերի 17-ին: Սակայն այդ պահը հետաձգվեց. ընդունվեց փաստաթուղթ, որի համաձայն ավելացվում է ԱՄՆ պետական պարտքի առավելագույն շեմը: ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը վերսկսվեց և կշարունակվի մինչև 2014 թ. հունվարի 15-ը, իսկ ֆինանսների նախարարությունը կարող է փոխառություններ իրականացնել մինչև փետրվարի 7-ը: Այդ ժամանակ Միացյալ Նահանգները դարձյալ կհայտնվեն սնանկ ճանաչվելու եզրին: Բնականաբար, ԱՄՆ կառավարության սնանկ ճանաչվելը բացասական հետևանքներ կունենա ոչ միայն ԱՄՆ, այլև ամբողջ աշխարհի տնտեսության վրա:

Երկրորդ. Եվրագոտու քայքայում, Եվրամիության փլուզում: Այս հեռանկարը չեն բացառել Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի (որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը կից կառույց է) վերլուծաբանները` հոկտեմբերի 31-ին Միջազգային հարցերով ռուսական խորհրդին ներկայացրած` «Ռուս-գերմանական հարաբերությունները 2030 թ.` չորս սցենար» վերլուծություն-կանխատեսման մեջ: Ֆինանսների հարցերով եվրակոմիսար Օլլին Ռենի` վերջերս ներկայացրած տվյալների համաձայն` Եվրամիության տնտեսությունն այս տարի ևս լճացման վիճակում է եղել (տնտեսական աճը տարեվերջին կկազմի ընդամենը 0.4%): 2014 և 2015 թթ. կանխատեսվում է համապատասխանաբար 1.1% և 1.7% տնտեսական աճ: Փորձագետները նույնիսկ այդ դանդաղ աճի վերաբերյալ լավատեսությունը համարում են չափազանցված, քանի որ տնտեսական ճգնաժամի հետևանքով Եվրամիության երկրների պետական պարտքն ավելացել է և կազմում է ԵՄ համախառն ներքին արդյունքի 90%-ը, իսկ Եվրագոտու երկրներինը` ՀՆԱ-ի 96%-ը:

Երրորդ. Ռուսաստանի ներքին խնդիրները: Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ` Ռուսաստանի տնտեսությունը մոտեցել է իր հնարավորությունների սահմանին: Ընթացիկ պրոբլեմները ոչ թե ֆինանսական են, այլ կառուցվածքային: Նոյեմբերի 7-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացրեց առաջիկա 3 տարում Ռուսաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ կանխատեսումները, ինչպես նաև մինչև 2030 թ. զարգացման միտումները: Ըստ նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի` առաջիկա 17 տարիներին Ռուսաստանի ՀՆԱ աճի միջին տեմպը չի գերազանցի 2.5%-ը` նախկինում ծրագրվող 4%-ի փոխարեն (2013-ի նախավերջին եռամսյայի ընթացքում աճը կազմել է ընդամենը 1.2%): Ընդ որում, արդյունաբերության մեջ ներդրումները չեն աճել: 2013 թ. 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից «փախչող կապիտալը» կազմել է 48.2 մլրդ դոլար: Գործազրկության մակարդակը 5% է: Ռուսաստանում կա 40 մլն թոշակառու: Կանխատեսվում է, որ 2020-ական թթ. սկզբին Ռուսաստանը կսկսի ավելի շատ ապրանք ներմուծել, քան արտահանել, և այս միտումը կպահպանվի մինչև 2030 թ.: Տնտեսության աճի միջին տեմպը համաշխարհային միջին ցուցանիշից փոքր կլինի: Կաճի գործազրկության մակարդակը, կսրվի գույքային անհավասարությունը, կենսաթոշակային և սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագիրը չի հաջողվի ավարտին հասցնել: Այս ամենը բացասաբար կազդի Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:

Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարությանը շարունակում են մտահոգել առանձին մարզերում (Թաթարստան, Չեչնիա, Հյուսիսային Օսիա, Կարաչաևա-Չերքեզիա, Դաղստան) անջատականության տրամադրությունները: 2011-2012 թթ. Ռուսաստանում քաղաքական ճգնաժամի հետևանքով կենտրոնական իշխանությունը որոշակիորեն թուլացավ, և Կրեմլը զիջում արեց մարզերին` վերստին արտոնելով մարզերի բնակիչների կողմից մարզերի ղեկավարների ընտրությունը քվեարկության միջոցով. տեղական իշխանությունները դարձան ավելի ինքնուրույն: Մի քանի ամիս առաջ Մոսկվայում (Բիրյուլևոյում) ազգային հողի վրա բախումները վերլուծաբաններին հիմք տվեցին քննության առնելու նաև Ռուսաստան ներգաղթածների և տեղի բնակիչների միջև ապագա հակամարտության սցենարը: Վերլուծաբանների կարծիքով, որոշակի հանգամանքների դեպքում Ռուսաստանի Դաշնության տրոհման սպառնալիքը կարող է իրական դառնալ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԵՌՆԿԱՐԸ

Ակնհայտ է, որ վերոնշյալ գործոնների ազդեցության մեծացման դեպքում Հայաստանի անվտանգության նոր սպառնալիքներ են ի հայտ գալու: Արտաքին թշնամիները փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից: Ահա թե ինչու Հայաստանում ռուսական ռազմակայանի և ՀՀ զինված ուժերի հզորացումը պետք է դիտել նաև որպես պաշտպանություն հնարավոր համապարփակ քաղաքական ու տնտեսական անբարենպաստ զարգացումների բացասական հետևանքներից:

Ակնհայտ է նաև, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի կայունությամբ, տնտեսական աճով, աշխարհաքաղաքական զարգացումներում Ռուսաստանի դերի մեծացմամբ: Նման միտում արդեն իսկ նկատելի է. Ռուսաստանը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Սիրիայի քիմիական զենքի հետ կապված քաղաքական կնճիռը հարթելիս, ակտիվ դեր խաղաց Իրանի «միջուկային գործի» կարգավորման հարցում (թեպետ, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Ժնևում նոյեմբերի 24-ին, մի կողմից Իրանի և մյուս կողմից ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների ու Գերմանիայի միջև համաձայնության կնքման համար հող էին նախապատրաստել ամերիկա-իրանական գաղտնի բանակցությունները): Քաղաքական փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը դարձել է Մերձավոր Արևելքի «ամենաազդեցիկ դերակատարը», մանավանդ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացման ֆոնին (Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքով, հարաբերությունների այդ վատացումը Իսրայելին ստիպում է նոր գործընկերներ փնտրել):

Ֆ.Էբերտի անվան հիմնադրամի` վերոնշյալ գերմանացի փորձագետներն իրենց ռուսաստանցի գործընկերների հետ մշակել են ապագայի սցենար, ըստ որի 2030 թ. Ռուսաստանին հաջողվել է կառուցել Եվրասիական Միությունը և ԱՊՀ տարածքում վերականգնել իր ռազմաքաղաքական ու տնտեսական հեգեմոնությունը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը «հեռացել է» Եվրոպայից և ավելի շատ «հետաքրքրվում է» Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, իսկ Գերմանիան վերածվել է Եվրամիության «միջուկի» կամ գլխավոր դերակատարի: (Ըստ այս սցենարի` Ռուսաստանն անվտանգության հարցերով համագործակցությունն ընդլայնել է Թուրքիայի հետ):

Ռուսաստանի հզորացման պարագայում Հայաստանին կարող է մտահոգել միայն մի հարց. եթե Ադրբեջանն ապագայում նույնպես անդամակցի Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը, և եթե Թուրքիան անվտանգության հարցերում դառնա Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը, արդյո՞ք այս կամ այն մոտավորությամբ չի կրկնվի 1921 թվականի իրավիճակը, երբ Ստալինի միանձնյա որոշմամբ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում: Այս հարցին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում:

(Շարունակելի)

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ռազմաքաղաքական


12/12/2013