Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞ՒՐ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ



Ո՞ւր են տղաները,

Որոնց թեժ կրծքի տակ

Լավայում էր սերը,

Կարոտն` հայրենի տան…

Նրանք նվիրումով մարտի ելան,

Օրհնանքով հայրենի

Հավատով` Մայր լեռան…

Ո՞ւր են տղաները`

Ազնիվ,

Արդարամիտ,

Թշնամու դեմ կանգնած

Աներեր,

Աննկուն.

Վայելչության բոլոր

Հմայքները թողած,

Պսակվեցին զենքին,

Զենքը` նրանց:

Ո՞ւր են տղաները, ո՞ւր գնացին,

Նրանց արծվենի հայացքի տակ,

Նրանց առյուծային սրտի բաբախյունը

Հայ մանկանց մայրական սուրբ կաթի հետ

Ամրացներ պիտի ոսկորները մանկանց,

Ո՞ւր են նրանք…

Շնագայլերն ահա աչալուրջ եւ ուշիմ

Ոստնում են առյուծի գահը նվիրական,

Ախ, ի՞նչ եղան, ո՞ւր են առյուծներս…

Արդյոք լսող չկա աղոթքը մայր լեռան,

Գետերս ինձ լքած, ախ, էս ո՞ւր են փախչում,

Աղունիկներն հայոց ո՞ւր են լքում բույնը.

Ծիծաղում է վրաս օտար մի քած,

Թե` բոլորն էլ ունեն հիմա թքած…

Ո՞ւր են տղաները…

Թռիչքներին նրանց այնպես է կարոտել

Գագաթը մայր լեռան,

Ի՞նչ պատասխան հիմա

Ես տամ նրան…

Ո՞ւր են տղաները:

ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Հոգևոր-մշակութային


12/12/2013