Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆՆ ԱՄՈՒՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՄԻԱՍԻՆ



ՀՀ պետական սահմանի պահպանությունն առանձնահատուկ է, քանի որ պահպանվում է երեք տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից: Պետական սահմանը ձգվում է 1728 կմ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հրամանատարությամբ գործող սահմանապահ զորքերն իրենց մարտա-ծառայողական գործունեությունն իրականացնում են պետական սահմանի 400 կմ հատվածում: 21 տարի է, ինչ ՀՀ սահմանապահ զորքերը գոյություն ունեն եւ, ապահովված լինելով որակյալ կադրերով, արդեն գործում են մասնագիտական հիմքի վրա:

Մենք եղանք ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակառույց համալիրում, շրջայց կատարեցինք, ծանոթացանք համալիրի շենքային պայմաններին: Այստեղ ուշադրության արժանի է 2000 թվականին ներդրված եւ տարածաշրջանում միակը համարվող սահմանապահ զորքերի ազդանշանային համակարգերի կենտրոնը, որը, ինչպես նշեց Սահմանապահ զորքերի սահմանապահ ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Գագիկ Թեւոսյանը, թույլ է տալիս հետեւելու Հայաստանի պետական սահմաններից դեպի կենտրոնակայան ուղղորդված ազդանշաններին. «Համապատասխան մի քանի մոնիտորների վրա արտապատկերվում են սահմանների խախտման դեպքերը»:

«Այս տարիների ընթացքում սահմանապահ զորքերի անձնակազմը մասնագիտացման տեսանկյունից հասել է լավագույն արդյունքների»,- վստահեցնում է Սահմանապահ զորքերի սահմանապահ ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Գագիկ Թեւոսյանը: Նրա խոսքով կրտսեր սպայական կազմի գերակշիռ մասն ունի բարձրագույն ռազմական կրթություն, ավագ սպայական կազմը՝ ակադեմիական կրթություն, շարքային ու սերժանտական կազմի կրթության գործընթացն իրականացնում է ՍԶ ուսումնական կենտրոնը, որը պետական սահմանի պահպանության համակարգը համալրում է որակյալ կադրերով:

ՍԶ ուսումնական կենտրոնը

ՍԶ ուսումնական կենտրոնում համատեղ կազմակերպված ուսումնական գործընթացի շրջանակներում իրենց մասնագիտական հմտություններն են կատարելագործում ռուս եւ հայ սահմանապահները:

Համակարգչային ուսումնական լսարանում սահմանային վերահսկողության ստորաբաժանման անձնակազմը հատուկ մշակված ծրագրերի միջոցով ուսումնասիրում է հսկիչ անցագրային կետերի գործունեության նրբությունները, սովորում են, օրինակ՝ ինչպես տարբերել կեղծ անձնագիրը իրականից եւ այլն:

Մակետների վրա պատկերված են Հայաստանի սահմանները, որոնք պատրաստել եւ սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնին է տրամադրել ՀՀ ՊՆ-ը: Պայմանագրային ծառայողները լսարանում ուսումնասիրում են հետագա ծառայության վայրը:

Սահմանապահները հանդիսությամբ են նշում ՀՀ պետական տոները: Բարձր տրամադրությունն ապահովում է Սահմանապահ զորքերի նվագախումբը, որի անձնակազմը համալրված է Երեւանի կոնսերվատորիան ավարտած երաժիշտներով:

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության համալիրում նաեւ առանձին շնաբուծարան կա: «Այստեղ հատուկ վարժեցնողների վերահսկողությամբ ազնվացեղ շներ են բուծվում՝ հետագայում Հայաստանի պետական սահմաններ ուղարկվելու եւ ուղեկալներում հետախուզա-որոնողական աշխատանքներ իրականացնելու համար»,- տեղեկացրեց շնաբուծարանի պետ, փոխգնդապետ Ազատ Մկրտչյանը։

Կենտրոնը գործում է 2010 թ.։ «Բելառուսում չորս ամիս վերապատրաստում անցնելուց հետո շներին վարժեցնելու թույլտվություն ենք ստացել, գնել ենք 10 շուն՝ հիմնականում գերմանական եւ բելգիական հովվաշներ եւ սկսել մեր գործունեությունը: Համապատասխան տարիքի եւ վարժանքների մակարդակի հասնելուց հետո շներն ուղարկվում են սահմանային ուղեկալներ՝ սահմանապահներին օգնելու»,-նշեց շնաբուծարանի պետը։ Սահմանում ծառայում է 21 շուն:

Շների համար նախատեսված բժշկական կենտրոնը բացառիկ է տարածաշրջանում, այստեղ տեղադրված է Կովկասում միակը համարվող` շների համար նախատեսված ռենտգեն սարքը: Շներն այստեղ բժիշկների խիստ վերահսկողության տակ են: Բժիշկ-անասնաբույժ Եվգենյա Կուրբանյանը մեր այցելության պահին կատարում էր Մուսսոն անունով շան ականջների մեխանիկական մաքրում:

Վերջերս Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիա-սպորտային միությունը Երևանում կազմակերպեց շների պաշտպանապահակային, հետախուզական և որոնողա-փրկարարական աշխատանքների մրցույթ, որին մասնակցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, սահմանապահ զորքերի եւ այլ կառույցների ծառայողական, ինչպես նաեւ անհատ քաղաքացիների շներ: Մրցույթի արդյունքներով սահմանապահ զորքերի շները զբաղեցրին առաջին տեղը:

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ազգային բանակ


12/12/2013