ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ
Հաճախ ենք կարդում կամ լսում` հայ խաղաղապահների զորախումբը հերթական անգամ մեկնեց աշխարհի այս կամ այն երկիր` խաղաղության հաստատման, պահպանման, մարդասիրական առաքելություն իրականացնելու: Իմ նյութի հերոսը` գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադի վաշտերից մեկի հրամանատար, կապիտան ԱՐՏԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, չորս անգամ մեկնել է խաղաղապահ առաքելության, եղել Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում: Նրան հանդիպեցի զորամասում: Առաջին իսկ հայացքից երիտասարդ սպան հմուտ զինվորականի տպավորություն է թողնում: Ձայնը, խոսքը, կեցվածքը հուշում են` իմ առջեւ իր գործի մասնագետն է՝ ունակ «պարտադրելու» խաղաղություն, պայքարելու անհանդուրժողականության եւ ատելության դեմ: Դեռ փոքրուց Արտակը որոշել էր` պետք է իր գործով օգտակար լինի մարդկանց, ուստի ուզում էր հրշեջ կամ բժիշկ դառնալ…
-Ընտանիքում երեք երեխա էինք` ես եւ երկու քույրերս: Ծնողներս մեզ միշտ ասում էին` բարոյական է այն մարդը, որն ընդունակ է օգնելու դիմացինին, կարեկից ու սրտացավ լինելու այլոց նկատմամբ: Ծնողներիս այս խոսքը մեզ միշտ պարտավորեցնում էր, սովորեցնում պատասխանատվություն կրել կողքինիդ համար: Այս խոսքերը դարձան իմ կյանքի գլխավոր ուղղորդիչը, եւ երբ ավարտեցի դպրոցը, ընտրության առաջ չկանգնեցի, քանի որ վաղուց էի որոշել` բժիշկ եմ դառնալու: Ընդունվեցի բժշկական ինստիտուտ, բուժկանխարգելման ֆակուլտետ: 1992 թվականն էր, 17 տարեկան պատանի էի` տաքարյուն, խանդավառ… Այդ տարիներին ինստիտուտում ստեղծվել էր կամավորական ջոկատ, որում ընդգրկված էին ուսանողներ, նրանք մեկնում էին ռազմաճակատ, օգնում ինչ-ինչ հարցերում: Ես էլ որոշեցի մեկնել տղաների հետ: Առաջին անգամ ռազմաճակատ հասա ոտքով. տղաները լուր էին ուղարկել, որ միանամ իրենց: Պիտի հասնեի Քարվաճառ, բայց փոխադրամիջոց չկար, ուսումնասիրեցի քարտեզը եւ պարզեցի, որ Վարդենիսից Քարվաճառ ընկած ճանապարհը ամենակարճն է: Աշուն էր, եղանակը՝ ոչ բարենպաստ, բայց ամեն կերպ օգտակար լինելու ձգտումս ներքին մեծ խթան էր ինձ համար: Պատահական մեքենայով հասա Վարդենիս, այնտեղից էլ ոտքով մենմենակ եկա Քարվաճառ: Սկզբում կարծեցին` դիվերսանտ եմ, մեկ օր գերու կարգավիճակում էի, այնուհետեւ ամեն ինչ պարզվեց, եւ ես մեծ ոգեւորությամբ լծվեցի գործի… Ինձ զենք չվստահեցին, փոքր էի, անփորձ, բայց պահեստատուփերն էի լիցքավորում, պարկեր, արկղեր էի տեղափոխում եւ այլն: Պարբերաբար մեկնում էի ռազմաճակատ եւ, բացի թիկունքային աշխատանքներ կատարելուց, շփվում էի նաեւ ազատամարտիկների հետ: Նրանց հարուստ ներաշխարհը, ապագայի նկատմամբ լավատեսությունը, խիզախությունն ու առաքինությունը ինձ համար փառահեղ օրինակ էին, նրանց խոսքը, վարքը, նրանց դավանած արժեքներն ու գաղափարները` ինձ հոգեհարազատ: Այդ օրերին իմ ներսում դաստիարակվում էր ապագա զինվորականը: 1995 թ. զորակոչվեցի բանակ, 3-րդ կուրսի ուսանող էի: Ծառայեցի առաջին գծում տեղակայված զորամասերից մեկում: Այդ երկու տարիները կոփեցին ինձ, փորձառություն ձեռք բերեցի, նաեւ զգացի` ինչ է նշանակում ուժերիդ ներածին չափով օգտակար լինել…
2004թ. միջազգային խաղաղապահական գործողություններում առաջին անգամ իր առաքելությունը պիտի ստանձներ հայոց ազգային բանակի խաղաղապահ գումարտակը: Արտակը իմացավ, որ հայ զինվորականների ստորաբաժանում է գործուղվելու Կոսովո: Որոշեց պայմանագրային հիմունքներով ծառայության անցնել խաղաղապահ գումարտակում եւ ընդգրկվել Կոսովո մեկնող ստորաբաժանման կազմում:
-Ընտրությունը խիստ էր, 2004 թ. մարտ ամսին ընդունվեցի ծառայության, իսկ չորս ամիս անց մեկնեցի Կոսովո: Իմ առաջին առաքելությունն էր: Դարձա ջոկի հրամանատար: Յուրաքանչյուր ջոկ ուներ պատասխանատվության մի ոլորտ, վտանգավորության աստիճանը բարձր էր: Ինձ շրջապատում էին արտասահմանցի զինվորականներ, առիթը բաց չէի թողնում եւ հետաքրքրվում էի` ինչպիսին են հունական, ֆրանսիական, ամերիկյան բանակները: Հասկացա` սովորելու շատ բան ունեմ, նախ` գոնե մեկ օտար լեզու: Վերադարձա եւ կարճ ժամանակ անց գործուղվեցի Իրաք: Մեր խնդիրն էր մեքենաներով հումանիտար բեռ տեղափոխել, զինվորականներին կամ բնակիչներին մի տեղից մյուսը հասցնել: Իրաքից վերադարձա եւ մեկնեցի ԱՄՆ` ուսման նպատակով: Այստեղ հնարավորություն ընձեռվեց ուսումնասիրել օտար լեզու, նաեւ հետեւակի սպայի վերապատրաստման դասընթացների մասնակցեցի եւ լրացրի սպայական կրթության բացս:
2010 թ. առաջին անգամ մեկնեցի Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ որպես դասակի հրամանատար: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն էր: Երկրորդ անգամ Աֆղանստան գործուղվեցի 2011թ.: Հինգ հայ խաղաղապահ սպաներ էինք, առաջին անգամ մեզ վստահվեցին հրահանգչի պարտականությունները: Պետք է աֆղանցի սպաներին սովորեցնեինք օգտագործել տեխնիկան եւ պայքարել ահաբեկիչների դեմ: Գերմանացի զինվորականները զարմացած էին, որ մենք այդքան հեշտ կարողանում էինք լեզու գտնել աֆղանցիների հետ. պատճառը այն էր, որ ընդհանրությունները շատ էին, անգամ գործածական բառերն էին հաճախ նույնը: Մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում խումբ ձեւավորել, որը ակտիվ պարապմունքներից հետո մասնակցեց մարտական գործողությունների: Գերմանացի բարձրաստիճան զինվորականները մեր ջանքերը բարձր գնահատեցին:
Չորս առաքելությունները հնարավորություն են տալիս Արտակին համեմատելու հայ եւ օտարազգի զինվորականներին:
-Ես հասկացա, որ մենք` հայերս, մյուսներից տարբերվում ենք փոփոխական իրավիճակներում արագ հարմարվելու եւ լուծումներ գտնելու կարողությամբ: Օրինակ` Իրաքում օգտագործում էինք ամերիկյան տեխնիկա` զրահապատ բեռնատար մեքենաներ: Այդ մեքենաները նախատեսված էին նաեւ գնդացրի համար, բայց միայն՝ ամերիկյան: Մենք` զորախմբի հրամանատարի գլխավորությամբ, տեղում անհրաժեշտ նյութեր հայթայթեցինք, զոդեցինք, ձեւափոխեցինք գնդացիրների համար նախատեսված հատվածը եւ տեղադրեցինք մեր ունեցած «կԽ» գնդացիրները: Բազմազգ դիվիզիայի հրամանատարի տեղակալը լսել էր այդ մասին եւ եկավ տեսնելու… Զարմացել էր մեր հնարամտության վրա: Մենք նաեւ ցանկացած իրավիճակում նախեւառաջ մարդասեր ենք: Շատ դեպքեր են եղել, երբ կարելի էր զենք կիրառել, բայց փորձել ենք խաղաղ լուծում գտնել: Օրինակ՝ Աֆղանստանում մոտիկ հեռավորությունից կրակեցին մեր զինծառայողների ուղղությամբ, մերոնք հասցրել էին պառկել, նրանց բան չէր պատահել: Գերմանացիները եկան եւ հարցրին` ինչու պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ վստահ էին` ցանկացած այլազգի խաղաղապահ նման պարագայում ձեռքի տակ եղած բոլոր փամփուշտները կդատարկեր: Մենք ասացինք՝ վստահ չենք, թե ով եւ որտեղից է կրակել, նման դեպքում հավանականությունը մեծ է, որ խաղաղ բնակչի կվնասենք, ավելի նպատակահարմար գտանք դիրքափոխվել: Գիտեք` շատ ավելի հեշտ է, երբ խրամատում ես: Այդ պարագայում հստակ է, որ դիմացդ հակառակորդն է, նաեւ քեզ տրված է զենքի կիրառման իրավունք, եւ եթե այն ըստ անհրաժեշտության օգտագործես, անգամ ներման խնդիր չի առաջանա: Շատ դժվար է, երբ քայլում ես մարդկանց միջով ու չգիտես` որտեղից վտանգ սպասել, որտեղից կկրակեն: Այսինքն` դու պիտի շատ պատրաստված լինես, հոգեպես հավասարակշռված, որ պահի ազդեցությամբ չգործես, չկրակես անմեղ մարդու ուղղությամբ: Խաղաղապահը պետք է յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, ինքս էլ եմ փոխվել: Նախկինում բնավորությամբ անհանգիստ էի, բայց ինչքան մեծանում է պատասխանատվությունը, այնքան ավելի հավասարակշռված ես դառնում:
Արտակն ընդգծում է, որ խաղաղապահ առաքելությունը չափազանց պատասխանատու առաջադրանք է, եւ զինվորականները չեն մոռանում, որ մեր երկիրն են ներկայացնում:
-Կարծում եմ` Հայաստանը պետք է շարունակի խաղաղապահներ ուղարկել աշխարհի թեժ կետեր: Նախ՝ մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ, լինելով տարածքով փոքր, հարեւանի հետ կոնֆլիկտ ունեցող երկիր, ի վիճակի ենք անձնակազմ ուղարկել եւ պահպանել մեկ այլ երկրի խաղաղությունը: Որպես հրամանատար կարեւորում եմ առաքելությունը նաեւ այն առումով, որ հնարավորություն է տալիս շփվելու օտարազգի զինվորականների հետ, ծանոթանում ենք այսօրվա պատերազմի կանոններին, տիրապետում նոր զենեքերի, զարգացնում մեր մարտավարամասնագիտական ունակությունները: Վերցնում եւ տեղայնացնում ենք այն, ինչ մյուսների մոտ լավ է ստացվում: Ես ընդօրինակեցի տակտիկական պարապմունքների կազմակերպման ձեւերը: Ձեռք բերած գիտելիքներս, փորձս այժմ կիրառում եմ իմ հրամանատարությամբ գործող հետախուզական վաշտում: Վաշտի անձնակազմը երբեք հանգիստ վիճակում չի լինում, անընդհատ պարապում ենք: Իմ կարգախոսն է` եթե հրամանատարը խղճում է զինվորին ուսումնական դաշտում, եթե զլանում է ամբողջ հանդերձանքով վազել ու պատրաստությանը մասնակցել, եթե մարտական պատրաստությունը փոխարինվում է տնտեսական աշխատանքով, ապա վերջում վատ թվանշանը դնում է գնդակը… Այս պահին իմ տղաները պարապում են, ու թեեւ ես այստեղ նստած զրուցում եմ, սրտով, մտքով այնտեղ եմ՝ նրանց հետ:
Խաղաղությունը յուրաքանչյուրիս համար իր ուրույն դիմագիծն ունի: Արտակի համար խաղաղությունը ասոցացվում է այս պատմության հետ:
-Մի անգամ հրահանգիչների խմբով գնացինք առաջադրանք կատարելու Արչի նահանգի գյուղերից մեկում: Տեղի բնակիչները երեւի տարիներով մեքենա չէին տեսել, խաղապահները խուսափում էին այս տարածք մտնել, վտանգավոր էր: Մենք որոշեցինք կանգ առնել: Դուրս եկանք մեքենայից, եւ մեր շուրջը հավաքվեցին երեխաներ, բոլորն էլ վարակված էին մաշկային հիվանդություններով: Վախվորած հարց ու փորձ էին անում, կարծես` այլմոլորակայիններ լինեինք: Նրանք հեռու էին քաղաքակրթությունից եւ անտեղյակ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր տղաներից մեկը ծոցատետրից թուղթ էր պոկում եւ բաժանում նրանց, դժվար էր պատկերացնել, որ աշխարհում կա մի վայր, որտեղ չգիտեն` ինչ բան է թուղթը (հուզվում է): Ես այդ թղթից ինքնաթիռ պատրաստեցի եւ նետեցի… այնպիսի իրարանցում առաջացավ, հավաքված երեխաներն իրար ձայն տվեցին, եւ ավելի քան հարյուր փոքրիկներ բոլորեցին մեր շուրջը` սպասելով, որ իրենց համար էլ թղթից ինքնաթիռ պատրաստենք: Ես երբեք չեմ մոռանա նրանց հայացքները` տխուր, պարզ ու միամիտ: Շատ ու շատ մարդիկ, անգամ մեծ գումարներ ունենալով, ամբողջ կյանքում չեն կարողանում նման մի երջանիկ պահ պարգեւել դիմացինին: Միայն այդ մի դրվագի համար արժեր խաղաղապահ դառնալ: Մենք մեր հողը պահել գիտենք ու հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտանք հակառակորդին, բայց եթե աշխարհի մեկ այլ ծայրում մեր կարիքը զգացվում է, եթե այսօր ի զորու ենք անգամ մեկ մարդու կյանք փրկել, մեկ երեխայի երջանկացնել, ուրեմն պետք է անենք:
Խաղաղապահին տանը սպասում են հարազատները, կինը եւ երկու դուստրերը:
-Երբ առաջին անգամ մեկնեցի առաքելության, աղջիկս` Գրետան, երկու տարեկան էր: Եկել էին մեր տուն նկարահանման, դուրս գալիս լրագրողը հարցրել էր` «գիտե՞ս` հայրիկդ ո՞ւր է գնում, ինչո՞վ է զբաղվելու»: Այդ մասին մենք երեխայի ներկայությամբ չէինք խոսել, բայց նա մի պահ մտածեց ու պատասխանեց` «հա», ապա ավելացրեց` «իմ պապան հերոս ա»… Իհարկե, հերոս չեմ, բայց եթե փոքրիկդ է քեզ այդպիսին տեսնում, ավելի ես պարտավորվում: Երկրորդ աղջիկս ծնվեց, երբ Իրաքում էի: Այսօր մեկը 11, մյուսը 7 տարեկան է: Հաճախում են պարի, նկարչության, դաշնամուրի, իսկ կիրակի օրերին պարտադիր գնում ենք հրաձգարան: Առանց չափազանցելու կասեմ, որ ատրճականից կրակում են ինձ նման:
-Ուզում եք` զինվորակա՞ն դառնան,- հարցնում եմ:
-Ոչ, բայց դա չի նշանակում, որ չպիտի կրակել իմանան: Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է ազգովի պատրաստ լինենք պատերազմի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ