Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



Ձեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ, սիրելի՛ հայ զինվորներ: Միշտ հիշեք, որ ձեր մայրերն ու հայրերը վայրկյաններն են հաշվում, որպեսզի նորից գրկեն ձեզ ու սեղմեն կրծքներին: Խելամիտ եղեք, դժվարության պահին մի՛ ենթարկվեք եսասիրության թելադրանքին, հիշե՛ք, որ ձեզ սիրում ու սպասում են ձեր հարազատներն ու ընկեր-ընկերուհիները: Դուք եք մեր ազգի խիղճն ու ապագան, դուք եք այսօր ապացուցում թշնամուն, որ կպահպանեք ձեր հայրերի ու մայրերի տառապանքներով ստեղծված ու պաշտպանված անկախ երկիրը ու թույլ չեք տա՝ այն նորից հայտնվի օտարի լծի տակ: Շնորհավոր ձեր Նոր տարին, խաղաղություն Հայոց երկրին:
Մարգարիտա Քարամյան

Ասլան Վարդանյան, իմ սիրելի՛ զինվոր, արդեն երկրորդ Ամանորն է, որ դու անցկացնում ես ինձնից հեռու, երկրորդ Ամանորն է, որ դու բանակում ես: Ամանորի գիշերը դու կանգնելու ես խրամատում եւ հսկելու ես սահմանը, որ քո թիկունքում ապահով նշենք Ամանորը: Մաղթում եմ քեզ խաղաղ ծառայություն եւ շնորհավորում քեզ եւ ծառայակիցներիդ` Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Լուսինե Հակոբյան

Իմ շա՜տ սիրելի զինվոր, քաջ զինվոր, մաղթում եմ քեզ առողջություն, ուժ ու կորով: Զինվորիս, որ թողած տուն ու հարազատ ամեն բան, հիմա հայրենիքի սահմաններն է հսկում ու պաշտպանում, մաղթում եմ ամենայն բարիք: Դուք հայրենիքիս ուժն եք, ձեզ բարի ծառայություն: Աստված պահապան:
Նաիրա Պետրոսյան

Սիրելի՛ զինվորներ, սրտանց շնորհավորում եմ ձեր Ամանորը, թող այս տարին ձեզ համար լինի նպատակների իրականացման, նոր հաջողությունների ձեռքբերման տարի, բարեխղճորեն ծառայեք եւ պատվով կատարեք ձեր սահմանադրական պարտքը: Իմ հորդորն է` զգո՛ն եղեք:
Լիանա Հովհաննիսյան

Այս աշխարհում հայ ժողովուրդը միայն մի ԻՐԱԿԱՆ դաշնակից ունի` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Միայն սահմանին կանգնած մարտունակ զինվորն է հետ պահում թշնամուն: Մնացածը դատարկ խոսքեր են: Մաղթում եմ բոլորիս, որ գիտակցենք ու երբեք չմոռանանք այս ճշմարտությունը, սրտի դողով վերաբերվենք մեր բանակին, սիրենք մոր, հոր, եղբոր, քրոջ, զավակի պես: Ցանկանում եմ, որ ամենքս Ամանորի առաջին բաժակը բարձրացնենք արեւշատություն մաղթելով ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ` մեր անվտանգության միակ երաշխավորին… Շնորհավոր Ամանոր, իմ անծանոթ եղբայր…
Արփի Թոփչյան

Զինվորնե՛ր ջան, դուք մեր հպարտությունն եք, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ, թող յուրաքանչյուրիդ համար 2014 թվականը լինի նպատակների, երազանքների իրականացման տարի…
Կարինա Շադյան

Աստված պահապան Ձեզ, զինվորնե՛ր ջան: Խաղաղ ու անփորձանք ծառայեք եւ անվնաս վերադարձեք ձեր օջախները: Ուրախ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Հասմիկ Շահբազյան

Ոչ միայն շարքային անձնակազմին եմ շնորհավորում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, այլեւ բոլոր զինվորականներին… Երջանիկ, ուրախ, հաջողություններով լի եւ առողջ տարի լինի բոլորիդ համար:
Սիմա Գաննոյան

Ջերմորեն եւ սրտանց շնորհավորում եմ բոլոր-բոլոր զինվորներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ցանկանում եմ խաղաղ ծառայություն, արիություն ու քաջություն` դիմակայելու ամեն մի դժվարության: Հաղթանակները թող միշտ ոգեշնչեն մեր պահապան հայ զինվորին: Շնորհավորում եմ զինվոր որդուս` Համլետի Նոր տարին, ցանկանում նրան առողջություն ու խաղաղ ծառայություն: Աստված բոլորիդ պահապան:
Մարինե Գրիգորյան

Սիրելի՛ հայ զինվոր, մենք գիտակցում ենք, թե ինչ դժվարին ու պատասխանատու գործ է քո ուսերին ընկած, մենք հպարտ ենք քեզնով, քո շնորհիվ կապրի մեր հայրենիքը: Մաղթում եմ կամք ու կորով: Շնորհակալություն քեզ, զինվո՛ր:
Թեհմին Մակոյան

Զինվորնե՛ր ջան, անկախ ամեն ինչից, միշտ եղեք հոգեպես ամուր: Թող Ամանորն իր հետ բերի լիարժեք խաղաղություն, ու թող մեր զինվորները լինեն առողջ, խիզախ ու հպարտ: Մենք ձեզ շատ սիրում ենք, ծառայեք խաղաղությամբ:
Անժելիկա Մուրադյան

Բոլոր զինվորներին մաղթում եմ առողջություն, միշտ ուժեղ եղեք, մի՛ վիճեք կողքինի հետ և մեր սահմանները ամուր պահեք: Մեր քաջ զինվորներ, հայրենիքի պաշտպաններ, թող Աստծո Աջը հովանի լինի ձեզ:
Նարինե Ավանեսյան

Զինվո՛ր, ցանկանում եմ, որ միշտ հաղթես չարին, երբեք չվնասվես ու լավ պաշտպանես մեր հայրենիքը:
Սվետլանա, 8 տարեկան

Զինվո՛ր, մեր դասատուն ասում է, որ, չնայած ցուրտ ձմռանը, դու մի քանի ժամ կանգնում եւ հսկում ես սահմանը, չես թողնում, որ թշնամին առաջ գա: Նա ասում է, որ դու շատ ուժեղ ես, անվախ, համարձակ: Շնորհակալություն քեզ: Երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու՝ քեզ նման, իսկ հիմա շնորհավորում եմ Նոր տարիդ, ոչ մի բանից ու ոչ մեկից չվախենաս:
Նարեկ, 9 տարեկան

Եղբայրս` Ալբերտ Թադեւոսյանը, ծառայում է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում: Ուզում եմ նրան եւ հայոց բանակի բոլոր զինվորներին շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն ու լավատեսություն: Թող 2014 թվականը ավելի համախմբի մեր զինվորներին, թող ավելի ամրանան ու հզորանան:
Անահիտ, բժշկական համալսարանի ուսանողուհի

Հայրենիքի պաշտպաններ, շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եղեք վստահ ձեր ուժերի նկատմամբ, եղեք եռանդուն, աչալուրջ, հետեւեք ձեր առողջությանը: Ցանկանում եմ, որ 2014 թ. ծառայեք կայունության, խաղաղության եւ ապահովության պայմաններում: Մենք էլ շուտով կմիանանք ձեզ:
Աղասի Պապիկյան,
Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Բանակ և հասարակություն


25/12/2013