Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` թիվ 44-50-ում

– Ես սվաղի շաղախն էի խառնում, մեկ էլ հետեւիցս խփեց,- ասաց թուրքմենը լացակումած:

– Լավ, Ակաև, դու գնա, մենք էդ հարցով կզբաղվենք,- սփոփելով ճանապարհեցի նրան:

Վարդանին ուղարկեցի, որ Նիզամիին բերի գործիքների պահեստ: Քիչ հետո նա եկավ Վարդանի հետևն ընկած: Տեսնելով ինձ, Գագոյին ու Աբոյին միասին՝ ասաց.

– Յա՞, գլուխ եք պահում, հա՜, ի՜նց էլ լավ տեղ է:

Մենք, իրար երեսի նայելով, սպասեցինք, թե էլ ինչ է ասելու, բայց զգալով մեր սառնությունը, զգաստացավ, փոխարենը խոսեց Աբոն.

– Նիզամի, դու տարիքով տղա ես, կարծեմ՝ քսանհինգ տարեկան կաս, ինստիտուտում ես սովորել, վարժապետություն ես արել, ուզում եմ ասել՝ քիչ թե շատ կյանքի փորձ ունես, էտենց չի՞:

– Հա,- ասաց ու գլուխը դրականորեն շարժեց:

– Հա ու ջան, բա խի՞ ես քեզ հիմարի պես պահում,- ձայնը բարձրացրեց Աբոն:

– Ինց եմ արել որ, Աբո ձան, տղերք ձան, ես ձեզ հարգում եմ, դուք ինձ համար ընկեր եք, ես ձեզ ոց մի վատ բան ցեմ անի, ես ուրիսներից եմ պահանձելու կարգուկանոն…

– Նիզամի, դու որ շա՜տ ուզենաս էլ, մեզ չես կարող որեւէ վատ բան անել, սա Օստրովը չի, ու Գերասիմովն էլ թիկունքիդ կանգնած չի, ինչի՞ ես թուրքմեններին նեղում… շալվարի կարեր ես քանդել տալիս, խփում ես աշխատող զինվորին, կալանք ես հայտարարում… ո՞վ է քեզ էդ իրավունքը տվել, ախր, ով ես դու, խի քո պես սերժանտներ էստեղ չկա՞ն…

– Աբո, տղերք ձան, ո՞վ ա տեսել, որ մալադոն սալվար նեղացնի, էդ թուրքմեններ Օստրովից Ռիգա եկել, իրենց «ստարիկի» պես են պահում, էլ ոց մեկին հասվի ցեն առնում… :

– Նիզամի,- նրան ընդհատեց Աբոն,- իսկ էդ որտեղ է գրված, որ դու, մենք՝ քո ասած «ստարիկները» պիտի շալվարը նեղացնեն, իսկ նորակոչիկը ման գա անշնորհք տեսքով, լեն-լփոշ շալվարով, չէ որ նա էլ մեզ պես զինվոր է եւ ուզում է հագնի այնպես, ինչպես մենք: Արդեն երկու շաբաթ է՝ այստեղ ես, չե՞ս տեսնում, որ դեդովշչինա չկա կամ համարյա չկա… ու գիտե՞ս՝ ինչի՞համար չկա, որովհետեւ մենք ենք ուզում, որ չլինի, որ ծառայությունը բոլորի համար նույնը լինի, որ մարդիկ հանգիստ խղճով իրենց պարտքը կատարեն ու տուն վերադառնան: Տեսե՞լ ես, որ որեւէ զինվոր չաշխատի, գլուխ պահի, գործը կիսատ թողնի…, էս ամբողջ թաղամասը զինվորների ձեռքով է կառուցվել, մարդիկ աշխատում են, բա աշխատող մարդու գլխին կխփե՞ն:

– Դու մոռացի «Գուշայի բանտը»,- շարունակեց Գագոն,- էստեղի կալանատունն էլ շինարարական զորամասերից զինվոր չի ընդունում, էնենց որ՝ քեզ խելոք պահի, տեղի-անտեղի մի պիտուխացի:

– Բա թողնենք թուրքմենը հաբռգի՞, նստի գլխների՞ս,- շարունակեց առարկել Նիզամին:

– Արաաա՜, քո կարծիքով՝ թուրքմենը մարդ չի՞, գիտես, թե ինչ լավ տղերք կան նրանց մեջ, կամ քո ցեղակիցները չե՞ն նրանք, քեզ պես թուրք չե՞ն,- փրփրած վրա բերեց Աբոն:

– Ես թուրք ցեմ:

– Բա ի՞նչ ես:

– Ադրբեձանցի եմ:

– Չեղա՞վ, որ նույն սանրի կտավ եք…, երբ պետք է լինում՝ բոլորդ միանգամից թուրք եք դառնում, պետք չի լինում՝ «դառնում եք» հայ, հրեա, արաբ, չգիտեմ՝ էլ ինչ, ես ձեր շուռ տված … Նիզամի, լսի ինչ եմ ասում ու սրանից հետո դու գիտես: Քեզ կարգին պահի, թուրքմեններին էլ չկպչես, համը հանեցի՞ր, լավ չի լինի: Էս զորամասում դու մենակ ես, նրանք՝ հազար հոգի…: Ով գիտի, մի օր էլ կարող է գնաս ծովափ, անզգուշաբար ընկնես ջուրն ու խեղդվես կամ էլ պատի տակով անցնես, տանիքից պատահական մի աղյուս կամ մի կտոր երկաթ ընկնի գլխիդ… թուրքմեններն էլ թասիբ ունեն ու իրար լավ պահում են:

Խոսակցությունը սրանով ավարտվեց: Առանց բառ ասելու Նիզամին գնաց…

Աշխատանքի վերջում կապիտան Ֆյոդորովն սպասում էր անձնակազմի մասին զեկույցին: Անհարթ, ձնածածկ շինանյութերով, շինարարական աղբով լի տարածքում դասակներին չէր հաջողվում ուղիղ շարքով կանգնել: Նիզամին կատաղած գոռում էր.

– Հավասարվե՜լ, ուղղվե՜լ, հավսա՜ր, զգա՛ստ, թողնե՜լ… հավասարվե՛լ, ուղղվե՛լ, հավսա՜ր, զգա՛ստ, թողնե՜լ… ցրվե՛լ… շարվե՜լ… հավսա՜ր, զգա՛ստ…

Կապիտան Ֆյոդորովն այլեւս չհամբերեց եւ առաջ գալով նրան հասկացրեց, որ վերջ տա…

– Ուղղվել,- ասաց, ապա քիչ սպասեց եւ շարունակեց,- վաշտերի հրամանատարները բոլո՞րն են տեղում:

– Վերջիններս արագորեն զեկուցեցին, եւ կապիտանը շարունակեց.

– Առջեւից առաջին վաշտը, այնուհետեւ՝ ըստ հերթականության, աջ ուսն առաջ՝ դեպի զորամաս, քայլո՜վ մա՛րշ…

Երեկոյան անվանականչը նույնպես չստացվեց: Նիզամին անընդհատ վեճի էր բռնվում մեզնից վեց ամիս շատ ծառայած մի քանի վրացիների եւ մեր զորակոչի տղաների հետ: Վաչիկ Մեսրոպյանը չհամբերելով՝ ասաց.

– Մի՛ մոռացիր, մեկ տարի մնաց, կզորացրվենք, հարցերդ գեղական կարգով կլուծեմ: Գայլի դրունքի մոտ կիջեցնեմ գնացքից ու հայրենակիցներիդ մոտ ջարդդ կտամ, իրենց էլ կասեմ, թե ով ես դու:

Կապիտան Ֆյոդորովի հրամանով անվանականչը շարունակեց ենթասպա Գլուշակովը:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Հոգևոր-մշակութային


25/12/2013