Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ



Մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած սիրելի՛ զինվորներ, հրամանատարնե՛ր եվ հայոց բանակի փառապանծ ղեկավարնե՛ր.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Դուք ստանձնել եք մեր հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը, որը կատարում եք պատվով և նվիրումով:

Ձեր ծառայության ամեն մի օրը գրավականն է մեր ժողովրդի ապահովության և մեր ազգի գոյատևման:

Նոր տարին Հայոց բանակում ծառայության ընթացքում դիմավորող նորակոչիկնե՛ր, զինվորնե՛ր և սպանե՛ր, հավաստիացնում եմ, որ ձեր ծնողների և ընտանիքների հետ միասին մեր սրտերը նույնպես բաբախում են ձեր հաջողության, բարի ծառայության և առողջ ու հաղթական տունդարձի համար:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք ձեր կյանքում և հայրենիքի պաշտպանության սրբազան գործում:

Խաղաղություն մեր երկրին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ

Սիրելի՛ զինվորներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ տոկունություն, խաղաղ ծառայություն եւ հավատ վաղվա օրվա հանդեպ, իսկ ձեր ծնողներին` համբերություն եւ հպարտություն իրենց զավակների հայրենանվեր ծառայության համար:

Սիրելի՛ զինվորներ, միշտ ապրեք այն գիտակցումով, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր ժամանակի հերոսն է, հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հերոսը. հիրավի, անգնահատելի է ձեր դերը մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, խաղաղության եւ կայունության պահպանման եւ ամրապնդման գործում:

Ավելի քան համոզված եմ, սիրելի՛ զինվորներ, որ ծառայությունը կավարտեք որպես գրագետ եւ պատրաստված, մեր Հայրենիքի եւ Պետության անձնվեր պաշտպաններ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀ ԱԺ փոխնախագահ

Երբ մասնակցում եմ որևէ միջոցառման, որի ժամանակ շարային քայլքով անցնում է հայ զինվորը, իմ աչքերն արցունքոտվում են։ Ես ինձ ռոմանտիկ մարդ չեմ համարում, բայց գտնում եմ, որ բանակի նկատմամբ ցանկացած մարդ պետք է ունենա այդօրինակ վերաբերմունք, առավել ևս այն զինվորների նկատմամբ, որոնք պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որովհետև հայրենիքն սկսվում է սահմանից, և նրանք, ովքեր չեն գիտակցում, որ հայրենիքն սկսվում է սահմանից, պարտադրված են լինում կերակրել ուրիշի զինվորներին։

Մեր հայրենի հող ու ջրի խաղաղությունը պահող սիրելի՛ զինվոր, շնորհավորում եմ Ամանոր և Սուրբ Ծնունդ, ցանկանում եմ կապույտ երկինք, խաղաղություն և բարի վերադարձ հայրենի օջախ։

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ

Ահա ամփոփվում է ևս մեկ տարի, որի ընթացքում է՛լ ավելի ամրապնդվեց մեր բանակը, որի հիմքը Դու ես` Հայ Զինվորը: Դու ես մեր բանակի հոգին, միտքն ու բռունցքը: Անցնող տարում ստիպված ես եղել դիմադրել հին ու նոր հոգսերին, լուծել նոր խնդիրներ ու պատվով կատարել քո ուսերին դրված ծանրագույն պարտականությունը` ապահովել քո զավակների, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների խաղաղ քունը:

Գալիք տարում մաղթում եմ անկոտրում կամք, է՛լ ավելի ամուր բազուկ ու խաղաղասերի փառք:

Մեր Զինվոր, շարքային, թե՛ գեներալ, լինես առողջ, ստեղծագործ` պաշտպանական գործում, անզիջում` թշնամուն դիմակայելիս, ու հպարտ, որ ծառայում ես քո հայրենիքին: Դու արթուն ես մեր երկրի սահմաններին, որպեսզի դրանից ներս մենք կերտենք հզոր հայրենիք, խաղաղ, բարեկեցիկ ու ստեղծարար հայրենիք:
Մաղթում եմ, որ 2014 թվականին այդ խաղաղությունն ու բարեկեցությունը զարդարեն ձեր ծառայությունն ու ջերմացնեն ձեր ընտանիքները: Կապույտ երկինք մեզ բոլորիս:

Շնորհավոր գալիք Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

Սիրելի՛ զինվորներ և սպաներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, պինդ նյարդեր, տոկունություն, երջանկություն և հաջողություն: Ես խոնարհվում եմ մեր այն հայորդիների առջև, որոնք այսօր` այս դժվարին պայմաններում, պաշտպանում և անառիկ են պահում մեր սահմանները:

Կուզենայի, որ յուրաքանչյուր զինվոր գիտակցի իր կարևորությունը և վստահ լինի, որ յուրաքանչյուրս ընկալում ենք, թե ինչպիսի դժվարին, բայց նվիրական գործ է նա կատարում: Իմ ամենամեծ ցանկությունը կլիներ, որ յուրաքանչյուր զինվոր իր ծառայությունն ավարտի խաղաղ պայմաններում և նույն նվիրումով քաղաքացիական կյանքում ծառայի մեր պետության և իր ընտանիքի զարգացման համար:

Բարին ընդ ձեզ, թող ամանորյա տոները ձեզ ուրախ օրեր ու դրական լիցքեր պարգևեն, թող այս տարին լինի ձեր նվիրական երազանքների իրականացման տարի:

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Բանակ և հասարակություն


25/12/2013