Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ



2013 թվականը մեր տարածաշրջանի համար նշանավորվեց սիրիական ճգնաժամի հետ կապված զարգացումներով, ընտրական գործընթացներով և ռազմաքաղաքական ուղեծրերի վերագնահատմամբ: Նկատելի է Ռուսաստանի ակտիվության մեծացումը, իսկ նախագահական ընտրություններն Իրանում հանգեցրին Սիրիայի շուրջ դիվանագիտական լարվածության մեղմացմանը: Թուրքիայի իշխող վերնախավը վերջնականապես տապալեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և ստիպված եղավ ոչ միայն սրբագրել իր արտաքին, այլ նաև ներքաղաքական սխալները:

ԻՐԱՆ

Քաղաքական տարին տարածաշրջանի համար սկսվեց միջուկային ծրագրերի վերաբերյալ Թեհրանի հայտարարությամբ. վերահաստատվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի` 7 տարի առաջ հրապարակված ֆեթվան («հրովարտակ») միջուկային զենքի արգելք սահմանելու մասին: Ֆեթվայի «վերակենդանացումն» արվեց Իրանի վրա արևմտյան երկրների աճող քաղաքական ճնշման, նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում: Նոյեմբերի 24-ին Ժնևում Թեհրանն ու «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են հասել, ըստ որի՝ Իրանը կկրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային փորձագետներին հնարավորություն կտրամադրի հանգամանալի ստուգումներ անցկացնելու, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Ավելին` ԱՄՆ-ի իշխանությունները «ապասառեցրին» Իրանի 8 մլրդ դոլարի չափով ակտիվները:

Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին նոր երանգ հաղորդեց Իրանում հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում չափավոր ուժերի ներկայացուցիչ Հասան Ռոուհանիի հաղթանակը: 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց ունեցավ իրանցի իր գործընկերոջ հետ` խոսելով միջուկային ծրագրի շուրջ: Կողմերը պայմանավորվեցին հասնել բանակցությունների ցանկալի արդյունքի:

Իրանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության փոփոխությունը կարող է պայմանավորված լինել Սիրիայի ճգնաժամի անլուծելիությունից հոգնածությամբ, իսլամիստ ծայրահեղականների հանդեպ վախի մեծացմամբ, ինչպես նաև նրանով, որ Թեհրանի դեմ պատժամիջոցներից շահում են Մոսկվան և Պեկինը: Վերջինս, օգտվելով իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցներից, գնում է այն բավական ցածր գնով, մեծացնելով իր ազդեցությունն իրանական վերնախավի վրա:

Արևմուտքի հետ հարաբերությունների ապասառեցման շնորհիվ Իրանի կողմից նոր դիրքեր գրավելու հավանականությունն առաջ է բերել տարածաշրջանի մի շարք երկրների հիմնավոր անհանգստությունը, առաջին հերթին` Թուրքիայի, մանավանդ որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Իրանը փորձում է նոր որակի հարաբերություններ հաստատել տարածաշրջանային իր մրցակից Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների հետ:

2013 թվականի ընթացքում նկատվել է լարվածություն նաև Թեհրանի և Բաքվի միջև, որը պայմանավորված էր Ադրբեջանում շիա բնակչության, մասնավորապես՝ թալիշների հանդեպ խտրականության դրսևորումների հաճախակիացմամբ, ինչպես նաև` Հյուսիսային Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններով. աշնանը մի քանի միջադեպ է արձանագրվել իրանա-ադրբեջանական սահմանին:

ԹՈՒՐՔԻԱ

2013 թվականը Թուրքիայի համար նշանավորվեց թե՛ արտաքին քաղաքականության մեջ, և թե՛ ներքին կյանքում բազմաթիվ խնդիրների առկայության բացահայտմամբ:

Անկարան շարունակում էր հանդես գալ Սիրիայի շուրջ ճգնաժամում իր սցենարներով և նախաձեռնություններով, որոնք, սակայն, անտեսվեցին իր արևմտյան գործընկերների կողմից: Ավելին, Թուրքիան կանգնեց իր տարածքային ամբողջականության խախտման հնարավոր սպառնալիքի ուրվագծման առջև. Անկարայում մեծապես անհանգստացած են, որ Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդական ինքնավարությունների միավորման հետևանքով օրակարգային է դառնալու նաև Թուրքական Քուրդիստանի ինքնավարության հարցը: Մարտին Թուրքական վերնախավը կարողացավ մի փոքր շունչ քաշել քրդական հարցի շուրջ, երբ բանտարկության մեջ գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր զինակիցների համար անսպասելի կոչ արեց քրդական զինված ուժերին դուրս գալու Թուրքիայի սահմաններից: Թուրքական վերնախավը, թերևս, ավելի հակված է հետևելու 1923 թվականի Լոզանի պայմանագրի դրույթներին և հայերին հնարավորություն տալու Թուրքիայում վերստեղծել մշակութային ինքնավարություն, նույնիսկ առերես ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը` ամենամեղմ փոխհատուցման եղանակով, քան մոտակա ժամանակներում ներքաշվել Անկախ Քուրդիստանի ստեղծման շուրջ տարածաշրջանային լրջագույն բախման մեջ և կանգնել տարածքների կորստյան վտանգի առջև:

Ապարդյուն անցան նաև Եվրամիությանն անդամագրվելու բանակցությունները, իսկ Եգիպտոսում գարնանը տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ իսլամիստ նախագահ Մուրսիին սատարելու մասին հայտարարությունները նորից վատթարացրին հարաբերությունները վաղեմի դաշնակից Իսրայելի հետ: Օգոստոսին ՄԱԿ-ում տապալվեց Եգիպտոսում վերսկսված քաղաքացիական պատերազմի շուրջ քննարկումներ սկսելու Անկարայի նախագիծը: Նման պայմաններում Թուրքիային այլ ելք չէր մնում, քան վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ` ապարդյուն փորձելով համոզել Մոսկվային Հարավային Կովկասում երկուստեք շահավետ քաղաքականություն վարել:

Անկարան ստիպված եղավ փոխել նաև Հայաստանին վերաբերող հայտարարությունների ոճը. դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր երկրի լրատվամիջոցներին հայտարարեց, որ հայաստանցի իր գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ խոսվել է «երկու ժողովուրդների միջև պատմական անցյալի բաց և թափանցիկ քննարկման, Կովկասում առկա խնդիրների մնայուն լուծում գտնելու, տարածաշրջանի տնտեսական զարգացման և Հայաստանի տնտեսական ինտեգրման կարևորության մասին»:

Արաբական երկրներում հեղափոխական ալիքին սատարող Թուրքիան 2013 թվականին ինքը ցնցվեց բազմահազարանոց ցույցերից, որոնց բռնի ճնշման հետևանքով ե՛ւ քաղաքացիական բնակչության, ե՛ւ ոստիկանների շրջանում եղան հարյուրավոր զոհեր, հազարավոր ձերբակալություններ: Միջազգային հանրությունը խստորեն դատապարտեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործելաոճը, հնչեցին նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքներ: Որպես հետևանք` վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի դիրքերը սասանվեցին թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս:

ԱԴՐԲԵՋԱՆ

Սեպտեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Ալիևյան վարչակարգը շարունակում էր տարիների որդեգրած քաղաքականությունը` ապակառուցողական վարքագիծ դրսևորել Ղարաղաղյան կարգավորման հարցում և չկաշկանդվել ռազմատենչ հայտարարություններով: Սևեռելով ուշադրությունը միայն բյուջեի ռազմականացման և հակահայկական քարոզչության վրա, ադրբեջանական վերնախավը անտեսեց հասարակության լայն խավերի սոցիալ-տնտեսական վիճակը, որը հունվարին հանգեցրեց զանգվածային անկարգությունների և զոհերի Իսմայիլի քաղաքում: Ալիևյան իշխող համակարգը կրկին փորձեց ներքաղաքական լարվածությունը տեղափոխող այլ դաշտեր` սադրանքներ կազմակերպելով հայ-ադրբեջանական սահմանին և ուժեղացնելով այլատյացության քարոզչությունը: Հոկտեմբերին Մոսկվայում ադրբեջանցի մարդասպան Օրհան Զեյնալովի ձերբակալությունը Ադրբեջանում հանգեցրեց հակառուսական մեծ հիստերիայի, որի հետևանքով նույնիսկ սպառնալիք առաջացավ ադրբեջանաբնակ ռուսական համայնքի ֆիզիկական անվտանգության համար:

Հակառուսական նման դրսևորումները կարելի է համարել Ալիևների վարչակարգի կողմից ուղղորդված, քանի որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած այցի ընթացքում երկկողմ հարաբերություններում նկատվեց որոշ լարվածություն` կապված թե՛ Ռուսաստանի համար խիստ կարևոր Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանքի վարձակալության, թե՛ Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման եղանակների, թե՛ էներգակիրների և թե՛ տարածաշրջանային ընդհանուր քաղաքականության հետ:

Բաքու և Երևան Պուտինի այցերից հետո ադրբեջանական իշխող վերնախավը չափավորեց իր հայտարարությունները` միջազգային ատյաններում նորից հանդես գալով «զոհի» կարգավիճակում: Սակայն Արևմուտքը Ադրբեջանին հասկացրեց, որ նրանից պետք են միայն էներգակիրները: Այդ պատճառով Եվրամիությունը բավական չեզոք արձագանքեց այն փաստին, որ Բաքուն այդպես էլ չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: Նման «համեստ» պահվածքը հնարավորություն տվեց հանդիպելու հայկական կողմին Ղարաբաղյան բանակցային սեղանի շուրջ ոչ միայն արտգործնախարարների, այլև` նախագահների մակարդակով:

Այդ համատեքստում եթե դիտարկենք Իրանի հետ ԱՄՆ և ԵՄ հարաբերությունների ապասառեցումը, ապա կարելի է փաստել, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանը դուրս է գալու Արևմուտքի գերակայությունների օրակարգից: Հասկանալով դա, Բաքվում պատրաստվում են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների: Միգուցե դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական վերնախավը պատրաստվում է հանրապետությունը դարձնել դաշնություն և փոխել Նախիջևանի կարգավիճակը: Առաջին քայլն արդեն արված է` 5-րդ բանակային կորպուսին տրվեց առանձին բանակային միավորման կարգավիճակ:

ՎՐԱՍՏԱՆ

2013 թվականը Վրաստանի համար նշանավորվեց «Վարդերի հեղափոխության» արդյունքերի վերջնական տապալումով. հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին կորցրեց ոչ միայն խորհրդարանը, այլ նաև նախագահական իր պաշտոնը: Երկրում իշխանությունն ամբողջությամբ անցավ Ռուսաստանի հանդեպ չափավոր քաղաքականության կողմնակից «Վրացական երազանք» դաշինքին:

Դեռ մարտին Վրաստանի խորհրդարանը որոշում էր կայացրել, որ երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է լինելու ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելը, ինչպես նաև` Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչած երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Սակայն արդեն անցած շաբաթ ե՛ւ Թբիլիսին, ե՛ւ Մոսկվան խոսեցին երկու երկրների միջև արտոնագրային ռեժիմի ու տարանցիկ փոխադրումների դյուրացման մասին:

Քաղաքական ուղեգծի նման փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև` ռազմաքաղաքական լուրջ մարտահրավերների առկայությամբ: Թբիլիսիում հասկանում են, որ Ադրբեջանից Թուրքիա իր տարածքով էներգակիրների տեղափոխման նախագիծը դեռ երկար կմնա թղթի վրա, բացի այդ, դրանով երկիրը հիմնականում կապող օղակ է լինելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև ու տնտեսական և էներգետիկ կախվածության մեջ է հայտնվելու նրանցից:

Վիլնյուսում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանի համար ստեղծեց շրջադարձային մի իրավիճակ, քանի որ Թբիլիսին մի շարք նոր պարտավորություններ ստանձնեց նաև ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` ջավախահայության հանդեպ:

Իր հերթին Հայաստանի անդամակցումը Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին հնարավորություն է տալիս Վրաստանին դառնալու նաև տարանցիկ երկիր ՌԴ-ի և ՀՀ-ի միջև: Ու թեև Թբիլիսիին խանգարում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչված լինելը, առավել հավանական է, որ պաշտոնական Թբիլիսին ավելի շատ կմղվի Մաքսային միության հետ հնարավոր համագործակցության, քան դեպի թուրք-ադրբեջանական էներգակիր նախագծերի իրականացում:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Տարածաշրջան


25/12/2013