ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ` Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
Հարգելի խմբագրություն
Սիրով եմ ընթերցում ձեր թերթն ու անհամբերությամբ սպասում յուրաքանչյուր համարի լույսընծայմանը։ Որպես ընթերցող` ցանկանում եմ շնորհավորել հայոց բանակի նվիրյալներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, նաև` իմ մայրական երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, ովքեր հոգատար են զինվորի նկատմամբ։
Որդիս ծառայում է արևելյան բարձրլեռնային սահմանագոտու զորամասերից մեկում` անառիկ պահելով հայրենիքի սահմանը։ Վերջերս մարտական դիրքերից վերադառնալուց հետո որդուս առողջական վիճակը վատացավ, և նրան տեղափոխեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի պետն է փոխգնդապետ Վարուժան Հակոբյանը։ Ուզում եմ դիմել նրան.
– Սիրելի բժիշկ, շնորհակալություն Ձեր վերաբերմունքի, անձնուրաց աշխատանքի և նվիրումի համար։ Երախտապարտ եմ Ձեզ այն բանի համար, որ Դուք հոգատար եք եղել զինվորի` իմ որդու նկատմամբ։ Գլուխ եմ խոնարհում Ձեր ղեկավարած բուժանձնակազմի, բժշկուհի Սաթենիկ Մինասյանի և բուժքույրերի առջև։ Առիթից օգտվելով` շնորհավորում եմ Վարդենիսի զինվորական հոսպիտալի ողջ անձնակազմի գալիք Ամանորը։ Մաղթում ենք անամպ ու խաղաղ երկինք, առողջություն և երջանկություն, երկար կյանք։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նաև որդուս գումարտակի հրամանատար փոխգնդապետ Անդրանիկ Վարդանյանին։ Ես միշտ հանգիստ ու խաղաղ եմ եղել, որ որդիս շրջապատված է լավ ու բարի ընկերներով, իսկ հրամանատարը հոգատար, մեծահոգի զինվորական է, ով հայրաբար սիրել, օգնել է նրանց և իր խորհուրդներով լավ ուսուցիչ է եղել։ Բանակում ծնողն ու ուսուցիչը հրամանատարն է։
Որպես ծնող` դիմում եմ նաև զինվորներին.
– Իմ հայ զինվորներ, սիրեցեք ձեր հայրենիքը, եղեք ներողամիտ, համբերատար և գնահատեք ձեր երիտասարդությունը, հիշեք նաև, որ ձեզ սպասում են։ Սիրեցեք միմյանց:
Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղություն եմ մաղթում բոլորին։ Ամանորի գիշերը առաջին բաժակը կբարձրացնենք սահմաններում կանգնած` մեր հայրենի եզերքը պաշտպանող հայորդիների համար, որոնց շնորհիվ մենք ապրում և արարում ենք։ Կհիշենք նրանց, ովքեր ներկա չեն ու բացակա չենք դնի…
ԵՐՋԱՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
զինծառայող Սերգեյ Մարգարյանի մայր
Վայոց ձոր